Երբեմն տպավորություն է, թե քրեական քրոնիկոնի ես հետևում, երբ սկսում ես կարդալ օրվա լուրերը՝ կրակոց, սպանություն, հարձակում: Հոգեբան Աննա Բադալյանն ասում է, որ նման իրադարձություններ միշտ էլ եղել են, ուղղակի այսօր տեղեկատվությունն է դարձել հասանելի ու թափանցիկ:
Նա հիշեցնում է, որ մի շրջան զենքով հարց լուծելը խրախուսվում էր, խոսքը ֆիլմերի մասին է, հեռուստատեսությամբ ցուցադրվող արտադրանքի: «Բնականաբար, սա իր հետքը թողել է մարդկանց վրա: Դրա համար մարդիկ կան, որոնք այդ տարբերակով են հարցերի լուծում գտնում: Նոր սերունդը պետք է կարողանա զարգացնել իր մեջ բանակցություններ վարելու հմտությունն ընկերական շրջապատում, հանրության մեջ և այլուր: Եթե կարողանանք այդ հմտությունը մեր հատկապես անչափահասների մեջ ներդնել, ինչ-որ մի փուլում կունենանք խոսքի վարպետներ, մարդիկ, որոնք կարող են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում խոսքով խնդիրները լուծել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Բադալյանն ընդգծում է՝ արտաքին ազդակները չեն կարող անհետևանք մնալ: «Արցախի կորուստը, պատերազմում ունեցած պարտությունը: Չմոռանանք մեր դեմ նաև հիբրիդային պատերազմ էր մղվում, որը հիմա էլ շարունակվում է: Իսկ հիբրիդային պատերազմի մեջ լինել՝ նշանակում է հանրությանը պահել բռնկուն նոտայի վրա: Նրանք անընդհատ լարվածություն, անհանգստություն են ստեղծում, և այստեղ կարևոր է, որ առաջին պլան գա վերլուծական միտքը, որ հնարավոր լինի տարբերակել ինֆորմացիոն հոսքերը ևս»: Հաճախ մեղադրանքներ են հնչում հասարակության հասցեին, թե նա անտարբեր է դարձել իր հայրենիքի ապագայի հանդեպ: Հոգեբանն ասում է՝ իր խոսքից թող տպավորություն չստեղծվի, որ նա անուղղելի լավատես է, բայց կարծում է, որ հասարակությանը չպետք է պիտակավորել:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։