Պաշտպանության նախարարության շրջանառության մեջ դրած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մի շարք մասնագետներ համարում են խնդրահարույց։ Նախագծով սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումն իրականացվելու է առցանց եղանակով։
Այժմ գործող օրենքով՝ քաղաքացին համարվում է ծանուցված, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։ Նախագծով առաջարկվում է՝ եթե թղթային տարբերակով չհաջողվի անձին ծանուցել, ապա զինկոմիսարիատը նրա էլեկտրոնային հասցեին է ուղարկելու ծանուցումը, իսկ եթե այս տարբերակով էլ անձը չներկայանա զինկոմիսարիատ, ապա ծանուցումը հրապարակային եղանակով է իրականացվելու «Ազդարար» տեղեկատվական կայքում, որից հետո հինգ օր անց անձը համարվելու պաշտոնապես ծանուցված, չներկայանալու դեպքում անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու։
Այսօր «Մեդիա կենտրոնում» այս նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ասաց, որ ՄԻՊ-ը տարիներ շարունակ ստանում է բողոքներ զինկոմիսարիատների կողմից պատշաճ ծանուցման վերաբերյալ․ «Մեր բողոքների թիվն ավելանում է զորակոչի եւ վարժական հավաքների ժամանակ։ Մարդիկ ծանուցումները ստանում են հեռախոսազանգով կամ օրինակ ծանուցագիրը տրամադրում են հարեւանին։ Արդյունքում մարդիկ պատշաճ ծանուցված չեն լինում, հետեւաբար չեն ներկայանում զինկոմիսարիատ եւ հետագայում իրավական խնդրի առաջ են կանգնում։ Այդ պատճառով էլ ՄԻՊ-ն առաջարկել է մշակել քաղաքացիներին պատշաճ ծանուցման ընթացակարգ եւ այս տարվա հունվարին ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծը»։
Քննարկման մյուս մասնակից՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանն էլ նշեց, որ իրենք ահազանգեր են ստանում, երբ մարդը չի գտնվում ՀՀ-ում, իրեն ծանուցում են ուղարկում, բայց նա տարբեր պատճառներով չի կարողանում ներկայանալ զինկոմիսարիատ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում․ «Սա շատ խնդրահարույց է, քանի որ զինապարտ տարիքի բազմաթիվ տղամարդիկ ՀՀ-ից դուրս են գտնվում։ Բացի այդ, էլեկտրոնային եղանակով ծանուցումը կամ հրապարակային ծանուցումը եւս խնդրահարույց է, քանի որ ասենք հեռավոր գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվող շատ անձինք տեղյակ չեն եւ չեն օգտվում նորագույն տեխնոլոգիաներից, ուստի նրանք կունենան խնդիրներ»։
Կարդացեք նաև
Քննարկման մեկ այլ մասնակից՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների բաժնի մասնագետ Լիանա Մխոյանն էլ նկատեց՝ կա ՍԴ որոշում անձի պատշաճ տեղեկացված եւ ծանուցված լինելու մասին, ըստ որի՝ ծանուցման բոլոր միջոցները պետք է սպառվեն, որպեսզի անձը կարողանա իր իրավունքներից ճիշտ օգտվել․ «Իսկ նախագծով առաջարկվող՝ միայն էլեկտրոնային ծանուցում կատարելով պարզապես կավելանա քրեական հետապնդումների մասնակիցների ցանկը, եւ կբարդանա քննչական մարմինների աշխատանքը, քանի որ այդ ծանուցումից հետո, եթե անձը չներկայանա, ապա քրեական պատասխանատվություն է առաջացնելու»։
Այս նախագծում ամենալուրջ խնդիրը հրապարակային ծանուցման եղանակն է, երբ անձի տվյալները հրապարակվում են առցանց հարթակում։
Եղոյանն այս առնչությամբ ասաց՝ մարդու իրավունքներն ու պետության անվտանգությունը չպետք է հակադրվեն իրար, նաեւ մարդու իրավունքները չպետք է ստորադասել․ «Հրապարակային ծանուցման դեպքում տեղեկությունը հասանելի է դառնում լայն շրջանակներին։ Ստացվում է, որ ՊՆ-ի կազմակերպած օրինակ՝ վարժական հավաքին մասնակիցների նախնական տվյալները, որ զինկոմիսարիատ ներկայանալ, երբ, ինչ նպատակով, առավել եւս մարտական հերթապահությանը ներգրավելու նպատակով, այս ամբողջ տեղեկությունները հրապարակվելու են եւ սա ազգային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց է։ Ակնկալում ենք, որ ԱԺ ներկայացնելիս՝ հաշվի կառնվեն սրանք»։
Բանախոսները նշեցին, որ անձը պետք է պատշաճ ծանուցվի հավաքի կամ զորակոչի մասին, եւ այս փոփոխվող կարգավորումները պետք է ավելի հստակ լինեն, այլ ոչ թե ձեւական։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»