Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի էջը ոնց որ փակո՞ւմ ենք»․ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ ՔԿՀ-ում նշանակումների հետ, Գրիգոր Մինասյանը հորդորում է՝ անձնական մոտեցումները մի կողմ դնել

Մարտ 26,2024 16:27

«Մոտ տաս օր առաջ, պետաիրավական հարցերի հանձնաժողովում մենք փակ քննարկում ենք ունեցել քրեակատարողական հիմնարկներին վերաբերող, հրավիրված են եղել Ամբակում Գրիգորյանը եւ ձեր տեղակալը։ Մենք անկեղծ զրույց ենք ունեցել՝ շատ սուր։ Պարոն Գրիգորյանին, ես ներկայացրել եմ, եւ բոլորը, ճչացող փաստեր․ արժե, որ այս ընթացքում, ծառայողական քննության տեսքով, այդ բոլոր փաստերն արձանագրվեն եւ իրացվեն արդեն արդարադատության նախարարության կողմից։ Երբ որ մեր գործընկերը նշանակվում էր ՔԿՀ-ի տնօրեն, Սերգեյը Աբրահամյան, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց։ Բայց երբ որ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ, այն առումով, որ ես, լինելով Փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի քննչական խումբն ի՞նչ գործունեություն է ծավալել «մարտի 1»-ի գործերով եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչն է եղել․․․, իմիջիայլոց, Վահագն Հարությունյանը շարունակում է փախած մնալ, Հայաստանի սահմաններից դուրս է․․․ քննչական խմբի ղեկավարն էր։ Պարոն Գրիգորյանը խորհրդականից դարձավ տեղակալ, հետո, դարձավ արդեն տնօրեն՝ ծառայության ղեկավար»,- ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  այսօր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին դիմեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ միգուցե իր ընկալումներն են սուր։

Նա նախարարին հարց տվեց․ «Մարտի 1»-ի էջը ոնց որ փակո՞ւմ ենք, թե՞ բաց է»։ Նրա համոզմամբ, բոլոր քննիչները, ովքեր որ նշանակումներ են ստանում, պետք է մանրամասն ուսումնասիրվեն, թե ի՞նչ առնչություններ են ունեցել «Մարտի 1»-ի գործերով։ Իր դիտարկմամբ, այդ բարդ համակարգում, «ախպերությունը» արտոնյալ վիճակում է շարունակում մնալ՝ սկսած աշխատասենյակների կահավորանքից, «այդ աշխարհը (նկատի ունի՝ քրեական-Ն․ Գ․) իր ուրույն տեղում հաստատվել է ու իր հարմարվածությունը պարտադրում է նաեւ պետությանը․ պետությունը չի կարող հարմարվել իրենց խաղի կանոններին, իրենք չեն կարող էնտեղից կառավարել այն, ինչը որ տեղի է ունենում դրսում»։ Նա վստահեցնում է, որ բոլոր փաստերը պատասխանատուների առջեւ դրվել են ու եթե շարունակում ենք նույն վիճակում մնալ, ապա շատ հեռու ենք բարեփոխումներից։

«Երբ հարց տվեցինք՝ թմրամիջոցներն ինչպե՞ս են հայտնվում ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ ընդհանրապես պետք է հնարավոր չլիներ անցկացնել։ Ի զարմանս մեզ, իրենք ասացին՝ էդ ի՞նչ սարքավորումներ են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ՔԿՀ-ների նախկին ղեկավարի օրոք, բավականին մեծ աշխատանք էր արվել։

ՔՊ-ական պատգամավորին հետաքրքիր էր՝ ՔԿՀ պետի նշանակումն ի՞նչ սկզբունքով է արվել, այլ թեկնածություններ քննարկվե՞լ են։

Հիշեցնենք, որ 2023 թ.-ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ պրոբացիայի ծառայության մասին խոսեց՝ ասելով, որ կադրային նշանակումները պետք է լավագույնս ուսումնասիրություններով կատարվեն, ուժայինները միմյանց հետ համագործակցաբար պիտի աշխատեն։

«Մարտի 1»-ի էջը, չի կարելի համարել փակված եւ այնտեղ բոլորը՝ իրենց մասով, պետք է արդարացման ճանապարհ անցնեն։ Էլ չեմ ասում կադրային առաջխաղացման մեջ՝ շատ կարեւոր է, որ այս ամեն ինչը հաշվի առնել»,- ասաց նա՝ հավելելով․ «Եթե բանակում, այս ընթացքում ճիշտ կադրային քաղաքականություն չգնար, մենք կարող է մնայինք թթվի քարերի արանքում»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Գրիգոր Մինասյանը պատասխանեց՝ Դավիթ Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունների հետ կապված՝ այս կամ այն պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգից․ «Այս պատմության մեջ ականատես ենք եղել բազմաթիվ, այսպես ասած, տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր, նաեւ եղան հեռացումներ»։

ՔԿՀ ղեկավարի նշանակման հետ կապված Անդրանիկ Քոչարյանի մտահոգություններին ի պատասխան էլ, նախարարն ասաց, որ հնարավոր չէ գտնել փորձառու «պագոնավոր» մարդ, ով մինչեւ 2018 թվականը համակարգում չի աշխատել։ Նա վստահեցրեց, որ ՔԿՀ նորանշանակ ղեկավարը «անկաշառ եւ սկզբունքային պետական ծառայող է» ու դա կատարած աշխատանքով է երեւում, ոչ թե ինչ-որ մեկի ճաշակով է։ Նա խնդրեց՝ ժամանակ տալ, թեւ ու թիկունք կանգնել՝ այդ բարդ գործում, որպեսզի արդյունքը նկատելի լինի։

ՔԿՀ-ների վարչության նորանշանակ թիմը նախարարի գնահատմամբ, «շատ լավ թիմ է»․ «Բնականաբար, լինելու են փոխատեղումներ, նշանակումներ, որոնք, որ ձեր սրտով չեն լինի, որովհետեւ այս կամ այն մարդուն ճանաչել եք այլ իրավիճակում»։ Բայց Գրիգոր Մինասյանն ասում է, որ շատ ընկալումներ սուբյեկտիվ են եւ վստահ է, որ բարեփոխումների ընթացքը դրական արդյունք տալու է։

Թմրամիջոցների՝ ՔԿՀ-ներ ներթափանցման մասով էլ, ասաց․ «Ճիշտ եք, որ սկաներ դրած է, բայց սկաները միայն հանձնուքների հատվածում է դրված։ Այնտեղ թե ծառայողները, թե, ճաշատեսակները, որ ոչ թե տեղում են պատրաստվում, այլ գնում է կատարվում, մտնում են առանց սկանավորման»։

Նախարարը տեղեկացրեց՝ վարչապետի կողմից հաստատում ունեն՝ չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնառաջարկով առաջիկա մեկ կամ երկու ամսում գնում կատարելու․ «Արմավիր ՔԿՀ-ում ստեղծվելու է համակարգ՝ և ուտելիքի, և հանձնուքի, և ծառայողի, այլևս գոնե Արմավիր ՔԿՀ չի կարողանալու մտնել մարդ իր սննդով՝ առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար իդենտիֆիկացնել, թե վատ, ոչ պարկեշտ, կոռումպացված ծառայողի միջոցով է մտել՝ սխալ է։ Այսօր դռոնով էլ են կարողանում մտցնել, դրա համար թվայնացումով ենք հարցը լուծելու»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ինքը հաղթել-պարտվելու խնդիր չի դրել եւ անկեղծորեն ցանկանում է, որ Գրիգոր Մինասյանը հաջողի ու իր փորձառությամբ, պատրաստ է աջակցել։ Նա հայտարարեց, որ ինքն ավելի փորձառու է, քան Գրիգոր Մինասյանը, քանի որ ժամանակին ինքը ղեկավարել է ՆԳՆ-ում մի ողջ համակարգ (1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ-խմբ.), իսկ Գրիգոր Մինասյանն այդ համակարգի բարեփոխումը պետք է իրականացնի։ Նա կարծում է, որ նույնիսկ ընդդիմադիրները պատրաստակամ կլինեն այս հարցում աջակցել․ «Աստված չանի, մի օր բոլորս էլ կարող ենք այդ համակարգով անցնել․ ինչքա՞ն քաղբանտարկյալներ ունեցանք։ «Մարտի 1»-ի քաղբանտարկյալների այդ քանակը, որ ունեցանք, մանրամասն հնարավորություն տվեց հասկանալու, թե ի՞նչ բարքեր են տիրում, չնայած, քաղբանտարկյալների ներկայությունը շատ առողջացրեց ՔԿՀ-ն, հատկապես «Վարդաշենը»։ Այնպիսի դեմքեր էին նստած, որ այսօր կարելի է հպարտանալ․ իմ ընկերները, ձեր ընկերները»։

Անդրանիկ Քոչարյանը կողմ է առողջացման ճանապարհով գնալուն, բայց գնալուց առաջ, ուզում է հստակ հասկանալ՝ ո՞ւմ ենք վստահում եւ ինչի՞ համար։

Գրիգոր Մինասյանը հորդորեց՝ անձնական ընկալումները մի կողմ թողնել, վստահել եւ աջակցել։ Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց․ «Պարոն Մինասյան, այս դրվագը ինձ հուշեց, որ ձեզ ոնց որ սխալ բաներ են հուշել։ Ցտեսություն»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031