Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Նիկոլ Փաշինյանը, շանտաժ անելով սեփական երկրի քաղաքացիներին՝ փորձում է ամբողջությամբ քայքայել Հայաստանի Հանրապետությունը»

Մարտ 25,2024 17:25

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամները Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու քաղաքական գործչի հիշատակին:

Սերժ Սարգսյանն այս անգամ չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ասաց. «Երկիրն օրհասական վիճակում է: Ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում, կոչվում է դավաճանական, կապիտուլյացիոն գծի շարունակություն, Հայաստանի Հանրապետության պետականության պաշարների հերթական սպառում, անվտանգային միջավայրի ջախջախում, որովհետեւ մենք բոլորս, կարծում եմ, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանում է, թե ինչից է բաղկացած անվտանգությունը: Եվ Նիկոլը բոլոր այդ բաղկացուցիչները շատ հաջողությամբ՝ մեր բոլորի, մեր ժողովրդի լուռ համաձայնությամբ, իր դավաճանական թիմի ակտիվ աջակցությամբ ուղղակի համոզելով, ոստիկանական բռնի ճնշումներ գործադրելով, խաբելով, մանիպուլացնելով, շանտաժ անելով սեփական երկրի քաղաքացիներին՝ փորձում է ամբողջությամբ քայքայել Հայաստանի Հանրապետությունը»:

Անդրադառնալով «եթե չտանք, պատերազմ կլինի» իշխանության թեզին՝ պարոն Զաքարյանը ասաց. «Դա շանտաժ է սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե դա ասեր որեւէ փորձագետ, կմտածեինք, թե փորձում է ասել, թե այլընտրանքային սցենարները ուր կարող են հասցնել: Բայց սրա մասին խոսում է ՀՀ կառավարության ղեկավարը, որն ի պաշտոնե նաեւ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության, ՀՀ սահմանների անձեռնմխելիության երաշխավորն է, պատերազմական իրավիճակում ոչ բարով՝ գերագույն գլխավոր հրամանատարը: Եվ նման շանտաժ սեփական ժողովրդին, նշանակում է, որ նա ասում է՝ իմ վրա հույս չդնեք, ես ձեր բոլորի անվտանգության, կյանքի, ապագայի վրա թքած ունեմ: Այս հողը պետք է տաք: Չէ՞, գնացեք պատերազմ անելու: Ինքը նույնիսկ չի էլ ասում. մենք ստիպված պետք է լինենք պատերազմի պատրաստվել, որի միջոցով կարողանալու ենք պաշտպանել մեր ինքնությունը, մեր անվտանգությունը, մեր պետականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը: Չի ասում այն, որ եթե մեր ճանապարհները մեր ձեռքից վերցնեն, կիսով չափ են դառնալու մեր ռազմավարական հաղորդակցության հնարավորությունները: Դրանից հետո բերելու են Տիգրանաշենի խնդիր բարձրացնեն ու ընդհանրապես ռազմավարական բոլոր տիպի կախվածությունները հետո դառնալու են փաստ, որի հիման վրա Հայաստանը ուղղակի շնչահեղձ իրավիճակում է լինելու: Իսկ թե սա երբ կավարտվի, արդեն կախված է մեր ժողովրդի տոկունությունից: Բայց գործը դրան չպետք է հասցնել եւ օր առաջ պետք է սրանց վռնդել»:

Իսկ թե ինչպե՞ս, Արտակ Զաքարյանն ասաց. «Ոտքի կանգնելով: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է գան այն եզրահանգման, որ յուրաքանչյուրից է կախված ազգի ճակատագիրը: Որեւէ մեկը թող տանը նստած չասի, թե «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմը» կամ մյուս շարժումներն են մեղավոր: Յուրաքանչյուր քաղաքացի մի անելիք ունի. դուրս գալ փողոց»:

Նախկին պաշտոնյայի խոսքով ՀՀԿ-ն հենց այս պահին էլ պատրաստ է: Ուղղակի պետք է վստահ լինի, որ հերթական անգամ ոստիկանության հետ բախում, դրանից հետո բռնաճնշումներ չեն լինի ու այդ շարժումն էլ նմանվի նախորդներին:

«Առավոտի» դիտարկմանը, թե ինչո՞ւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին քայլ անելուց առաջ չմտածեց, որ միեւնույն է, ոչինչ չի ստացվի եւ հաջողության հասավ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քայլ անելուց առաջ շատ լավ էլ գիտեր, որ ստացվելու է, որովհետեւ սա արեւմուտքի կողմից կազմակերպված մեծ ծրագիր էր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031