Լրահոս
Օրվա լրահոսը

Պակասն ու պակասը լրացնող նախագծերը. ուսուցիչները Հայաստանում

Մարտ 26,2024 14:16

Հայաստանում ուսուցիչների անհրաժեշտությունն ու պակասը շարունակում են մնալ օրախնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում առկա ցուցանիշներից նկատվել է թվի աննախադեպ նվազեցում: Նախորդ տարի ունեցել ենք 31 հազար 300 ուսուցիչ, այս ուսումնական տարում այդ թիվը իջել է 30 հազար 200-ի: Խնդիր առաջանում է նաև ուսուցիչների տարիքային շեմի հետ կապված, քանի որ ըստ կրթության փորձագետների կատարած հետազոտությունների՝ Հայաստանում ուսուցիչների 12 տոկոսից ավելին 65 տարեկանից բարձր է, վերջին 5 տարվա ընթացքում այդ թիվը աճել է 3 անգամ, ինչի պատճառը նոր կադրերի բացակայությունն է, նաև 3 անգամ նվազել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը :

Որտե՞ղ է խնդիրը

Ուսուցիչների պակասի խնդիրը առավելապես տարածված է սահմանամերձ, բարձրլեռնային ու փոքր համայնքներում, որտեղ սակավաթիվ է նաև բնակչությունն ու աշակերտական կազմը: Կան շատ գյուղեր, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 10-ը, երբեմն քանակով ուսուցիչներն ավելի շատ են լինում, բայց նույնիսկ այդ դեպքում մեկ ուսուցիչ ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա:

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Բաղդասարյանի խոսքով՝ իրենց դպրոցում սովորում է 7 աշակերտ: Դպրոցն ունի օտար լեզուների դասավանդման կադրերի բացակայություն.

– Անգլերենի դասաժամերը ստիպված ենք լրացնել այն ուսուցիչներով, ովքեր որոշակիորեն տիրապետում են լեզվին: Նախկին մասնագետները, մի քանի տարի է՝ ինչ գյուղից տեղափոխվել են քաղաք, իսկ նոր կադրերի մասին դեռևս խոսք չկա: Լիարժեք հնարավորություններ չունենալու դեպքում ու՞ր են գնալու աշակերտները դպրոցն ավարտելուց հետո: Այս հռետորական թվացող հարցն իրականում շատ կարևոր հաղորդագրություն է նաև այն մասին, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված, շատ աշակերտներ չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ և ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 Ո՞ր առարկաները չունեն ուսուցիչ

Ըստ վերջին հետազոտությունների՝ Հայաստանի 9 մարզերի 101 դպրոցներում կան այնպիսի առարկաներ, որոնք նույնիսկ չեն դասավանդվում, և աշակերտները ավարտում են դպրոցն ու ատեստատ ստանում, առանց այդ առարկաների ուսումնասիրման: Ուսուցիչների ամենաշատ պակաս կա քիմիա, ֆիզիկա, ինֆորմատիկա, երգ, կերպարվեստ, շախմատ առարկաներում:

Սյունիքի մարզի Սվարանց համայնքի միջնակարգ դպրոցի շրջանավարտ Սիրուշ Իսայանն ասում է.

– Իմ ուսումնառության 12 տարիների ընթացում մեր դպրոցը չի ունեցել քիմիայի և կենսաբանության ուսուցիչ, որին փոխարինում էր մաթեմատիկայի ուսուցիչը, ինչի հետևանքով ես և մնացած աշակերտները չենք ստացել բավարար գիտելիքներ տվյալ առարկաներից:

Այժմ Սվարանց, Տաթև և հարակից գյուղերի ուսուցչական կազմը գրեթե նույնն է, դասացուցակը կազմվում է այնպես, որ ուսուցիչները կարողանան տեղափոխվել ու անհրաժեշտ ժամի հասնել դասին: Սվարանցի դպրոցի քիմիայի ուսուցչի բացակայությունը ամենևին էլ պատահական չէ, քանի որ նախորդ տարվա համեմատ ուսուցիչների թիվը 70-ով նվազել է՝ հասնելով 830-ի: Այս խնդիրը առաջանում է նաև հենց այն հանգամանքից, որ համալսարանների տվյալ ֆակուլտետների դիմորդների թիվը չի անցնում մեկ տասնյակը:

Լուծումներ

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, այն հարցին, թե ինչ միջոցառումներ է կազմակերպում ուսուցիչների թվի պակասը լրացնելու համար, պատասխանում է.

– Մենք պարբերաբար իրականացնում ենք ստուգումներ տվյալ համայնքներում, արձանագրում ենք առկա բացերն ու ելքեր գտնում: Խրախուսում ենք ուսուցչի աշխատանքը տարաբնույթ մրցույթներ կազմակերպելով, ուսուցչի աշխատավարձի բարձրացմամբ, նաև մարզեր գործուղվելու համար տրամադրում ենք որոշակի ֆինանսական աջակցություն:

Օնլայն կրթության փորձից հետո այն ևս ներգրավվեց ուսուցիչների պակասի խնդրի լուծման մեջ: 2020-ի մարտին ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ ՝ համավարակի պայմաններում կրթությունը շարունակելու համար մեկնարկել է «Eschool Armenia» նախագիծը, որը սկսել է օգտագործվել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավորապես լրացնելու նպատակով:

Այժմ Հայաստանում գործում են նաև մենթորական դպրոցներ, որոնց ուսուցիչները էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում կա առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների լիարժեք կրթության իրավունքը: Մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովում են շուրջ 101 դպրոցների ուսուցիչների բացը: Աշակերտները դասերին մասնակցում են իրենց դպրոցից՝ համապատասխան կահավորված դասասենյակից՝ ուղիղ կապով: Մենթորական դպրոցները երկուական են Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում, երեքական՝ Երևանում, և վեցական՝ Լոռու մարզում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ակտիվ համագործակցում է բոլոր կազմակերպությունների հետ, որոնք նպատակաուղղված են Հայաստանում մինիմալի հասցնել ուսուցիչների թվի խնդիրը, և այդ կազմակերպություններից ամենահայտնին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն է:

«Դասավանդի՛ր, Հայաստան»

Գեղարքունիքի մարզից մասնագիտությամբ ճարտարագետ Լուիզա Ապկարյանը աշխատանք փնտրելիս տեսել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի պրակտիկայի հնարավորությունը և որոշել է դիմել: 6 ամիս պրակտիկա անցնելուց հետո անցել է աշխատանքի որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմավիրի մարզի Նորակերտի դպրոցում:Ծրագրին մասնակցելու պատճառներից մեկը հետաքրքիր աշխատանք ունենալու ցանկությունն էր, իսկ մյուսը, ինչպես ինքն է նշում՝ երբ երկար ժամանակ ապրում ես նույն վայրում, ցանկանում ես փոխել միջավայրդ, տեսնել շատ ավելին.

– Ինչ խոսք այն ժամանակ նորավարտ ուսանողի համար իդեալական պայմաններ էին ու առանց երկմտելու դիմեցի ծրագրին:

Գործունեություն ծավալելով 2013-ից, «Դասավանդի՛ր, Հայաստանը»-ը ուսուցչական առաջնորդության միջոցով ապահովում է գերազանց կրթության հնարավորության բոլորի համար:

Թե ինչ դժվարությունների է բախվում Լուիզան բնակավայրի փոփոխությունից ու այլ վայրում աշխատանքի անցնելուց հետո, պատասխանում է.

– Մասնագիտությամբ մանկավարժ չլինելը շատ մեծ դժվարություն է, որին տիրապետելը շատ ժամանակատար է, ես կգերադասեի իմանալ տեսականը, նոր անցնել գործնականին, այլ ոչ հակառակը: 2 աշխատանք է փաստացի, և երբեմն չգիտես ինչպես վարվել՝ աշխատել նվիրվելով դպրոցին, թե՞ հիմնադրամին, գերադասել դասընթացը, թե խմբակները, որոնք, միևնույնն է, պարտավոր ես անել:

Ծրագիրը հոգում է մասնակիցների կացության և մնացած բոլոր ծախսերը, իսկ Լուիզայի ուսուցչական եկամուտը շաբաթական մեկ ժամ դասավանդվող առարկայի դիմաց կազմում է 32 հազար ՀՀ դրամ: Ծրագիրը գործում է աշխարհի շուրջ 40 երկրում: Այն ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակում հայտարարում է ուսման վարձավճարը ամբողջապես փոխհատուցող կրթաթոշակ համատեղ համագործակցության պայմաններում:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031