Լրահոս
Օրվա լրահոսը

Մսակերները պնդում են, որ մսից և ձկնեղենից հրաժարվելը կարող է հանգեցնել օրգանիզմում սպիտակուցների և որոշ վիտամինների պակասի, իսկ բուսակերները հակադրվում են

Մարտ 26,2024 13:19

Բուսակերությունը՝ ապրելաոճ

Բուսակերության ժամանակ զգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը: Ծագելով 19-րդ դարի 2-րդ կեսին՝ այն այժմ մեծ տարածում ունի. շատ երկրներում սննդակարգը լայն տարածում է ստանում, իսկ բուսական մթերքների վաճառքներն ամբողջ աշխարհում ավելացել են՝ հասնելով ռեկորդային ծավալների:

Համացանցում ավելի ու ավելի նորաձև են դառնում բուսական մթերքներից բաղկացած սննդակարգերը, սոցցանցերի ժապավենները լեփ-լեցուն են վեգանական ճաշատեսակների գրավիչ լուսանկարներով: Շատ բլոգերներ ինստագրամյան հարթակում բավականին ակտիվ են և հետևորդների հետ կիսվում են իրենց բուսական բաղադրատոմսերով: Բուսակեր լինելով ևս կարելի է ուտել պանիր, բուրգեր կամ տորթ, որոնք, սակայն, պատրաստվում են այնպիսի բաղադրիչներից, որոնք կենդանական ծագման չեն: Հեշտ չէ բուսակեր լինել, քանի որ այն դառնում է ապրելաոճ և մեծ նվիրում է պահանջում, քանի որ վերաբերում է ոչ միայն կերակրին, այլ ընդհանրապես այն ամենին, ինչ իր կյանքի ընթացքում սպառում է մարդը: Բուսակերները հրաժարվում են կաշվե հագուստից, մորթուց ու բրդից և այլն, ինչպես նաև դեղամիջոցներից, որոնց բաղադրության մեջ կարող են լինեն կենդանական յուղեր:

«Բուսակերությունն ինձ համար ճանապարհ էր դեպի առողջ ապրելակերպ: Լինելով մարզիկ՝ ես չարաշահում էի մսամթերքն ու հաճախ քաշի հետ կապված խնդիրներ էի ունենում, այժմ հավատարիմ եմ իմ ընտրությանն ու միշտ իմ նախընտրելի «ֆորմայի» մեջ եմ», ասում է ատլետ Մելինե Ադամյանը:

Ամենից շատ բուսակերներ կան երկու տարիքային խմբերում` 16-24 և 55-64: Որպես կանոն, երիտասարդներն ավելի հոգատար են կենդանիների հանդեպ և չեն ուզում նույնիսկ անուղղակի առումով «մասնակից» լինել վերջիններիս սպանդին։ Ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք ավելի շատ հոգ են տանում իրենց առողջության մասին։

Ուսանողուհի Անի Արզումանյանը բուսակերությունն ընտրել է՝ այն դիտարկելով լրիվ այլ տեսանկյունից. «Առաջին կուրսից որոշեցի դառնալ բուսակեր, քանի որ այն ինձ օգնում էր ֆինանսական խնայողություններ անել: Սկզբում շատ դժվար էր, բայց հետո հարմարվեցի ու ուրախ եմ իմ ընտրության համար. հիմա այն ինձ օգնում է և՛ խնայել, և՛ առողջ սնվել»:

Գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները. · առողջությունը պահպանելու ձգտում (78%) · էթիկա (69%), · բնապահպանություն (35%), · Էսթետիկա (28%), · կրոնական (23%) փիլիսոփայական (22%), տնտեսական (19%) · հիգիենիկ (9%)։

Միս ուտե՞լ, թե՞ ոչ. այս է խնդիրը

Մսակեր մարդիկ պնդում են, որ մսից և ձկնեղենից հրաժարվելը կարող է հանգեցնել օրգանիզմում սպիտակուցների և որոշ վիտամինների պակասին, իսկ բուսակերները հակադրվում են, ասելով, որ հազարամյակներ շարունակ մարդիկ միս չեն կերել և ապրել են առողջ: Ֆիզիոլոգիական տեսանկյունից մարդու օրգանիզմն ավելի լավ է մարսում բուսական ծագման սնունդը:

Մսակերների մոտ շատ հաճախ փորկապություններ և աղիքային ինտոքսիկացիաներ են արձանագրվում, ինչը պայմանավորված է օրգանիզմի կողմից մսամթերքի դանդաղ մարսելու հետ։ Հաճախ շատ բժիշկներ ծանր հիվանդներին խորհուրդ են տալիս բուսական դիետաներ, որը համարվում է բավականին արդյունավետ միջոց։

Սոնա Զաքարյանը որքան էլ լսում է բուսակերության մասին, միևնույնն է, իրեն չի պատկերացնում որպես բուսակեր. «Ես երբեք չեմ կարող հրաժարվել կենդանական ծագման սննդամթերքից, եթե մի օր միս չուտեմ՝ էդպես էլ չեմ կշտանա»:

Ոմանք հետևում են իրենց առողջությանը՝ բուսակեր լինելով, իսկ ոմանք էլ՝ ճիշտ հակառակը. «Էլ ի՞նչ տղամարդ, որ միս չուտի: Աշխատելու, ուժեղ ու առողջ լինելու համար պարտադիր միս եմ ուտում ամեն օր: Այ օրինակ անցած ամիս 30 կգ միս ենք գնել», ասում է Վարդգես Փարսադանյանը: Մինչ շատերը պնդում են, որ պետք է մսակեր լինել, իսկ մյուսներն էլ համառորեն հերքում են, ժամանակակից սննդաբանությունը, հիմնվելով ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի դասական հետազոտությունների վրա, խորհուրդ է տալիս սնվել թե՛ բուսական և թե՛ կենդանական ծագման սննդամթերքով։

Բուսակերություն և կրոն

Բուսակերության ծագման նախադրյալներից է եղել կրոնը: Բացառապես բուսակեր են հինդուիզմ դավանողները, քանի որ գնահատում են կենդանիների կյանքը` ընդունելով, որ տիեզերքի բոլոր կենդանի արարածների միջև գոյություն ունի կապ։

Մսակերությունը խիստ սահմանափակված է բուդդայականություն և սիկխիզմ դավանողների շրջանում: Քրիստոնեության մեջ ևս կան պահքի շրջաններ, որոնց ժամանակ արգելվում է միս ուտել, սակայն քրիստոնեական մեկ այլ տոնի ժամանակ խորհրդանիշ է համարվում հենց ձուկը:

Պահք պահելու հետ կապված տարակարծությունները շատ են. «Ես չեմ կարող շրջանցել պահքի օրացույցը, քանի որ պահք պահելով հոգեպես ինձ ավելի հանգիստ եմ զգում», ասում է Մարի Բաղդասարյանը, մինչդեռ նրա ամուսինը՝ Աշոտ Հակոբյանը, կարծում է, որ այդ ամենը ձևականություն է. «Ինչ պահք, ինչ բան, ես հավատում եմ Աստծուն, և դա չի կարող ինչ-որ բան ուտել-չուտելով որոշվել»:

Այժմ աշխարհում բուսակեր է մոտ մեկ միլիարդ մարդ, 65%-ը իգական, իսկ 35%-ը արական սեռի, իսկ բուսակերության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 1-ին:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031