Հայտարարություն
Ադրբեջանի կողմից մարտի 28-ին նախատեսված կեղծ և շինծու ֆիլմի ցուցադրության վերաբերյալ
Ադրբեջանի Հանրապետության կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով կոպտորեն խախտվել և առայսօր շարունակվում են խախտվել մարդու իրավունքների հիմնարար նորմերը, որոնք իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն ազգային օրենսդրության շրջանակներում, այլև մի շարք միջազգային իրավական ակտերում։
Կարդացեք նաև
Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը թիրախավորել էր Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով միջազգային փաստաթղթերով արգելված զինատեսակներ, կասետային հրթիռներ։ Այս և այլ վայրագությունների արդյունքում մահացել և տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել մի շարք խաղաղ բնակիչներ, որոնց թվում էին մանկահասակ երեխաներ, տարեցներ, հղի կանայք։
Տասնյակից ավել մեր հայրենակիցներ, այդ թվում նաև Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ, գերեվարվել են Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը օգտագործելով գերիների խոցելի վիճակը՝ օգտագործում է վերջիններս՝ իր քարոզչական նպատակների իրականացման համար։ Մասնավորապես, Ադրբեջանը եթեր էր հեռարձակել Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարներին պարտադրված հարցազրույցների հիմքով պատրաստված կեղծ և շինծու ֆիլմի անոնսը, որը Ադրբեջանի իշխանությունները վերնագրել են «Անտիտեռոր»։
Ադրբեջանի այս հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաև գերիների նկատմամբ դրսևորվող ապօրինի գործողությունները խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի հիմնարար դրույթներ։
Ելնելով վերոգրյալից, կոչ ենք անում ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և ՀՀ-ում գործող դեսպանություններին ձեռնարկել գործուն միջոցներ՝
- Ադրբեջանի կողմից գերեվարված բոլոր անձանց շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ,
- մինչև բոլոր գերիների ազատ արձակումը՝ կանխելու նրան խոցելի վիճակի որևէ կերպ օգտագործումը, այդ թվում քարոզչական նպատակներով,
- կանխելու կեղծ և շինծու տեղեկությունների վրա հիմնված ֆիլմի ցուցադրությունը։
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`
- «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ
- «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
«26» մարտ, 2024