Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական գործողությունների մեկնարկից ավելի քան հինգ ամիս անց ՄԱԿ ԱԽ-ն բանաձև ընդունեց

Մարտ 26,2024 10:59

Հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողություններից ավելի քան հինգ ամիս անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաջողվեց Գազայում ստեղծված դրության հետ կապված բանաձև ընդունել։ Այն ողջունվեց ծափահարություններով։

Խոր մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում առկա մարդասիրական աղետալի իրավիճակի վերաբերյալ՝ բանաձևը բոլոր կողմերին պահանջում է «Ռամադանի ամսում (իսլամական աշխարհում այժմ պահքի ամիսն է – խմբ․) անմիջապես հրադադար հաստատել, որն էլ պետք է հաջորդվի կայուն տևական հրադադարով»։

Ի հավելումն վերոնշյալի՝ Անվտանգության խորհրդի բանաձևը պահանջում է անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող անձանց, իսկ կալանավորված անձանց վերաբերվել միջազգային պարտավորություններին համաձայն։ Կա նաև Գազայի բնակչության բժշկական և մարդասիրական այլ կարիքները հոգալու նպատակով մարդասիրական մուտք արտոնելու պահանջ։

 

Այս բանաձևը պետք է իրագործվի․ Գուտերեշ

Խորհրդի 15 անդամներից 14-ը, այդ թվում մշտական անդամներ Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը և Չինաստանը կողմ արտահայտվեցին բանաձևի ընդունմանը, իսկ մշտական անդամ Միացյալ Նահանգները ձեռնպահ մնաց։

«ԱԽ-ն հաստատեց Գազայի մասին երկար սպասված բանաձևը․․․Այս բանաձևը պետք է իրագործվի։ Ձախողումն աններելի կլինի», – արձագանքել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

 

ԱՄՆ-ն չարգելափակեց բանաձևի ընդունումը

Միացյալ Նահանգների վետոն կարգելափակեր բանաձևի ընդունումը։ «Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին մեր խմբագրական առաջարկներից որոշները հաշվի առնելու համար։ Միևնույն է, մի քանի շատ կարևոր առաջարկներ մերժվել են, որի թվում ՀԱՄԱՍ-ին դատապարտելու կոչն էր։ Բանաձևում առկա ամեն դրույթի հետ համաձայն չենք, ուստի չկարողացանք կողմ քվեարկել,» – մանրամասնելով Վաշինգտոնի դիրքորոշումը՝ հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

 

Այս Խորհուրդը հրաժարվեց դատապարտել հոկտեմբերի 7-ի սպանդը․ Էրդան

«Ցավոք, այսօր այս Խորհուրդը հրաժարվեց դատապարտել հոկտեմբերի 7-ի սպանդը։ Սա խայտառակություն է», – իր պետության վրդովմունքն է արտահայտել նիստին մասնակցող Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։

Ի պատասխան ԱՄՆ ձեռնպահ քվեարկությանը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների կայանալիք այցը Վաշինգտոն, որտեղ նախատեսվում էր քննարկել Իսրայելի հնարավոր ցամաքային գործողության հետևանքները Ռաֆահում, չի կայանա։ Թել Ավիվում ԱՄՆ աննախադեպ քվեարկությունը «հետ քայլ» են որակում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին հիասթափություն է հայտնել չեղարկված այցի հետ կապված և նշել, որ Ռաֆահում հնարավոր ռազմական գործողության մասին ամերիկյան մտահոգություններն իսրայելցի պաշտոնյաներին միևնույն է կհաղորդեն։

 

Կյանքը պետք է շարունակվի Գազայում․ Մանսուր

«Սա պետք է լինի շրջադարձային կետ, սա պետք է հանգեցնի տեղում կյանքեր փրկելուն, սա պետք է ազդարարի մեր ժողովրդի դեմ վայրագությունների և հարձակման ավարտը», – բանաձևի ընդունման կապակցությամբ հայտարարել է նիստին մասնակցող Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը։

Ըստ պաղեստինցի պաշտոնյայի՝ միջազգային իրավունքի գերակայությունը ոչնչացվում է Իսրայելի հանցագործությունների պատճառով: Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները կատարելու փոխարեն Իսրայելը կրկնապատկել է իր գործողությունների ծավալը։ «1948-ից մինչ 2024-ը մենք պայքարել ենք, մենք ողջ ենք մնացել, մենք վերածնվել ենք՝ կրկին մահի առջև կանգնելու համար։ Կյանքը պետք է շարունակվի Գազայում, ազատությունը պետք է շարունակվի Պաղեստինում», – արցունքն աչքերին ասել է դիվանագետը։

 

Հրադադարը «մշտական» չէ

Նախքան բանաձևը կդրվեր քվեարկության, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան դժգոհություն է հայտնել, որ բանաձևի քննարկման նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ հեռացվել է «մշտական հրադադար» եզրույթը։ «Այն, ինչ այժմ կա չափազանց երկիմաստ է, որը կարող է Իսրայելին թույլ տալ ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները» – մտահոգություն է հայտնել Նեբենզյան։ Մոսկվան առաջարկել է վերադարձնել «մշտական հրադադար» եզրույթը, որը 3 կողմ (ՌԴ, Ալժիր, Չինաստան), 1 դեմ (ԱՄՆ) և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվել է։

 

Բանաձևն ունի՞ պարտադիր իրավական ուժ

Հակասություններ կային նաև բանաձևի բնույթի շուրջ։ Թեև ԱՄՆ ներկայացուցիչն իր խոսքում նշել էր, որ բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի, արաբական խմբի ներկայացուցիչները՝ հղում անելով ՄԱԿ կանոնադրության 25-րդ հոդվածին, ընդգծել են, որ ԱԽ բանաձևերը ենթակա են պարտադիր կատարման։ 25-րդ հոդվածում ասվում է․ «Միավորված ազգերի կազմակերպության անդամները համաձայնության են գալիս ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին և կատարել դրանք»։

ՄԱԿ կայքի «հաճախ տրվող հարցեր» հատվածից էլ տեղեկանում ենք. «Ընդհանուր առմամբ, Կանոնադրության 7-րդ գլխին համաձայն Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը համարվում են պարտադիր՝ համաձայն Կանոնադրության 25-րդ հոդվածի։

Բանաձևը ԱԽ էին ներկայացրել Ալժիրը, Էկվադորը, Գայանան, Ճապոնիան, Մալթան, Մոզամբիկը, Կորեայի Հանրապետությունը, Սիերա Լեոնեն, Սլովենիան և Շվեյցարիան՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր բոլոր 10 անդամները։

 

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031