Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Մենք պետք է այս միակողմանի զիջումների կործանարար շղթան դադարեցնենք»

Մարտ 25,2024 23:57

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը  համացանցում նոր սկանդալային մերկացումներ է արել:

«Սիրելի հայրենակիցներ, միանգամից անցնենք գործի: Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել միանգամից 18 հայի նկատմամբ: Նրանք մեղադրվում են Բաղանիս Այրում գյուղում 90-ականներին, իբր, ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ըստ այս լուրի, 90 թվականին 10 մարդ է զոհվել, որոնց թվում երեխա եւ կանայք, տներ են հրկիզվել եւ գյուղից 400-ից ավելի բնակիչներ են տեղահանվել: Ահա ադրբեջանական պրոպագանդան ինչպես է աշխատում: Կիրակի օրով, մարտի 24-ին հայտարարություն են անում, որի համատեքստն այն է, որ Հայաստանում քննարկվում է այս տարածքներից դուրս գալու հարցը, որը սահմանազատման մաս պետք է լիներ, բայց այն միակողմանի է:

Ի՞նչ են անում ադրբեջանական պրոպագանդան, իշխանությունը: Նոր մեղադրանքներ հայկական կողմին, հիմա էլ՝ ցեղասպանության նոր թեզ: Խոջալուի «ցեղասպանությունը» դրոշ սարքած, հիմա էլ նոր ցեղասպանության՝ արդեն Հայաստանի սահմանին եղած գյուղերի տարածքների տեղահանման, էթնիկ զտման վերաբերյալ: Դրան գումարած, Հայաստանում քննարկումներ են գնում այն մասին, որ որեւէ գյուղ չի վերադարձվում, դրանք ինչ-որ ավերակներ են: Ու մեզ վստահեցնում են, թե այդ ավերակները մենք ենք իրականացրել եւ այդ ավերակների համար փոխհատուցում պետք է վճարել: Հիմա կհաշվեն, թե այնտեղ քանի տուն է ավերվել: Այս ամենը որեւէ կերպ չի տանում խաղաղության, խաղաղության հետ կապ չունի: Խաղաղության հետ կապ ունեցող գործընթացը չի նշանակում, որ կողմերն անդադար միմյանց մեղադրանքներ ներկայացնեն: Եվ այս պարագայում միայն Ադրբեջանն է անդադար մեղադրանքներ ներկայացնում:

Դուք հիշում եք տարեց ծեր զույգի սպանությունը, երբ հարձակում էր եղել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Ականջներ կտրել, գլխատված զինվորներ, քաղաքացիական անձինք, 44-օրյա պատերազմի ժամանակ էլի գլխատվածներ:

Ահաբեկչական կազմակերպություն «Իսլամական պետության» ոճով ադրբեջանական բանակը, զինված ուժերը կամ  հրոսակները հայերի նկատմամբ իրականացրել են նմանատիպ պատերազմական հանցագործություններ:

Ո՞ւր են այս մեղադրանքները: Ո՞ւր են այս գործերը: Ինչո՞ւ այս գործերը չեն բարձրաձայնվում, առաջ չեն մղվում:

Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ Հռոմի դատարանին ենք միացել: Եվ ժամկետն էլ այնպես ենք արձանագրել, որ կարողանանք սեպտեմբերի վայրագությունների, այդ սպանությունների, անզեն, ըստ էության ռազմագերու կարգավիճակում գտնվող զինվորների գնդակահարությունների գործերով ներկայացնել գանգատներ միջազգային քրեական դատարան, հետապնդել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհատ ներկայացուցիչների: Այս ամեն ինչը մենք ունենք ու Հայաստանում շարունակում ենք քննարկել, թե ինչ է պետք անել, որ խաղաղություն լինի, ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի այլեւս պատերազմ չլինի: Իսկ մեր նկատմամբ շարունակաբար նոր մեղադրանքներ են ծնվում՝ ցեղասպանության, հետո փոխհատուցումները կլինի: Եվ այս մեղադրանքներին վերջ ու սահման չկա: Ինչո՞ւ: Որովհետեւ երբ որ մենք գնում ենք միակողմանի զիջման եւ ոչ թե բանակցային գործընթացով մի ինչ-որ պրոցեսի, որի արդյունքով կողմերը գիծ են քաշում մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ եւ խաղաղության համաձայնության են գալիս: Հիմա գիծ չի քաշվում: Տպավորություն է, որ միայն հայկական կողմից է գիծ քաշվում: Եվ ադրբեջանական կողմը շարունակում է կառուցել իր քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ տարածքային պահանջներով, միջազգային քրեական մեղադրանքներով: Սրան գումարած, սպասեք նաեւ այլ սպառնալից հայտարարությունների:

Տեսեք, գործընթաց է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գան, կանգնեն այն գծի վրա, որը մենք ենք ճանաչում, բայց Ադրբեջանը չի ճանաչում: Ու դրան զուգահեռ արդեն կառուցվում է գործ, որ կան հիմա փնտրվող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում են գտնվում եւ եթե Հայաստանի Հանրապետությունը նրանց չի հանձնում, ինչպե՞ս կարող է խաղաղություն լինել: Այսինքն, Հայաստանն ըստ էության այս կեղծ ցեղասպանության թեզի վերաբերյալ բան չի խոսում:

Հիմա ի՞նչ է պետք անել: Եթե մենք բանակցային գործընթացով չենք հասել մի իրավիճակի, որ կողմերը գիծ են քաշում, ետ չեն նայում եւ խաղաղություն են կնքում, ինչը այսօր գոյություն չունի, միակողմանիորեն լռել որեւէ հանցագործության վերաբերյալ, միակողմանիորեն զիջել որեւէ բան՝ կապ չունի, թե ինչ, ոչ թե մեր լեգիտիմությունն է ապահովելու, այլ մեզ դատապարտելու է նորանոր կորուստների: Մենք պետք է այս միակողմանի զիջումների կործանարար շղթան դադարեցնենք: Ամեն օր Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ հայկական կողմի բարի կամքի դրսեւորման միակողմանի որեւէ գործողություն չի գնահատվելու:

Հույս ունենանք, որ միջազգային հանրությունն է գնահատելո՞ւ, Օ՜.դրա մասին շատ ենք խոսել: Միջազգային հանրությունը ինչպե՞ս է գնահատում. «Ողջունում ենք հայկական կողմի խիզախ քայլերը եւ այդ քայլերը շատ կարեւոր են խաղաղության համար»: Եվ ոչ մի խոսք՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որ նրանք նույնպես խիզախ քայլ անեն՝ ազատ արձակեն բոլոր ռազմական գերիներին: Միջազգային հանրությունը ողջունում է զիջող կողմին, իսկ զիջման չգնացող կողմին ոչինչ չի ասում»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031