Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս չեն թույլատրի, որ չորակավորված զբոսավարը կամ հյուրանոցատերը փչացնի երկրի իմիջը․ ի՞նչ է նախատեսում «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը

Մարտ 25,2024 21:12

2023 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության օրենքը «Զբոսաշրջության մասին», որտեղ մանրամասն ներկայացված են զբոսաշրջության բնագավառում կառավարության, զբոսաշրջային կոմիտեի լիազորությունները, զբոսաշրջիկի իրավունքները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց պարտականությունները։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

Aravot.am-ը Ազգային ժողովի պատգամավոր, զբոսաշրջային ոլորտում մեր փորձ ունեցող Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե օրենքն ի՞նչ կտա թե՛ զբոսաշրջիկին և թե՛ զբոսաշրջային ոլորտում ներգրավված անձանց, կազմակերպություններին։

«Օրենքը կարգավորում է զբոսաշրջության ոլորտը, իսկ զբոսաշրջությունը մեր տնտեսության գերակա ճյուղերից մեկն է։ Կառավարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը, որովհետև այն ՀՆԱ-ի մեջ լուրջ ազդեցություն է ունենում։

Ունենալով զբոսաշրջիկների Հայաստան այցելելու աննախադեպ հոսք՝ թողնել այս ոլորտն առանց կարգավորման, շատ սխալ կլիներ, մանավանդ, նորից եմ կրկնում, այն գերակա ճյուղ է մեր տնտեսության մեջ։

Այս օրենքի վրա շատ երկար աշխատել ենք, որպեսզի ունենանք հնարավորինս լուրջ կարգավորումներով, վերահսկողությամբ օրենք։

Զբոսաշրջիկների հոսքն անկառավարելի է, անկառավարելի ասելով՝ ի նկատի չունեմ կառավարել զբոսաշրջիկին, թեև դա էլ ինչ-որ չափով ազգային անվտանգության հարց է, բայց մենք չենք գնում այն ճանապարհով, ոնց որ նախկինում էր՝ Սովետական Միության ժամանակ զբոսաշրջիկը նշանակետի տակ էր», -ասում է պատգամավորը։

Դավիթ Առուշանյանը նշում է՝ մինչ այս օրենքի ընդունումը ՀՀ-ում ով ցանկանար, կարող էր զբոսավար աշխատել, այժմ պահանջվում է մասնագիտական որակավորում ստանալ։

Օրենքում զբոսավար տերմինը հետևյալ սահմանումն ունի․ «Զբոսավար` սույն օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ստացած անձ, որը զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, նվաճումների, բնության, աշխարհագրության, պետության կառուցվածքի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կենցաղավարության մասին և զբոսաշրջային երթուղու շրջանակներում մատուցում է զբոսաշրջիկների դիմավորման, տեղաբաշխման, տեղավորման, սննդի կազմակերպման և այլ ծառայություններ»։

Դավիթ Առուշանյանն ասում է․ «ՀՀ-ում նախկինում բոլորը կարող էին լինել զբոսավարներ, տուրօպերատորներ, որոնք ընդունում էին զբոսաշրջիկներ, և տուրգործակալներ, որոնք ուղարկում են Հայաստանից դուրս։ Օտարերկրյա զբոսավարները կարող էին իրենց զբոսաշրջիկներին բերել Հայաստան և պատմել այն պատմությունը, ինչ-որ իրենք պատկերացնում են։

Օրինակ՝ եթե Գյումրին վերցնենք, պատկերացրեք գերմանացի կամ իտալացի զբոսաշրջիկին, որն այդքան էլ չի խորացել մեր տարածաշրջանի կամ Հայաստանի պատմության մեջ, ինչ ձևով կարելի է ներկայացնել մեր քաղաքը, եթե նա Կարսից հետո գալիս է Գյումրիում պտտվելու․ որը որինն է եղել ժամանակին կամ որտեղ ովքեր են ապրել ժամանակին։ Ինքն իր մեջ ներառում է նաև ազգային անվտանգության խնդիր։ Նույն խնդիրը կա նաև Լոռու մարզում, այնտեղ շատ եկեղեցիներ կան, որոնք հայկական են, բայց շատ զբոսավարներ այլ կերպ են ներկայացնում այդ եկեղեցիները։

Այս օրենքի ընդունմամբ՝ բոլորը լիցենզավորվում են, այսինքն՝ պարտադիր հայտարարագրման ենթակա են, չի կարող որևէ օտարերկրացի, եթե չունի հայտարարագիր, կարողանա գալ ու Հայաստանում օտարերկրացի զբոսաշրջիկին պատմել Հայաստանի պատմությունը, մշակույթը, մանավանդ լավ գիտեք, որ մենք ոչ միայն պայքարում ենք մեր հարևանների հետ մարտի դաշտում, այլ նաև պայքարում ենք զբոսաշրջության ոլորտում, մշակութային ոլորտում, նույնիսկ խոհանոցում ենք պայքար մղում։

Այդ ամենը ճիշտ ներկայացնելը շատ կարևոր է։

Նաև հայաստանյան զբոսավարների համար է այս գործընթացը, որովհետև ամեն մարդ չի կարող զբոսավար լինել։ Զբոսավարներն այս օրենքով պարտադիր դասընթացներ են անցնելու, որից հետո նոր հայտարարագրվեն և հնարավորություն ունենան զբոսաշրջիկին ներկայացնելու Հայաստանի պատմությունը։

Վստահորեն կարող եմ ասել՝ լավ պատմության ուսուցիչը կամ ուսուցչուհին չի կարող լավ զբոսավար լինել, լավ գիտի մեր պատմությունը, չի խեղաթյուրի, բայց լավ զբոսավար լինելու համար այլ հմտություններ են նաև պետք։ Այսօր կառավարությունը մեծ գումարներ է ներդնում, միայն 2024 թվականին զբոսաշրջության մարկետինգի բյուջեն 1 միլիարդ 500 միլիոն է դարձել։ 2023 թվականին 1 միլիարդ էր, դրանից առաջ եղել է 200 միլիոն։

Պատկերացրեք մեր քաղաքացիների վճարած հարկերից երկրի վարկանիշը բարձրացնելու համար մենք ծախսում ենք 1 միլիարդ 500 միլիոն դրամ, և զբոսավարը, որ հմտություններ չունի՝ պատմությունը ճիշտ ներկայացնելու կամ զբոսաշրջիկի հետ լավ վերաբերվելու, փչացնելու է այդ ամենը։

Այն զբոսաշրջիկը, որը եկավ Հայաստան, վատ զբոսաշրջային ընկերության կամ վատ տրանսպորտային միջոցով պտտվեց Հայաստանում, ոչ միայն ինքը չի գալու հաջորդ անգամ, այլ նաև իր շրջապատին ասելու է՝ Հայաստանում գովազդին մի խաբվեք, այն չէ, այլ պատկեր է, ինչ որ կա։

Դրա համար տրանսպորտային ընկերությունները, մեքենաները, զբոսաշրջային ընկերությունները, զբոսավարները, հյուրանոցները, բոլորը համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին, բոլոր լինելու են ավելի անվտանգ, ստուգված, վերապատրաստված։

Այն իմիջը, որը փորձում ենք աշխարհին տալ, համապատասխանեցվելու է դրան, այսինքն՝ դրսում ուրիշ բան չենք գովազդելու, գա մեր մոտ ուրիշ բան տեսնի, քո սերվիսն էլ պիտի համապատասխանի իմիջին, որի համար մեծ գումարներ են ծախսում։ Օրենքը հենց դրա համար է ընդունվել և հնարավորինս պիտի վերահսկելի դարձնել»։

Դավիթ Առուշանյանը մեկ կարևոր կետ ևս առանձնացնում է, այն զբոսաշրջային ընկերությունները, որոնք կազմակերպում են մեր համաքաղաքացիների հանգիստն այլ երկրում, սակայն խնդիրներ են առաջանում, ասենք՝ ճանապարհորդությունը չի ստացվում կամ մեկնում են, չեն կարող վերադառնալ , այս դեպքում ևս օրենքը լուծում է առաջարկում։ Հանգիստն է ապահովագրվում է, որպեսզի նման խարդախությունների պարագայում քաղաքացին վնաս չկրի։

«Չպիտի լինի նման դեպք, որ քաղաքացին գնա հանգստի, չկարողանա վերադառնալ , կամ Հայաստանում որևէ մեկը նրանից գումար չվերցնի ու անհետանա, քրեական գործեր բացվեն, այստեղ էական էլ չեն քրեական գործերը, քանի որ քաղաքացու հանգիստն արդեն փչացել է, գումարը կորել է»։

Ըստ պատգամավորի, օրենքը հնարավորություն է տալիս վերահսկել մատուցվող ծառայությունների որակը։

Մեր զրուցակցի ասելով՝ հյուրանոցները ևս որակավորում են անցնելու օրենքի կետով։ Այս դեպքում միջազգային հյուրանոցների ասոցիացիայի անդամ հանդիսացող ասոցիացիան կզբաղվի հյուրանոցների որակավորմամբ։

«Դա էլ շատ կարևոր․ զբոսաշրջիկը օրինակ՝ հեռախոսային ծրագրերով կամ զբոսաշրջային ընկերության միջոցով ամրագրում է Գյումրիում հյուրանոց, որտեղ գրված է 5 աստղանի, գալիս է Հայաստան ու տեսնում, որ 5 աստղին չի համապատասխանում, մեր քաղաքի համար վարկանիշի լուրջ խնդիր է։

Այստեղ խնդիրն այն չէ, որ այդ հյուրանոցն է խաբել զբոսաշրջիկին, այլ այն, որ պետությունը կամ քաղաքը չի կարողացել վերահսկել, որպեսզի զբոսաշրջիկին չխաբեն։ Օրենքը վերահսկելու է, որ որևէ մեկն անձնական շահերից դրդված կամ այլ պատճառներով չխաղա երկրի կամ քաղաքի վարկանիշի հետ։

Այս երկրում, քաղաքում միայն իրենք չեն բնակվում, այլ բնակվում են մարդիկ, որոնք փորձում են իրենց արդար քրտինքով վաստակել իրենց եկամուտը, օրինակ՝ սրճարանների, հյուրանոցների աշխատակիցները, տաքսու վարորդները։ Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որից բոլոր ճյուղերն օգտվում են, ամենակազմակերպված կետից մինչև Գառնիում գաթա վաճառող տատիկը»,- ասում է Դավիթ Առուշանյանը։

Մեր հարցին՝ տաքսու վարորդների համար ի՞նչ կարգավորում կա, երբեմն նրանք են ամենաշատը խայտառակում երկիրը՝ զբոսաշրջիկներից մեծ գումար պահանջելով հենց օդանավակայանում, Դավիթ Առուշանյանն ասում է՝ մայրաքաղաքի օդանավակայանում հարցը կարգավորված է․ կա քաղաքային տրանսպորտ, նաև ընկերություն, որը զբաղվում է զբոսաշրջիկների տեղափոխմամբ, պիտի լուծում գտնել Գյումրիում։

«Այս խնդիրն ամբողջ աշխարհում է․ Փարիզի օդանավակայանում էլ կարող ես տեսնել նման մարդկանց, թեև վերահսկողությունը մեծ է և հնարավորինս քողարկված է ամեն բան, բայց զբոսաշրջիկը, որը դուրս է եկել մի քանի անգամ, շատ լավ գիտի, որ օդանավակայաններում նման բաներ լինելու են։

Օդանավակայանների տաքսի ծառայությունները բոլոր տեղերում նույնն են, այնպիսի տպավորություն է, որ իրար եղբայր լինեն, ուղղակի տարբեր լեզուներով են խոսում իրար հետ։

Այստեղ մտածելակերպի խնդիր է, եթե Գյումրու օդանավակայանում շաբաթական իջնում է մեկ կամ երկու ինքնաթիռ, տաքսու վարորդները եկամուտ են ստանում հենց այդ ինքնաթիռներից իջած զբոսաշրջիկից։ Եթե մենք հենց սկզբից կարողանում ենք ճիշտ կազմակերպել, հյուրընկալ դիմավորել, Գյումրու օդանավակայանից մինչ քաղաքի կենտրոն չենք վերցնում այնքան գումար, ինչքան որ Մոսկվայի կենտրոնից մինչև ասենք Շերեմետևոյի օդանավակայան, այդ մարդիկ շարունակելու են գալ։ Զբոսաշրջիկն այդ դեպքում շարունակելու է Գյումրի գալ, չի ասելու՝ Գյումրի չիջնեք, այլ Երևան իջեք։

Տաքսու վարորդն էլ պիտի հասկանա, որ իր եկամուտը զբոսաշրջիկների հոսքից է առաջանում, եթե վատ վերաբերմունք ցույց տվեց, ինքն իր եկամուտն է կտրում, իրեն է վնասում, պետք չէ հին կարծրատիպերով շարժվել։

Տաքսու վարորդ է, թե անձնագրայինի աշխատակից, ինձ համար ընդունելի չէ քաղաքի, երկրի վարկանիշի հետ խաղալը, այստեղ իր անձի խնդիրը չէ, այլ քաղաքի, երկրի, ու ամեն ոք պատասխանատվության զգացողություն պիտի ունենա, պիտի հասկանա՝ ինչքան վնաս է հասցնում երկրին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031