Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագծի շրջանակում մեկնարկել է «Կինոյի հիմունքներ» խորագրով երկշաբաթյա դասընթացը, որի շահառուները 12-15 տարեկան դպրոցականներն են:
Երկշաբաթյա դասընթացը վարում է կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ-ի դասախոս Արտյոմ Բաղդասարյանը։
Երկու շաբաթների համար մշակվել է կրթական ծրագիր, որը թույլ կտա մասնակիցներին յուրացնել տեսական գիտելիքներ և զինվել գործնական հմտություններով, իսկ ավարտին հանդես գալ միասնական ստեղծագործական աշխատանքով՝ ֆիլմով: Կինոժամանակից մինչև կինոարարում, մթնոլորտ, մոնտաժ, հայ կինո՝ Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ֆրունզե Դովլաթյանի և Արտավազդ Փելեշյանի ռեժիսորական նորարարություններով. դասընթացի ավարտին մասնակիցները կունենան կայուն գիտելիքներ:
Նախագծի հայաստանյան պրոդյուսեր, ԵԹԿՊԻ-ի միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի խոսքով՝ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները պատանիների կրթությունը կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Ֆաբուլա ֆիլմարտադրության լաբորատորիա» միջազգային նախագիծը թույլ է տալիս պատանիներին կինոարվեստի միջոցով ձեռք բերել կարևոր հմտություններ ամբողջ կյանքի համար և սովորել շրջապատող աշխարհի խենթությունների հետ վարվելու կանոնները: Ներգրավվելով կինոկրթության և կինոարտադրության գործընթացում՝ մասնակիցները ձեռք կբերեն ավելի խորը պատկերացում կյանքի դինամիկայի մասին և կմշակեն էական գործիքներ՝ արդյունավետորեն համագործակցելու ժամանակակից մարտահրավերների և ճգնաժամերի հետ:
Երկշաբաթյա դասընթացն իրականացվում է «Fabula Filmmaking Lab» միջազգային նախագծի շրջանակում՝ «Culture Connection Foundation»-ի և «German Marshall Fund»-ի մաս կազմող «Black Sea Trust for Regional Cooperation» հիմնադրամի աջակցությամբ։
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ