Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Իշխանությունը պետք է իմանա, որ եթե երկիրը հանել է աճուրդի, կգտնվեն մարդիկ, որոնք ամեն միջոց կկիրառեն, որպեսզի կանխեն դա»

Մարտ 26,2024 19:20

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը խոսելով Նոր Նորքի ոստիկանական բաժնի վրա երեք անձանց հարձակման մասին՝ ասաց. «Տեղի է ունեցել աննախադեպ գործողություն երեք քաղաքացիների կողմից: Թե նրանք ինչ կազմակերպության, որ կուսակցության ներկայացուցիչ են եղել, էական չէ: Փաստն այն է, որ տեղի է ունեցել կոնկրետ գործողություն՝ զինված հարձակում Նոր Նորքի ոստիկանական բաժնի վրա:

Բայց յուրաքանչյուր հանցագործություն բացահայտելու եւ հանցագործությունը ճիշտ որակելու համար անհրաժեշտ է նախ պարզել, թե ինչու տեղի ունեցավ դա, ինչն էր պատճառը: Արձանագրենք, որ մինչեւ այս պահը ոստիկանությունը կամ քննչական կոմիտեն որեւէ կոնկրետ տեղեկություն չեն հրապարակում, թե այս անձինք, որոնց արարքը որակել են քրեական օրենսգրքի հենց ահաբեկչության հոդվածով, ի՞նչ պահանջ էին դրել:

Եթե հանցագործությունը կատարվում է կոնկրետ ահաբեկչական գործողությունով, բնականաբար, կոնկրետ պահանջ պետք է ներկայացվի ինչ-որ խմբի, ինչ-որ անձանց: Ահաբեկչությունը որպես այդպիսին, պայթյուն լինի, հրկիզում կամ հանրային վտանգ ներկայացնող եղանակով առանձին շենք-շինություն զավթելն է: Հետեւաբար, այս անձինք, որ նման գործողություն են կատարել, կոնկրետ պահանջ պետք է հղեին:

Բաց հարթակներում այդ պահանջի բովանդակությունն արդեն տրվում է եւ շատերն արդեն ընթերցել են կամ  տեսել, որ այս անձանց կողմից կատարված նման գործողությունը ուղղված է եղել կոնկրետ իշխանությանը՝ պահանջելով, որպեսզի Հայաստանը մինչեւ վերջ չկործանի, որ Տավուշի հողերը չհանձնի թշնամուն եւ վերջին հաշվով հայանպաստ որեւէ գործողություն անի:

Իրավիճակն այնպիսին է, որ եթե փորձենք զուտ մասնագիտական աչքով նայել, ապա կտեսնենք, որ այս անձինք գործնականում գնացել էին ինքնասպանության: Մենք այդպիսի գործողությունները չենք ողջունում: Նրանք ավելի շատ սիրողական մակարդակի մարդիկ էին, որովհետեւ իրենց կատարած գործողությունների արդյունքում հենց իրենք տուժեցին: Նռնակներից մեկը պայթեց հերթապահ մասի դռան առջեւ, որից հետո երկու հոգի ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ ստացան եւ տեղափոխվեցին հիվանդանոց:

Հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը, արձանագրենք եւ նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր է:

Այս իշխանությունները պետք է պատկերացնեին, որ իրենց վարած ազգադավ քաղաքականության համար այս դեպքերը անխուսափելի են դառնում: Կրկնում եմ, չեմ ողջունում նման գործողությունները, բայց սրանք պետք է հասկանան, որ եթե իրենք երկիրը հանել են աճուրդի, ծախում են, կգտնվեն մարդիկ, որոնք ամեն միջոց կկիրառեն, որպեսզի կանխեն դա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031