Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արսեն Թորոսյանի հրամանով փոփոխված՝ կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը սահմանող որոշ կարգավորումներ

Մարտ 26,2024 17:25

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել առողջապահության նախարարի (Արսեն Թորոսյան) հրամանով փոփոխված կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը սահմանող որոշ կարգավորումներ։

Այս որոշումը դատարանը կայացրել է 2022 թվականին, որից հետո նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս տարվա մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը որոշել է առողջապահության նախարարության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել եւ անփոփոխ թողնել վարչական դատարանի 2022 թվականի որոշումը, որով, փաստորեն, նախարարի վիճելի հրամանները անվավեր եւ ոչ իրավաչափ են ճանաչվել։

Ա․ Հայրապետյանը, որի հայրը 2020 թվականին մահացել է կորոնավիրուսից, դիմել էր դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի հրամանը, որով խմբագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը եւ սահմանվել՝ «․․․Առողջության առաջնային պահպանման հաստատության աշխատաժամերից դուրս եւ ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում` պացիենտը հոսպիտալացվում է, եթե առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե»:

Ա․ Հայրապետյանի՝ դատարանին ներկայացրած փաստարկների համաձայն՝առողջապահության նախարարի 10.04.2020 թվականի թիվ 1239-Ա հրամանի՝ 2020թ. հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 5, 6-րդ կետերը թույլ չեն տվել հոսպիտալացնել այն անձանց, որոնց մոտ առկա չի եղել մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե, փոխարենը նրանք ուղղորդվել են քաղաքային պոլիկլինիկաներ, որտեղ, սակայն, չի տրամադրվել բուժառուներին որակյալ բուժօգնություն:

Արդյունքում դիմողի հայրը, ունենալով կորոնավիրուսային հիվանդություն, չի ստացել որակյալ բուժօգնություն՝ մահացել է: Ընդ որում, առողջապահության նախարարի 21.05.2020 թվականի թիվ 1606-Ա հրամանով հաստատված «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգի»՝ 2020թ. հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 1, 2-րդ կետերը չեն սահմանել կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս նմուշառում կատարելու հստակ ժամկետներ։ Սրա արդյունքում Հայրապետյանի հորը նմուշառել են միայն 2020 թվականի. հունիսի 19-ին՝ այն պայմաններում, երբ կանչը տրվել է հունիսի 16-ին, իսկ հոսպիտալացրել են միայն հունիսի 23-ին:
Դատարանում Հայրապետյանի ներկայացուցիչներն էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից Արաքս Մելքոնյանը, Նինա Հակոբյանը եւ Հասմիկ Հարությունյանը։

Հասմիկ Հարությունյան

Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկ Հարությունյանը դատական այս գործի վերաբերյալ ասում է․ «Նախարարի վիճարկվող հրամանների դրույթներով, ինչպես երեւում է դիմումի փաստերից եւ դիմողի ներկայացրած փաստարկներից, ըստ էության՝ սահմանվել են անձի հոսպիտալացման խիստ պահանջներ, ինչին չի բավարարել նաեւ դիմողի հանգուցյալ հայրը։ Ավելին, վիճարկվող հրամանների կարգավորումների պատճառով է նաեւ ուշացել դիմողի հոր նմուշառման ստացումը ու ըստ այդմ՝ բուժման սկսումը, ինչը ողջամիտ կասկած է տալիս պնդելու նաեւ, որ էական դերակատարում է ունեցել մահվան փաստի վրա։ Պետք է արձանագրել, որ 2020 թվականին համաճարակային իրավիճակն ու առողջապահության նախարարության կարգավորումները այնպիսին են եղել, որ նմուշառումը իրականացվել է միայն բժշկական հաստատությունում։ Սակայն, այստեղ էական հարցը այն է, որ հրամանը նմուշառման եւ հետազոտության կոնկրետ ժամկետ չի սահմանել, ինչով պայմանավորված էլ դիմողի հանգուցյալ հոր նմուշառումն ու արդյունքի ստացումը, ըստ այդմ՝ նաեւ բուժումը ձգձգվել ու ուշացել է, հանգեցնելով անդառնալի հետեւանքների»։

Հարությունյանի խոսքով՝ ըստ էության, վարչական դատարանի կողմից հաստատվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության վերոնշյալ հրամանների վիճարկվող դրույթները չեն ընդունվել եւ գործողության մեջ դրվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համար Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգին համապատասխան․ «Այսինքն, սա կարելի է մեկնաբանել նաեւ որպես գործընթացի վատ կառավարում, որի հետեւանքով անձանց պատշաճ բուժօգնություն չի տրվել եւ կոնկրետ այս պարագայում մեծ է ռիսկը, որ մահը վրա է հասել նման նորմատիվ ակտերի պատճառով։

Հարությունյանի կարծիքով՝ դատարանի որոշումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ հաստատվում են համակարգի բացերը, այն որոշում կայացնողներին առնվազն մտածելու տեղիք է տալիս, եւ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների գործադրման հիմք հանդիսանում, ինչը նաեւ հետագայում նման դեպքերը կանխելու երաշխիք կհանդիսանա։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031