Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզվել է. նա հետախուզվում է

Մարտ 26,2024 17:51

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2024 թվականի մարտի 21-ին Երևանի քաղաքի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացուց օդաճնշիչ ատրճանակով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները։

Նշված օրը՝ ժամը 11:26-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նրանից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը, ով 25-ամյա երիտասարդ է։

Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2024թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, սիրահարների այգում ետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։

Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Վերջինս, փախուստի ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։

Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031