Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ի նպաստ իշխանության է հայհոյում, նրա նկատմամբ չեն հարուցում հետապնդում». փաստաբան. «Հրապարակ»

Մարտ 26,2024 10:34

2022 թվականին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում առնվազն 2 հոդված կա, որով դատվում են անմեղ մարդիկ։ Այսինքն՝ եթե անձը որեւէ հանցանք չի կատարել, ունի ակտիվ հասարակական կեցվածք, պարբերաբար իշխանությունների նկատմամբ սուր քննադատական խոսքով է հանդես գալիս, եւ կա նրան չեզոքացնելու անհրաժեշտություն, ապա անմիջապես հարուցվում են քրեական վարույթներ` «բռնության կոչի» կամ «խուլիգանության» հատկանիշներով։ Այս պահին բռնության կոչի կեղծ մեղադրանքներով դատվում են Նարեկ Մալյանը, Հրանտ Բագրատյանը, Արագած Ախոյանը եւ այլք: Օրերս «խուլիգանության» մեղադրանք առաջադրվեց «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։

Ըստ մեղադրանքի՝ նրանք փոդքաստի ընթացքում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչը Քննչական կոմիտեն համարել է խուլիգանություն։ Իրականում սա կարող էր վիրավորանք դիտվել, բայց վիրավորանքը մեզանում ապաքրեականացված է, եւ վիրավորված անձը` Նիկոլ Փաշինյանը, կարող էր դիմել քաղաքացիական դատարան` պահանջելով հերքում կամ վնասի փոխհատուցում: Սակայն քանի որ անհրաժեշտ էր, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեին, ուստի «աշխատեցրել» են Քրեական օրենսգիրքը։

Գուրգեն Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ պաշտոնյաներին ուղղված հրապարակային քննադատական խոսքում հայհոյանքը կարո՞ղ է դիտարկվել որպես խուլիգանություն։ «Մենք առաջնորդվում էինք Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով՝ ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ, ըստ որի՝ անձը կարող է ազատ արտահայտվել, եւ նրան ազատ խոսքի իրավունքից չի կարելի զրկել, մինչեւ այն պահը, երբ սկսվում են այլ անձի իրավունքները։ Մենք հղում էինք կատարում Եվրադատարանի մի շարք վճիռների, եւ ՄԱԿ-ի որոշում էլ կա, ըստ որոնց՝ պաշտոնատար անձինք կարող են ավելի շատ քննադատվել, իրենց քննադատելը նորմալ է, այդ թվում՝ նաեւ հայհոյելը։ Կա Եվրոպական դատարանի վճիռ, որում խոսք է գնում պետություններից մեկի վարչապետի մասին, եւ դատարանը գտել էր, որ հայհոյելը նորմալ է, այսինքն՝ այդ արարքն իր մեջ խուլիգանության հանցակազմ չի պարունակում։ Այսինքն՝ քրեական որակում չէին տվել, դիտել էին ազատ խոսքի արտահայտման համատեքստում, պաշտոնատար անձանց քննադատելու համատեքստում, եւ վարույթ չէր սկսվել այդ անձանց նկատմամբ։ Ես՝ ինքս համարում եմ, որ դա խուլիգանություն չէ, այսինքն՝ հասարակական կարգ ասվածը չի կարող տուժել։ Երբ մենք մեր երկրի այսօրվա վիճակը տեսնում ենք, յուրաքանչյուր կին կամ տղամարդ հայհոյանք էլ է գրում, ամեն ինչ էլ անում է, բայց արի ու տես, որ կիրառվում են երկակի ստանդարտներ․ մեկի նկատմամբ հետապնդում է իրականացվում, մյուսի նկատմամբ՝ ոչ, որովհետեւ ով ի նպաստ իշխանության է հայհոյում, նրա նկատմամբ չեն հարուցում հետապնդում։ Այսինքն՝ եթե մեզ ես հայհոյում, ապա քո դեմ քրեական գործ կհարուցվի, իսկ եթե հակառակորդ կողմին ես հայհոյում, ապա մի բան էլ ողջունում ենք»,- պատասխանեց փաստաբանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031