Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Խամոյա′ն, կարճ ասած՝ վատ չեն մեր գործերը»․ Վաղարշակ Հակոբյանը՝ Ագնեսա Խամոյանին

Մարտ 25,2024 18:52

«2023-ին հօգուտ ԵԱՏՄ բյուջե գանձվել է 473 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ստացվել է ընդամենը 181 միլիոն ԱՄՆ դոլար․ բացասական սալդոն 292 միլիոն ԱՄՆ դոլար»,-ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ներկայացնելով վճարված և ստացված մաքսատուրքերի վերաբերյալ ցուցանիշները։

Նա նշեց, որ էական աճ է գրանցվել  ԵԱՏՄ երկրներից ժամանած զբոսաշրջային այցելությունների գծով․ «2023-ին ՀՀ զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 2 միլիոն 316 հազար մարդ, ինչը 2022-ի համեմատ 39 տոկոսով աճել է։ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1 միլիոն 153 հազար մարդ, աճը՝ ընդհանուր այցելությունների մեջ 50 տոկոս։ Բելառուսի զբոսաշրջիկների թիվը՝ 18 հազար․ աճը ընդհանուր այցելությունների մեջ շուրջ մեկ տոկոս է»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց՝ ՌԴ-ի և Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում մեր գործերը ո՞նց են, 2018-ից հետո ռուսական կապիտալով ընկերությունների հետ որոշակի լարվածություն էր ստեղծվել՝ արդյոք այդ լարվածությունը թոթափվե՞լ է՝ խոսքը Գազպրոմի, երկաթուղիների մասին է, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ե′վ ԵԱՏՄ գործընկերների հետ, և′ ԵՄ-ի, և′ ԱՄՆ-ի հետ սերտորեն աշխատում ենք․․․Ամենօրյա ռեժիմով դետալային անում ենք ամեն ինչ, որ մի կողմից որևէ կերպ չներառվենք այդ պրովոկացիաների մեջ, և սանկցիայի տակ հայտնված ապրանքներ մեր տարածքով չգնան ԵԱՏՄ երկրներ, և դա մենք ապահովում ենք։ Մյուս կողմից բոլոր այն ապրանքները, որոնք այդ շարքին չեն դասվում, ամեն ինչ անում ենք, որ անարգել ներմուծվեն և արտահանվեն»։

Գևորգ Պապոյանն ասաց՝ ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված այդպիսի ձևակերպում չէր տա ու նշեց․ «Կարծում եմ՝ այդ ընկերությունները ՀՀ-ում աշխատում են ԵԱՏՄ և ՀՀ-ի օրենսդրության համաձայն։ Չկա Ձեր նշած ձևակերպումն այդ կազմակերպությունների նկատմամբ։ Աշխատանքային կարգով դրանցից մեկի ղեկավարի՝ Հարավկովկասյան երկաթուղիների նախագահի հետ ջերմ, բարեկամական աշխատանքային հանդիպում  եմ ունեցել»։

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, դիմելով Ագնեսա Խամոյանին, ասաց․ «Տիկին Խամոյա′ն, կարճ ասած՝ վատ չեն մեր գործերը»։

Ագնեսա Խամոյանը նաև հետաքրքրվեց՝ ի վերջո ԵԱՏՄ անդամ ղեկավարների մակարդակով նիստ ՀՀ-ում լինելո՞ւ է, թե՝ ոչ, որովհետև ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց․ «Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ նախագահող երկիր․ դրանից բխող կազմակերպչական գործերը պետք է անենք և անում ենք։ Եթե օրակարգում լինի այնպիսի հարց, որի մասին պետք է քննարկման արդյունքում տեղեկացվի, դա էլ կանենք։ Այս տարի հաստատվել է, որ ԵԱՏՄ նիստը պետք է տեղի ունենա ՌԴ-ում»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը, դիմելով Ագնեսա Խամոյանին, ասաց․ «Ես ուրիշ միտումներ եմ տեսնում ձեր հարցապնդումներում, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, 24 ժամ մտածենք՝ ոնց անենք, որ ՀՀ-ի տնտեսությանը օգնենք։ Եթե ՀՀ պետական պաշտոնյան չի գիտակցում՝ ինչն է ՀՀ տնտեսության շահը, մի վայրկյան հետո իրավունք չունի աշխատել պետական համակարգում»։ Ագնեսա Խամոյանն արձագանքեց․ «Ձեր ակնարկները չեմ հասկանում։ Չհասկացա՝ իմ հարցերում հակապետականը ո՞րն էր, բավականին նուրբ ձևակերպումներ օգտագործեցի, անգամ ակնարկեցի, որ գուցե հարցի այդ հատվածը փակ լիներ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031