Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նույնականացվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ․ Գրիգոր Մինասյան

Մարտ 26,2024 18:55

«Մենք ունենք նախնական նոր հայեցակարգ, որն ուղարկել ենք կառավարություն, բայց դրա գործընթացում, բոլորս ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ եւ այժմ սպասում ենք վարչապետի հետ հանձնաժողովի, Սահմանադրական խորհրդի հանդիպմանը, որից հետ հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք՝ արդյո՞ք մեր ուղղություններում փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ ենք նախատեսում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների մասին հարցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։ Մտահոգություններ հնչեցին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է արվում ՀՀ անկախության հռչակագրին, խոսվում է Արցախի մասին, նաեւ, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։

Ըստ նախարարի՝ ՀՀ Սահմանադրության նախաբանի վերաբերյալ դեռևս քննարկում չի եղել. «Բացի այն հատվածից, որը եղել է, այլ քննարկումներ չեն եղել, իսկ գաղափարական մտագրոհների արդյունքում, թե ինչ նոր ուղղություններ ենք նախատեսելու, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձեզ կներկայացնի։ Իրականացնում ենք ներքին աշխատանքներ։ Այն հոդվածները, որոնց մեջ մենք խնդիրներ ենք արձանագրել, այս պահին իրականացվում է այս պահին ներքին մոնիթորինգ ու վերլուծություն, բայց բուն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մեկ անգամ է հավաքվել, և որոշել ենք քննարկել վարչապետի առաջարկները»:

Ըստ Գրիգոր Մինասյանի, Սահմանադրական բարեփոխումների հարցը ընթացքի մեջ է, հետագա աշխատանքները նույնականացվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ։

Լրագրողները նախարարից նաեւ հետաքրքրվեցին՝ որքանո՞վ է ճիշտ, որ Բաքվում ունենալով բազմաթիվ հայ ռազմագերիներ, Հայաստանի կառավարությունը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին վերադարձրեց ադրբեջանցի գերուն:

Գրիգոր Մինասյանը պատասխանեց՝ դրանք քաղաքական որոշումներ են։ Իր կարծիքով, նման որոշումները, այս բարդ աշխարհաքաղաքական վիճակում, մեզ հնարավորություն են տալիս թե միջազգային ատյաններում, թե երկրի ներսում, ավելի ճիշտ դիրքավորում ունենալ:

Պատասխանելով հարցին, որ Հայաստանը պատրաստվում է հետ վերցնել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերը, ինչի հնարավորությունը չէր բացառել Նիկոլ Փաշինյանը, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Չեմ կարող մեկնաբանել, դրանք զուտ խոսակցությունների փուլում են։ Եթե դա քննարկման փուլ է, կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ այս կամ այն գործով հաշտության գնալ, ինչպես բոլոր պրոցեսներում»։

Գրիգոր Մինասյանը պատասխանեց նաեւ Ադրբեջանի կողմից 18 տավուշցիների նկատմամբ հետախուզում հայտարարելուն վերաբերվող հարցին, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է Բաղանիս, Այրում գյուղերում, 1990-ականների սկզբին իբրև թե ցեղասպանություն իրագործելու համար:

«Եթե լինեն իրավական գործընթացներ, մեր միջազգային հարցերի գրասենյակը համապատասխան միջոցներ կձեռնարկի  միջազգային հարթակներում մեր իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը և՞ս կարող է հայելային կերպով հետախուզումներ հայտարարել, նախարարը պատասխանեց․ «Կարող եմ վստահեցնել, որ մեր իրավական բլոկը, մասնավորապես, այստեղ ներգրավված է միջազգային իրավական հարցերով գրասենյակը, իրականացնում է բոլոր համաչափ իրավական գործընթացները։ Ականատես ենք լինում բազմաթիվ միջազգային հարթակներում և այլ հարթակներում մեր պետության իրավունքները պատշաճ կերպով պաշտպանելուն»։

Թե ինչո՞ւ է այս փուլում Ադրբեջանը սկսել հայցեր ներկայացնել, երբ խոսում է Տավուշի մարզում չորս գյուղերի հետ վերադարձի մասին, նախարարը չցանկացավ մեկնաբանել, ասաց՝ ենթադրություններ ունի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031