Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնենք մարդկանց՝ ստեղծել, արարել ու չարտագաղթել»․ Մայր Աթոռի հմտությունների զարգացման եւ այլ ծրագրերը՝ նաեւ Արցախից բռնի տեղահանվածների համար

Մարտ 26,2024 16:52

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններում օրվա ընթացքում եռուզեռ է տիրում։ Էջմիածին քաղաքի եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Հայորդաց տներում տեղակայված բարեգործական ճաշարաններում օրական մեկ անգամ տաք սնունդ ստանալու հնարավորություն ունեն սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Մայր Աթոռի Սոցիալական աջակցության գրասենյակի ծրագրերից օգտվում են ինչպես սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքները, միայնակ ծերերը, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Սոցիալական ծառայության գրասենյակի վարչական խորհրդի ատենապետ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանը մեզ հետ զրույցում ասում է՝ երբ խոսում ենք բարեսիրական մշակույթի մասին, պետք է հիշենք, որ այն հայ եկեղեցու կյանքում առկա է եղել, սկզբնավորվել է դեռեւս 4-րդ դարից սկսած։ Սրբազանի խոսքով՝ առհասարակ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի առաքելությունն է ձեռք մեկնել բոլոր տեսակի խոցելի խմբերին, որոնք կարիքի մեջ են։

Արցախի հայաթափումից ու բռնի տեղահանումից հետո գրասենյակի աշխատանքի բնույթը փոփոխություն է կրել։ Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին երկու ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս հատկացվել են 100 հազարական դրամ, կենցաղային իրեր, այլ անհրաժեշտ պարագաներ։ Գրասենյակի ծրագրերի շահառուներին ընտրում են համայնքապետարանների հետ աշխատելով։

Հարցին, թե շարունակակա՞ն է լինելու արցախցիներին դրամական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանը պատասխանում է․ «Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, ըստ այդմ կորոշենք՝ կարճաժամկետ ծրագրերի վրա կենտրոնանալ, միջնաժամկետ, թե՞ երկարաժամկետ»։ Իսկ միջնաժամկետ հատվածի համար մտածում են նաեւ հմտությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր իրականացնել։

Արաբկիրի Հայորդաց տանը տեղակայված բարեգործական ճաշարանից օրվա ընթացքում օգտվում է մոտ 100 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել շահառուների քանակը։ Սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն Ազատուհի Սիմոնյանն ասում է, որ փորձելու են բարեգործական ճաշարանների ծրագրում ներառել նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Սոցիալական աջակցության գրասենյակն առաջիկայում նախատեսում է հմտությունների զարգացման ծրագրեր իրականացնել Արցախից բռնի տեղահանված, պատերազմից տուժած անձանց համար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտանիքի եկամուտն ապահովել։ Ազատուհի Սիմոնյանի խոսքով՝ ծրագրերը միտված են նրան, որպեսզի դժվարին իրավիճակում հայտնված արցախցիները չմտածեն Հայաստանի Հանրապետությունից արտագաղթելու մասին, լուծեն իրենց զբաղվածության, ինքնազբաղվածության հարցերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ասում է՝ սոցիալական ծառայության բուն նպատակը դժվարության մեջ գտնվող մարդուն օգնության ձեռք մեկնելն է, բայց միեւնույն ժամանակ նպատակն է օգնել, որպեսզի այդ մարդը կարողանա ինքնուրույն լինել, կախվածության մեջ չլինել որեւէ բարերարից։

2020 թվականից հետո Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի մոտ 90 տոկոսն ուղղված է արցախցիներին օգնելու ընթացքում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031