«Դուք վաղը ցույց կտաք՝ իսկապես երկրի տե՞ր եք, ունե՞նք պետություն, պետականություն, հայրենիք, թե՝ գաղթական ենք կամ միտվում ենք դեպի գաղթականություն և պատրաստվում ենք լքել մեր հայրենիքը, այսինքն՝ այն, ինչ կամենում են սրանք՝ այս գլոբալիստները, ՔՊ-ական պարագլուխներն իրենց համախոհներով»,-«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, արցախյան պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նա նշեց՝ իրենց կարգախոսներից մեկն էլ լինելու է՝ դատիր ազգադավին․ «Ասում էին՝ մերժել Սերժին, մերժում էին։ Մենք գտել ենք լրջությունը։ Մենք հայրենիք ենք կորցնում, քաջերի կորուստ ունեցանք, չկարողացանք տեր լինել այդ սխրանքին և զինվորների պահած տարածքները քաղաքական խայտառակ պարտության արդյունքում զիջեցինք թշնամուն, թույլ ենք տալիս, որ այս ազգադավ իշխանությունն իր ներկայությամբ կործանի մեր երկիրը և պակասեցնի մեր տարածքները»։
Խաչիկ Մանուկյանը վստահեցրեց՝ նրանք կանգնելու են արդարադատության առաջ․ «Եթե մենք այս ուժը չունենանք դատ ու դատաստան պահանջելու նրանց, ովքեր մեր հայրենիքը մեզնից խլում են, ուրեմն ոչնչանալու ենք»։
Խաչիկ Մանուկյանը ցավով արձանագրեց՝ հիմա վստահաբար կարող ենք ասել՝ որևէ դեպքում պատերազմը շրջանցել չի լինի․ «Բայց սրանք օր օրի հասունացնում են այն պատերազմը, որը ցույց է տալիս կանխավ պարտություն։ Այսինքն՝ պարտության սիմվոլները հաղթության կրողները չեն»։
Կարդացեք նաև
Խոսելով Արևմուտքի հետ բարեկամություն անելու՝ այս իշխանության հավակնությունների մասին, Խաչիկ Մանուկյանը հիշեցրեց՝ ազգությամբ թուրքերն են իր տղայի դեմ կռվողները եղել՝ ՆԱՏՕ-ի ստորաբաժանման դիպուկահարները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ