ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացավ Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
«Սա մագիստրոսական համատեղ կրթաթոշակային ծրագիր է, որը հնարավորություն է տալու մեր երկու երկրների ուսանողներին ուսանել Վրաստանի եւ Հայաստանի բուհերում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «10 կրթաթոշակային տեղ է հատկացված, արդեն իսկ այս տարվա սեպտեմբերից ծրագիրը կգործի: Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ունենք թե՛ հանրակրթության, թե բարձրագույն կրթության, եւ թե մյուս ոլորտներում: Հաշվի առնելով, որ երկու երկրներում էլ կրթական համակարգերը բարեփոխման ինտենսիվ փուլում են, մենք նաեւ շատ կարեւոր հնարավորություն ունենք միմյանց փորձը կիսելու: Էլ չեմ խոսում այն հնարավորությունների մասին, որ ստեղծված են գիտնականների եւ գիտաշխատողների համար՝ համատեղ գիտական աշխատանքներ իրականացնելու եւ միջազգային հարթակներում համատեղ հայտներ ներկայացնելու առումով»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ ուրախ է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարիին տեսնել Հայաստանում: Նաեւ հույս հայտնեց, որ դեռ կլինեն համատեղ այցեր տարբեր մակարդակներով:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարին պատմական որակեց օրը՝ կրթական համագործակցության համար. «ԵՊՀ-ում բացվում է վրացագիտության կենտրոն, որը լավ խթան կլինի կրթական, հետազոտական ուղղություններով համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար՝ նպաստելով հայագիտության եւ վրացագիտության ուղղությունների զարգացմանը: ՀՀ կառավարությունն ու մյուս գերատեսչությունները պատրաստակամ են աջակցելու վրացագիտության կենտրոնին՝ տարբեր հարցերում: Ակնկալում ենք երկկողմ արդյունավետ աշխատանք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ