«Պարոն Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների և հրապարակային հոդվածների հեղինակ է, եթե ոչ ինքը, ապա ո՞վ պետք է քննարկման առարկա դարձներ նման ցայտուն և արտառոց դեպքերը, ինչպիսիք նշված են հրապարակման մեջ»,-Երևանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում Վայոց ձորի ՔՊ-ական նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանն՝ ընդդեմ իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց նրա ներկայացուցիչ փաստաբան Զարուհի Նախշքարյանը։
Հիշեցնենք` 2023-ի հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանը գրառում էր կատարել, որում խոսել էր դաժան ծեծի ենթարկված և 4 տարի անց կոմայի մեջ գտնվող ու այդպես էլ մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործի մասին: Հայցը վերաբերվում է գրառմանս հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։
Զարուհի Նախշքարյանը դատարանի դահլիճում մի շարք հարցադրումներ արեց, որոնց վերաբերյալ հայցվոր կողմի պահանջներն իրենց համար հասկանալի չեն․ օրինակ՝ պատասխանատու բառի վերաբերյալ։ Փաստաբանը հիշեցրեց՝ հայցին կից կա Քննչականի գրություն, որը վկայում է, որ Տրդատ Սարգսյանը 12․09․ 2019-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չի եղել դեպքի վայրում, հայցվորը փորձում էր հիմնավորել, որ քրեական պատասխանատվության մասին խոսք չի գնում։ Զարուհի Նախշքարյանն այս առիթով ասաց․ «Քրեական բառ չի էլ պարունակում այդ արտահայտությունը։ Նայել եմ բառարաններ։ Պատասխանատու բառի բացատրություններից որևէ մեկը ըստ վերը վկայակոչածների՝ ինքնին չի նշանակում քրեական պատասխանատվություն, և պատասխանատու բառի հետ պետք է քրեական ածական օգտագործվի, որը տվյալ դեպքում բացակայում է։ Սա նշանակում է, որ հայցվորի պնդումն առ այն, որ Ավետիք Իշխանյանի հրապարակման՝ հայցվորին վերաբերող հատվածի բովանդակությունը հերքվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությամբ, սին ու առարկայազուրկ է»։
Մյուս հարցը վերաբերում էր «վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը» արտահայտության հետ կապված՝ հայցվորի պահանջին։ Զարուհի Նախշքարյանն ասաց․ «Հայցվորը չի նշել, թե կոնկրետ ո՞ր արտահայտությունն է գնահատվում իր կողմից զրպարտություն։ Այս կոնկրետացումը հայցով չունենք»։
Կարդացեք նաև
Փաստաբանի փաստմամբ՝ այս դեպքում խոսքը մի վերլուծական նյութի մասին է, որը պատասխանողի էջով է տարածվել և ուղղված չի եղել հայցվորին, այլ միտված է եղել հասարակության մեջ այս կամ այն հարցի վերաբերյալ քննարկում իրականացնելուն։
Զարուհի Նախշքարյանը նաև շեշտեց՝ վիճարկելի հրապարակման օրվա դրությամբ՝ ինչպես նաև առ այսօր այդպես էլ պարզաբանում չկա այն հանգամանքի հետ կապված, թե հայցվորը ներկա՞ է գտնվել այդ միջադեպին, թե՝ ոչ, այն հերքվո՞ւմ է, թե՝ ոչ․ «Դեռևս հարցականներ կան, որոնք պարզաբանում չունեն։ 10․01․2023-ի դրությամբ գործի դատաքննությամբ արձանագրված է, որ նախաքննության ընթացքում հարցաքննված վկաներից առնվազն երկուսը դատաքննությամբ պնդելով իրենց նախաքննական ցուցմունքը, հաստատել են, որ սույն գործով հայցվորը ներկա է գտնվել միջադեպին։ Սա չի խոսում այն մասին, որ ներկա գտնվելն իր հետևից քրեական պատասխանատվություն պիտի բերի, այլ նրա մասին, որ Տրդատ Սարգսյանի վերաբերյալ հասարակության շրջանում կարող էր ձևավորվել կարծիք, քանի որ այն հանգամանքը, որ երկու վկաները ցուցմունք են տվել այն մասին, որ նա միջադեպին ներկա է եղել, դրա մասին տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ների կողմից»։
Զարուհի Նախշքարյանը, հղում կատարելով Տրդատ Սարգսյանի՝ մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմումին, ասաց․ «Հիմք ընդունելով այն, որ 24․09․2019-ին Վայոց ձորի մարզպետը հրաժարական տվեց և հայտարարություն տարածեց, որտեղ նշել է՝ այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքի հետ, բայց դրանից ավելի կարևոր է նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորություններս։ Այլ կերպ ասած նա անձամբ հայտարարություն է տարածել, որում ընդունել է իր քաղաքական պատասխանատվությունը, որը համահունչ է Իշխանյանի հրապարակման բովանդակությանը։ Ուստի խնդրում եմ հայցը մերժել քաղաքացիական օրենսգրքի այն դրույթի հիմքով, որ հրապարակումը չի համարվում զրպարտություն, եթե այն բխում է հայցվորի ելույթից կամ պատասխանից, կամ դրանից ելնելով փաստաթղթից»։
Տրդատ Սարգսյանի պաշտպանն առարկեց՝ իր համար անհասկանալի է, թե ինչ լրացուցիչ հիմք է ներկայացնում Ավետիք Իշխանյանի ներկայացուցիչը։
Նախագահող դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել՝ պատճառաբանելով այսօրվա դատական նիստի ընթացքում ժամանակի սղությունը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ