«2023-ի ընթացքում ԵԱՏՄ անդամակցության շրջանակում մի շարք ոլորտներում տնտեսական ցուցանիշների դրական տեղաշարժեր են գրանցվել»,- ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա, հղում կատարելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, առևտրաշրջանառության որոշ ցուցանիշներ ներկայացրեց․ «2023-ին ՀՀ-ի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 7 միլիարդ 616 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով։ 2023-ին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ կազմել է 3 միլիարդ 609 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2022-ի համեմատ 41 տոկոսով աճել է․ 2022-ին այն կազմել է 2 միլիարդ 564 միլիոն դոլար։ ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծումը՝ ըստ ծագման երկրի հատկանիշի գերազանցել է 4 միլիարդ ամերիկյան դոլար․ մոտ 45 տոկոսով աճել է»։
2023-ին ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 միլիարդ 306 միլիոն ԱՄՆ դոլար՝ աճելով 43 տոկոսով, իսկ արտահանումը կազմել է 3 միլիարդ 418 միլիոն ԱՄՆ դոլար, աճել է 39 տոկոսով, ներմուծումը 3 միլիարդ 887 միլիոն դոլար է կազմել, ինչն աճել է 47 տոկոսով։
Նախարարը թվարկեց, թե ՀՀ-ից ՌԴ արտահանված հիմնական ապրանքները, որոնք են՝ հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի համար, ադամանդ, ալկոհոլ, խմիչքներ, մոնիտոր, պրոյեկտոր, երկաթահամաձուլվածք․ «Հիմնականում ներմուծում են ոսկի, ոսկու փոշի, գազ՝ բնական և հեղուկ, ադամանդ, նավթ նավթամթերք և պլատին»։
Կարդացեք նաև
Բելառուսի և մյուս երկրների հետ մեծ չեն առևտրաշրջանառության ծավալները․ «Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 182 միլիոն ԱՄՆ դոլար՝ նվազել է 3 տոկոսով, հիմնականում Բելառուս արտահանում ենք հեռախոսային ապրանքներ, համակարգեր, ալկոհոլային խմիչքներ, ներմուծում ենք ադամանդ, կաթ, սերուցք, անտառանյութ և այլն։ Ղազախստանի հետ առևտրաշրջանառության հարցում կա դրական միտում․ այն կազմել է 100 միլիոն դոլարից ավելի՝ աճել է 2,4 անգամ։ Արտահանումը ՀՀ-ից Ղազախստան աճել է 3,8 անգամ, ներմուծումը՝ 29,2 միլիոն դոլար։ ՀՀ-ից Ղազախստան հիմնականում արտահանում ենք մարդատար ավտոմեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, սառնարան, սառցարան, ծխախոտային արտադրանք, էլեկտրական կուտակիչներ, մշակված ալյումին և այլն։ Ղրղըզստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 27,8 միլիոն ԱՄՆ դոլար․ աճել է 4,2 անգամ»։
Ներդրումների մասին Գևորգ Պապոյանն ասաց․ «2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 278 միլիոն ԱՄՆ դոլար, ուղղակի ներդրումները կազմել են 360 միլիոն ԱՄՆ դոլար, որից ԵԱՏՄ երկրներից ներդրումների ծավալը՝ 58 միլիոն ԱՄՆ դոլար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ