Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններն այսօր միայն մեկ նպատակ ունեն՝ շեֆին զեկուցել, որ փռեցինք ասֆալտներին»․ Գեղամ Մանուկյան

Մարտ 25,2024 17:41

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին Նարեկ Սամսոնյանի ձերբակալության վերաբերյալ։

Պատգամավորը նշեց, որ մեղմ ասած, ձերբակալությունը տեղի է ունեցել անհարկի ուժի գործադրմամբ։ «Համեմատում եմ, թե ինչպես էին ձերբակալել այն մարդասպանին, որը 17 տարեկան տղայի կյանք էր խլել եւ փախել Սիսիան։ Հայտնի անձնավորության ասած՝ կուլտուրական, օրենքի սահմաններում ուղեկցում էին։ Ինչո՞ւ, ինչ-որ մեկը պարտադրե՞լ էր, որ այդ կադրերը ստանաք, եւ ի՞նչ խնդիր եք լուծում։ Դուք տվյալներ եք ասում, որ ոստիկանության հեղինակությունն աճել է, բայց այդ գործողություններով հաստատ ոստիկանության հեղինակությունը չի աճի։ Լրագրողի կամ բլոգերի գլուխը գետնին խփելով կամ ահասարսուռ տեսարաններով ձերբակալություն»,- ասաց Գեղամ նազարյանը։

Վահե Ղազարյանը չպատասխանեց Գեղամ Նազարյանի հարցին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ՆԳ նախարարին, ասաց․ «Ներքին գործերի նախարարության հաշվետվությունը կարելի էր ծալել, դնել մի կողմ ու մի քանի օր առաջ լրագրող, բլոգեր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ուղղակի խայտառակ, ոստիկանական վայրագ գործողությունը ցույց տալ ու ասել՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն է, ժողովրդավարության բաստիոն։ Այդ ոստիկանները մի օր պատասխան են տալու, բայց իրենք այսօր միայն մեկ նպատակ ունեն՝ շեֆին զեկուցել, որ փռեցինք ասֆալտներին։ Բայց, օրինակ, պոռնոգրաֆիկ նյութեր տարածող, պոռնոգրաֆիկ ֆիլմերում նկարահանված, ներազգային թշնամանք սերմանող, արցախահայության դեմ հրապարակային արշավ անող, ադրբեջանցիների հետ համագործակցող Ռոման Բաղդասարյանի հետ քրեականի երկու աշխատող է ֆռում, ինչ է, թե համարվել է տուժող։ Նարեկ Սամսոնյանի վիդեոյից հետո Ներքին գործերի նախարարությանը հարց չի կարելի տալ»։

Ի պատասխան Վահե Ղազարյանն ասաց․ «Դրանով իմ կողմից հանձնարարվել է, ուսումնասիրություն է իրականացնում ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը։ Արդյունքների մասին  լրացուցիչ մենք ձեզ կտեղեկացնենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031