Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին. Միրզոյանը` արգենտինյան ԶԼՄ ներկայացուցիչներին

Մարտ 26,2024 23:40

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերություններին, երկու երկրների միջև առկա պատմական կապերին, գործընկերության օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին: Ընդգծվել է առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համարժեք տնտեսական կապեր զարգացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է իր արգենտինացի գործընկերոջ հետ նախօրեին կայացած քննարկումները՝ տեղեկացնելով փոխադարձ այցի հրավերի մասին:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների, ներկայիս առաջնահերթություններին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը:

Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին: «Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը հաշվի է առնում թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային լոգիստիկ ուղիների վերաձևավորումները: Նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ միանշանակ հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքներին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031