Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողին. ՀՀ վարչական դատարանը՝ ակցիաների մասին 

Մարտ 26,2024 11:52

ՀՀ վարչական դատարանը ակցիաների առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

  • Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձևական կազմ, այսինքն՝ հետևանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր և անհրաժեշտ պայման չէ։ Վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտում որակելու համար բավարար է միայն մոլորվելու հնարավորությունն ու հավանականությունը, այլ ոչ թե ինքնին մոլորվելու փաստը։ Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտման ձևական բնույթը դրսևորվում է նրանում, որ արարքը կատարման փաստով համարվում է ավարտված։
  • Ապրանքի միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է։
  • Անհատական գնիջեցման արդյունքում ապրանքի վաճառքի գինը ներառվում է ապրանքի վաճառքի գների միջին թվաբանական հաշվարկի մեջ, եթե նման հաշվարկի կատարումը բացառող հանգամանքներ չեն ներկայացվում տնտեսավարողի կողմից։
  • Մանրածախ առևտրի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է, հետևաբար տնտեսավարող սուբյեկտի կողմից անհատական զեղչեր կիրառելիս պետք է սահմանվեն ոչ խտրական պայմաններ։
  • Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողին։ Օրինակ՝ «Ամանորյա զեղչեր սկսած 10 %-ից մինչև 35%։ Շտապեք ձեռք բերել ձեր «նվեր»-ը» հայտարարության մեջ նվերի մասին նշումից հնարավոր չէ հանգել հետևության առ այն, որ առաջարկը վերաբերում է նվեր գնելուն և ոչ թե գնում կատարելու դեպքում նվեր ստանալու հնարավորությանը։ Այսինքն՝ նվերի մասին նշումը չի կարող մեկնաբանվել որպես հաճախորդի կողմից ընկերությունից ժամացույց ձեռք բերելու նպատակ՝ որպես նվեր իր սիրելիին։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշմամբ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ակցիաների առնչությամբ ընկերության վարքագիծը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցություն և խախտումների համար տրվել է նախազգուշացում, ինչպես նաև  նշանակվել  է 1 809 000 (մեկ միլիոն ութ հարյուր ինը հազար) ՀՀ դրամի չափով տուգանք։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031