Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք են շահարկելու, թե իբր երկրում գործում են ահաբեկչական խմբեր, իրենք են սարքել»․ Արամ Սարգսյանը՝ ՀՀ իշխանության մասին

Մարտ 26,2024 13:31

«Պահն իսկապես օրհասական է, քանի որ մենք արդեն գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք օրվա իշխանություններն են և արդեն հայրենիքն ուրացողներ։ Պարզ երևում է՝ ուր են ուզում տանել մեզ, ինչպիսի քարտեզ են ներկայացնում, ինչպիսի գործողություններ են ուզում իրականացնել՝ հատկապես հայտարարելով, որ Տավուշում սկսում են սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա հայտնեց՝ եղել են Ոսկեպարում, Նոյեմբերյանում, տեսել են ժողովրդի տրամադրությունները, որ մարտական են, մարդիկ պաշտպանելու են իրենց հողը․ «Մենք էլ նրանց հետ միասին պիտի լինենք։ Դա ոչ միայն Նոյեմբերյանի, Ոսկեպարի կամ Կիրանցի ու Բաղանիսի խնդիրն է, այլ ամբողջ ՀՀ-ի։ Որևէ հույս չունենք այսօրվա իշխանություններից, որ հասկանան՝ որն է պետական ու ազգային շահը։ Ուստի վաղը հանրահավաքից առաջ ներկայացնելու ենք երեք խմբակցություններին պահանջագիր, որում հիմնավորելու ենք, որ այս իշխանությունը, կառավարությունը լեգիտիմ չէ։ Մենք կներկայացնենք բոլոր այն կետերը, որոնք խախտվել են կառավարության ծրագրի հետ կապված»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ իշխանությունն է շահարկում, թե երկրում գործում են ահաբեկչական խմբեր․ «Իրենք են շահարկելու, թե իբր երկրում գործում են ահաբեկչական խմբեր, իրենք են սարքել, ինչպիսի մի սադրիչ գործողություն են կատարել, որ քաղաքական դաշտն ամայացնեն։ Չի լինելու դա։ Տեսնում ենք, թե ինչպիսի վարք ունեն իրենք։ Դրա համար էլ մեր ժողովրդին եմ դիմում՝ բավական է նստեք ձեր տներում ու բազկաթոռներում և դժգոհություն հայտնեք ձեր խոհանոցներում։ Պետք է գալ ու պայքարել, մենք պայքարում ենք հանուն մեր պետականության պահպանման ու զարգացման»։

Արամ Սարգսյանը հորդորեց վաղը գնալ ու Ազատության հրապարակում մասնակցել իրենց հանրահավաքին, որից հետո արդեն ուղարկելով պահանջագիրը երեք խմբակցություններին, որ նրանք սկսեն այդ անվստահության գործընթացը, ժամը 19։00-ին շարժվելու են երթով դեպի ԱԺ․ «Դա լինելու է նախազգուշական երթ, որ ցուցադրենք՝ ժողովուրդն է պահանջում, այլ ոչ թե «Միասին» շարժման խորհուրդը, որ պաշտոնանկ անեն նրան և ձևավորեն նոր իշխանության։ Այսօր հստակ ասում ենք՝ վաղը կարևոր ու որոշիչ օր է, պետք է ցուցադրել մեր միասնությունը, որ մենք կարող ենք ձեզ հետ միասին ձևավորել նոր իշխանություն, որը թույլ չի տա պատերազմ։ Շատ պարզ բաներ կան, որոնք կարող է լուծել այս իշխանությունը, բայց դա չի ուզում անել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031