Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Տավուշի չորս գյուղերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելիս ասում է՝ դա ո՛չ դելիմիտացիա է, ո՛չ էլ դեմարկացիա:
«Այստեղ կա կոնկրետ պահանջ Ադրբեջանի կողմից, ինչպես իրենք են ասում, «վերադարձնել» այդ գյուղերը: Խնդիրն այն չէ, որ իրենք առաջարկում են դելիմիտացիա, հետո դեմարկացիա անել: Դա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի հանրությանը հերթական անգամ մանիպուլացնում և, ըստ էության, խաբում՝ անվանելով դա դելիմիտացիա և դեմարկացիա: Ինքն է այդպես ներկայացնում, որ Ադրբեջանի հետ սկսում ենք այդ աշխատանքը Տավուշի մարզի սահմանագծից: Ադրբեջանը դա այլ կերպ է ձևակերպում, ասում է՝ պետք է ինձ անհապաղ վերադարձնեք այս չորս գյուղը, հետո էլ կխոսենք «անկլավների» մասին: Սա պրոցեսի շուրջ տարրական մանիպուլյացիա է, իրականում Ադրբեջանի կողմից կա պահանջ հանձնել չորս գյուղը, Հայաստանի իշխանության կողմից կա քաղաքական որոշում այդ պահանջը հերթական անգամ բավարարել, բայց սա ներկայացվում է իբր դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ինչո՞ւ գործընթացը սկսել Տավուշի մարզից: «Դա Ադրբեջանի հստակ պահանջն է, ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությունը կամ առաջարկը: Ռազմական մասնագետները բազմիցս նշել են, որ Տավուշի պաշտպանական գիծն ամենակահավորվածն է, ժամանակակիցը, մրցունակն ու դժվարանցանելին թշնամու համար: Դրա համար էլ թշնամին նախ և առաջ պահանջում է, որ այդ պաշտպանական գիծը Հայաստանը դեմոնտաժ անի, որպեսզի դա էլ դառնա այնպիսին, ինչպիսին մեր մյուս պաշտպանական գծերն են, վերածվի «проходной двор»-ի: Ադրբեջանը ոչ թե գյուղերն է ուզում, դա նույնպես կարևոր փաստ է, այլ առաջին հերթին նրա նպատակն է քանդել Տավուշի մարզում Հայաստանի պաշտպանական համակարգը և պլացդարմներ ստեղծել հետագայում հարձակման համար:
Պաշտպանության, անվտանգության մասնագետները նշում են, որ այնտեղ խոսքը հետագա գործողությունների համար նոր հարմար դիրքեր ունենալու մասին է: Ամեն ինչ շատ տեսանելի է այն մարդկանց համար, ովքեր ունեն աչքեր, ականջ՝ լսելու համար, և թեկուզ 5-6-րդ դասարանի տրամաբանելու ունակություն՝ ասվածից եզրակացություն անելու համար: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է, որը ներկայացվում է Հայաստանի, այդ թվում՝ Տավուշի մարզի բնակչությանը՝ որպես նշված պրոցեսի սկիզբ, թե իբր Հայաստանի իշխանություններին ինչ-որ մեկը հարցրել է, թե որտեղից են նրանք ցանկանում սկսել այն: Ժամանակին Հայաստանի իշխանությունը առանց որևէ դեմարկացիայի և դելիմիտացիայի որոշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանինն է, հիմա էլ առանց որևէ գործընթացի ընդամենը մանիպուլ յացիայի արդյունքում ուզում են ոչնչի դիմաց այդ տարածքները տալ Ադրբեջանին»,-նշում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հիշեցնում է՝ մեր տարածաշրջանում գետնի վրա հարցեր լուծում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: «Ադրբեջանին առանց Թուրքիայի գործոն համարելը բարդ է, թեպետ նա փորձում է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնել և, շատ սեղմ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, հարաբերություններ ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որպեսզի չդառնա Թուրքիայի սատելիտը: Հայաստանի իշխանությունը փորձում է տարածաշրջանում իր նոր «պապային» գտնել, փորձում է համոզել իր պոտենցիալ «պապային»՝ Թուրքիային, որ նա իրեն երաշխիքներ տա: Մնացածը բլեֆ է: Ասում են՝ Ռուսաստանից թեքվում է դեպի Արևմուտք և այլն, բայց հասկանալի է, որ վերջինս մեր տարածաշրջանում ազդեցության լուրջ լծակներ չունի: Հակառուսական հռետորաբանությունը «խոդի տալով» և իբր դեպի Արևմուտք շարժվելով՝ նա շատ լավ հասկանում է, որ Արևմուտքի օպերատորն այստեղ Թուրքիան է: Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բալանսը փորձելու է պահել Թուրքիայի միջոցով, որը գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,-հավելում է քաղտեխնոլոգը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։