Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վրա կենտրոնացած լինելու պայմաններում, չանտեսել Հարավային Կովկասը»

Մարտ 25,2024 18:40

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի չորս հիմնական բանախոսներն էին.

  • Էլս Վան Հուֆ՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
  • Փոլ Միերթս՝ միջազգային բանակցությունների վերլուծաբան և Քլինգենդաել ինստիտուտի համահիմնադիր
  • Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
  • Բենիամին Պողոսյան՝ «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի ավագ գիտաշխատող

Համաժողովի առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծության ենթարկել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության լույսի ներքո։ Բանախոսները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային հանրության արձագանքի տեսանկյուններից ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն են արժանացել միջնորդական ջանքերի կարևորության վերաբերյալ քննարկումները` անդրադարձ կատարելով հատկապես Եվրոպական միության դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագա հեռանկարները, հնարավոր զարգացումները և կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրավունքները պաշտպանելու համար:

Միջոցառումը մեկնարկել է սենատոր Դեմեսմեյքերի, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բացման խոսքերով:

Մասնավորապես, Մարկ Դեմեսմեյքերը նշել է. «Այցելելով Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջան՝ անմիջականորեն եմ տեսել հակամարտության ազդեցությունը: Ադրբեջանի ագրեսիան և Արցախի էթնիկ զտումները միանգամայն անընդունելի են։ Մենք պետք է ճնշում գործադրենք ԵՄ-ի և միջազգային հանրության վրա՝ վերջ տալու անպատժելիությանը: Կարևոր է՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վրա կենտրոնացած լինելու պայմաններում, չանտեսել Հարավային Կովկասը: Մենք չենք կարող անտեսել այս տարածաշրջանի տառապանքն ու անկայունությունը»։

Իր խոսքում Էլս Վան Հուֆը, մասնավորապես նշել է․ «Վերջերս Արցախի խորհրդարանի շենքի քանդումը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից շարունակապես «մշակութային զտումը»: Մենք չենք կարող լռել այս հարցում: ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և օգտագործի իր քաղաքական գործիքակազմը՝ դադարեցնելու հայերի հիմնարար իրավունքների խախտումները: Պատժամիջոցներ կիրառելու տարբերակը պետք է դիտարկել եվրոպական մակարդակում»:

Իր հերթին Փոլ Միերթսը, անդրադառնալով բանակցային գործընթացին, նշել է․ «Բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար պետք է համատեքստի փոփոխություն լինի։ Ուժն ու բանակցությունները միասին են ընթանում: Հայաստանը չի կարող բանակցությունների մեջ մտնել թուլացած դիրքերից։ Այսպիսով՝ Հայաստանի համար հրամայական է ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները և ամրապնդել իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ տարածաշրջանում կայունության համար»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները շարունակվեցին 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո: Հայաստան ժամանելուն պես Արցախի ժողովուրդը շարունակեց բախվել բազմաթիվ մարտահրավերների՝ նրանց կացության կարգավիճակից սկսած մինչև սոցիալական, բնակարանային, սննդի և աշխատանքի հետ կապված խնդիրները: Սեմինարը արժեքավոր հնարավորություն է ընձեռում անդրադառնալու այս խնդիրներին և լույս սփռելու Արցախի ժողովրդի առօրյա պայքարի վրա, ինչպես նաև նպաստելու միջազգային հանրության մոբիլիզացմանը՝ Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության գործում»։

Բենիամին Պողոսյանը շեշտադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցի քննարկումը՝ հայտարարելով. «Կար սկզբունքորեն թերի տրամաբանություն, որ Ադրբեջանի նկատմամբ հանդարտեցման քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանման ընդունումը ճանապարհ կհարթեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համար։ Փոխարենը, դա միայն ստիպեց Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել Հայաստանի նկատմամբ, և այժմ բախվում ենք Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի իրական սպառնալիքի՝ ռազմավարական նպատակ ունենալով բացել ցամաքային միջանցք Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ օկուպացնելով Հայաստանի որոշ հատվածներ»։

Իր խոսքում Գասպար Կարապետյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեմեսմեյքերին, բանախոսներին և ներկաներին՝ արցախահայության իրավունքներին իրենց աննկուն հավատարմության համար։ «Այս կլոր սեղանը կարևոր հարթակ է ծառայում երկխոսության խթանման և Արցախի հայ բնակչության անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն առաջ մղելուն: Բելգիայի և Եվրամիության անդամ բոլոր երկրների համար հրամայական է ճնշում գործադրել Ադրբեջանի դեմ՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումների համար՝ փաստացի վերջ դնելով Ադրբեջանի անպատժելիությանը: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու համար։ Շարունակական շահերի պաշտպանությունը մնում է առանցքային՝ տարածաշրջանում խաղաղության, արդարության և կայունության ապահովման համար»:

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում բանախոսներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հեռանկարային միջոցները:

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031