«Կարծում եմ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները շատ կարևոր են, որովհետև դա ստեղծում է մշակութային կապեր Հայաստանի և Եվրոպայի միջև։ Կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդն ունի իրական ձգտումներ դեպի եվրոպական արժեքներ և նրանք իրենց ճանաչում են որպես եվրոպական արժեքներ կրող»,- Aravot.am-ի փաստմանը՝ Հայաստանը փորձում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ և հարցին՝ այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության կարևորությունը, քանի որ այն տասնամյակների պատմություն ունի, այսպես պատասխանեց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգներից մեկի ժամանակ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Aravot.am-ի հետ զրույցում Նիկոլա Ազնավուրն արձանագրեց՝ արդեն կարող ենք տեսնել այդ համագործակցության պտուղները․ «Կարող ենք այսօր տեսնել արդեն այդ համագործակցության պտուղները Ֆրանսիայի հետ համագործակցության հարցում, տնտեսական համագործակցությունը եվրոպական այլ երկրների հետ։ Հիացած եմ եղած ներուժով, որը կարող է նպաստել ունենալ ավելի մոտ կապեր Հայաստանի և ԵՄ-ի միջև՝ հատկապես Ֆրանսիայի հետ, իհարկե, այս հարցում ես կողմնակալ եմ»։
Նիկոլա Ազնավուրը փաստեց՝ մշակութային միջոցառումները ևս մի ձև են ուժեղացնելու կապերը և նշեց․ «Դա ժամանակի, սերունդների հարց է։ Բայց ապագայում ի վերջո դա տեղի է ունենալու։ Կարծում եմ դա այն է, ինչ Հայաստանի ժողովուրդն է ուզում»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարը, քանի որ հայ ժողովուրդն ունի մեծ սպասելիքներ, իսկ ի՞նչ ունենք իրականում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես չեմ կարող խոսել ԵՄ-ի անունից, ես կարող եմ խոսել միայն այն ծրագրերի մասին, որոնք մենք իրականացնում ենք Հայաստանում։ Այդ ծրագրերն իրականացնում ենք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Բելգիայի և շատ այլ երկրների աջակցությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ