Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
Ողջունելով հյուրին նախագահը շեշտել է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վասիսլոս Մարագոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնում է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման գործին:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող տարբեր ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, կրթության, տնտեսական և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարներին:
ԵՄ պատվիրակության ղեկավարը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել առաջիկայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումները:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրների համալիր լուծման հնարավորություններին և ուղղություններին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ, որն իր կարևոր դրական ազդեցությունն ունի սահմանային լարվածության նվազման գործում:
ՀՀ նախագահի աշխատակազմ