Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռվարարությունը» երբեմն առողջական խնդիրների ցուցիչ է

Մարտ 26,2024 09:30

Մեր շրջապատում մեզ հաճախ են հանդիպում դյուրագրգիռ մարդիկ, որոնք կարող են բռնկվել կամ ագրեսիվ պահվածք ցուցաբերել անգամ ամենասովորական իրավիճակներում, ինքներս էլ հաճախ անվերահսկելի զայրույթ ու գրգռվածություն ենք զգում՝ չխորանալով այդ վիճակի առաջացման պատճառների մեջ։ Ուստի մինչ ինչ-որ մեկի հետ վիճաբանության մեջ մտնելն ու տրամադրությունը փչացնելը, հիշենք, որ դյուրագրգիռությունը սոսկ հոգեհուզական վիճակ չէ․ այն առողջական որոշ խնդիրների մասին կարող է հուշել, և այդ խնդիրների հայտնաբերումն ու բուժումն էլ կարող է նպաստել դյուրագրգիռությունից և նմանատիպ բացասական հույզերից ազատվելու հարցում։ 

Դիտարկենք հոգեկան ու ֆիզիկական առողջությանն առնչվող այն խնդիրները, որոնք կարող են դյուրագրգիռության, նյարդայնության, «կռվարարության» պատճառ դառնալ։ 

Սթրես

Այդ ցուցակի մեջ, իհարկե, առաջին տեղում սթրեսն է, որը կարող է կապված լինել կյանքի ամենատարբեր ոլորտների հետ՝ աշխատանքի, ուսուցման և այլն, առաջանալ վշտի, դժբախտ պատահարի հետևանքով, և նման դեպքերում, պարզ է, որ սթրեսային վիճակում գտնվող մարդը կարող է պակաս համբերատար լինել շրջապատի նկատմամբ։ Դա նորմալ է համարվում, սակայն երկարատև սթրեսը կարող է հանգեցնել հուզական այրման, որից խուսափելու համար պետք է հնարավորինս շուտ փորձել ձերբազատվել սթրես առաջացնող գործոններից ու միջոցներ ձեռնարկել բացասական հույզերը հաղթահարելու համար։ 

Դեպրեսիա

Դեպրեսիան դրսևորվում է շատ տարբեր ախտանշաններով և ընդհանուր առմամբ կարող է տևական տխրության, հոգնածության ու դուրագրգիռության պատճառ դառնալ։ 

Դեպրեսիայի վաղ ախտանշաններից է խիստ դյուրագրգիռ վիճակը, որն ավելի հաճախ է արտահայտվում տղամարդկանց դեպքում և կարող է զուգակցվել ագրեսիվ վարքագծով, ռիսկային գործողություններ կատարելու, հոգեակտիվ նյութեր օգտագործելու ցանկությամբ։

ԱՄՆ հոգեկան առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ մարդու մոտ կարող է սկսվել դեպրեսիա, եթե 2 և ավելի շաբաթվա ընթացքում մարդը պարբերաբար ունենում է այս ախտանշաններից՝ 

  • մեղքի, անպետքության, անհուսության զգացում,
  • նախկինում հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ,
  • հոգնածություն,
  • հիշողության կամ կենտրոնացման հետ կապված խնդիրներ,
  • գլխացավեր,
  • մարսողական խնդիրներ,
  • ախորժակի կամ քաշի հանկարծակի փոփոխություններ։

Իհարկե, ոչ բոլորն են ունենում այս բոլոր ախտանշանները, և դրանք կարող են տարբեր մարդկանց մոտ տարբեր լինել իրենց տևողությամբ ու ծանրության աստիճանով։ 

Անհանգստություն, տագնապ

Տագնապի զգացումը կարող է առաջանալ ի պատասխան կյանքում պատահող տարատեսակ սթրեսային իրավիճակների՝ աշխատանքային խնդիրների, քննությունից առաջ և այլն։ Տագնապի այդ տեսակը սովորաբար անցնում է սթրեսային իրավիճակը հաղթահարելուց հետո։ Սակայն որոշ դեպքերում տագնապը կարող է պահպանվել և ուժեղանալ՝ լրջորեն ազդելով մարդու կենսագործունեության վրա։ 

6 ամիս և ավելի տևող տագնապն ու անհանգստությունը կարող է խոսել ընդհանրացված տագնապային խանգարման մասին, որի ախտանշանները ներառում են՝

  • դյուրագրգիռություն,
  • հաճախասրտություն,
  • մակերեսային շնչառություն,
  • մկանային լարվածություն,
  • ուշադրությունը կենտրոնացնելու և որոշումներ կայացնելու հետ կապված դժվարություններ,
  • քնելու հետ կապված խնդիրներ,
  • տագնապային գրոհներ։

Ֆոբիաներ

Սա ևս տագնապային խանգարման մի տեսակ է։ «Ֆոբիա» եզրույթով նկարագրվում է չափազանց մեծ վախը ինչ-որ առարկայից, իրավիճակից կամ մարդուց։ Այս դեպքում ևս մարդու մոտ կարող է դյուրագրգիռություն, ընկճվածություն, տագնապ առաջանալ անգամ ֆոբիա առաջացնող երևույթների մասին մտածելիս։ 

Անքնություն

Անքնությունը կամ քնի պակասը ևս դյուրագրգիռության պատճառ կարող է դառնալ։ Դա հատկապես դրսևորվում է երեխաների մոտ։ Քնի մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին քնել օրական 7 ժամից ոչ պակաս, դեռահասներին՝ 8-10 ժամ, մանկահասակ երեխաները կարող են ավելի երկար քնել։

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կամ հիպոգլիկեմիան կարող է ազդել մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակի վրա։ Խնդիրը սոսկ դիաբետ ունեցող մարդկանց չի վերաբերվում, առողջ մարդկանց արյան մեջ ևս կարող է իջնել շաքարի մակարդակը երկար ժամանակ չսնվելու, քաղցածության դեպքում։

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը կարող է առաջացնել հետևյալ ախտանշանները՝

  • դյուրագրգիռություն, նյարդայնություն,
  • ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններ,
  • սրտի զարկերի արագացում,
  • դող,
  • գլխացավ,
  • քնկոտություն,
  • գլխապտույտ և այլն։

 Հիպոգլիկեմիան նաև կարող է ազդել մարդու քնի վրա։ Մարդիկ կարող են մղձավանջներ տեսնել կամ գերքրտնարտադրություն ունենալ գիշերվա ընթացքում։

Հորմոնալ անհավասարակշռություն

Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է ֆիզիկական ու հոգեբանական տարբեր խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ դյուրագրգիռություն։ Մարդու հորմոնալ ֆոնի կարող են ազդել սթրեսը, թերսնուցումը, անքնությունը, ինչպես նաև առողջական բազմաթիվ վիճակներ, այդ թվում՝

  • դիաբետը,
  • վահանաձև գեղձի գերֆունկցիան՝ հիպերթիրեոզը,
  • ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը,
  • դաշտանադադարը,
  • տղամարդկանց դեպքում դյուրագրգիռության պատճառ կարող է լինել տեստոստերոնի ցածր մակարդակն ու էստրոգենի բարձր մակարդակը,
  • կանանց դեպքում՝ տեստոստերոնի բարձր մակարդակը և այլն։

Նախադաշտանային համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշը հորմոնալ անհավասարակշռության դրսևորում է, որը կարող է հանգեցնել տրամադրության փոփոխությունների ու դյուրագրգիռության։ 

Նախադաշտանային համախտանիշը շատ տարածված է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում և դյուրագրգիռությունից զատ կարող է առաջացնել՝

  • գլխացավեր,
  • հոգնածություն,
  • վատ տրամադրություն,
  • լացելու ցանկություն,
  • ուտելու ցանկություն,
  • որովայնի փքվածություն,
  • կրծքագեղձերի զգայունություն և ցավոտություն,
  • փորկապություն կամ փորլուծություն և այլն։

Դյուրագրգիռությունը երեխաների մոտ

Երեխաների դեպքում դյուրագրգիռությունը, սովորաբար, զարգացման ընթացքում դրսևորվող նորմալ հույզերից է, սակայն այն կարող է վիրուսային կամ բակտերիալ վարակների նախանշաններից լինել։ 

Երեխաների ու դեռահասների մոտ որոշ դեպքերում դյուրագրգիռությունը կարող է հուշել՝

Մեծահասակների շրջանում դյուրագրգիռությունը, տրամադրության փոփոխությունները կարող են Ալցհայմերի հիվանդության վաղ ախտանշաններից լինել։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031