Լրահոս
Օրվա լրահոսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարզերում կանցկացնի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»

Մարտ 25,2024 17:37

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում իրականացվում  է նաև «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները:

2023 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից հայտարարվել էր «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դրամաշնորհային ծրագրին ներկայացրել էր «Հեքիաթի դեսպաններ» խորագիրը կրող գրադարանի հեղինակային նախագիծը:

Դրամաշնորհային մրցույթին գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով նախագիծն արժանացել է մրցանակի: Ներկայացված պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.europeanheritagedays.com/Story/Fairy-tales-Ambassadors:

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարզերի երեխաների համար կիրականացնի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»: Հայաստանի 2 մարզերում՝ Լոռիում՝ Սպիտակի քաղաքային գրադարանում և Տավուշում՝ Աչաջուրի մշակույթի տանը կստեղծվեն ընթերցանության անկյուններ նորատիպ գրքերով:

Ընթերցանության անկյունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան մարտի 27-ին՝ Սպիտակի քաղաքային գրադարանում և մարտի 29-ին՝ Աչաջուրի մշակույթի տանը:

Ծրագրի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանը կիրականացվի «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Կկազմակերպվեն տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ և քննարկումներ: Ապրիլ-մայիս ամիսներին Սպիտակի և Աչաջուրի   գրադարանների ընթերցող-երեխաները կմասնակցեն նկարազարդման վարպետության դասընթացի և կկատարեն թեմատիկ նկարազարդումներ:

Ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Փակման արարողության շրջանակում կցուցադրվեն ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումները, ԵՄ դեսպանների մասնակցությամբ տեղի կունենան հեքիաթապատումների շարք: Ծրագրի շրջանակում, մասնակից երեխաները Երևանում կայցելեն նաև մշակութային հաստատություններ, կշրջեն պատմամշակութային վայրերով:

Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հայտարարված «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ներկայացված 120 հայտերից մրցութային փուլը հաղթահարել և լավագույնների ցանկում են ընդգրկվել Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած  նախագծերը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031