Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ այս իշխանությունների հետ ունեցած շփումների ու խզումների մասին

Մարտ 25,2024 17:05

«2018 թվականին ունեցանք իշխանափոխություն, դրեցինք անձի խնդիր, բոլորս ասացինք՝ սրանք չլինեն, ինչ ուզում է լինի: Էդ փորձն ունեցանք, տեսանք՝ արդյունքն ինչ ստացվեց: Հիմա պետք է խնդիրը դնել հետեւյալ կերպ, որ այսօր ով որ այդ հավակնությունը ներկայացնում է, պետք է ե՛ւ ծրագրային, ե՛ւ գաղափարային, ե՛ւ գործնական փաթեթ ունենա ու ներկայացնի, թե ինչ է անելու, մանավանդ այս ճգնաժամային իրավիճակում: Իսկ ծրագիր ասելով նկատի չունեմ էն ծրագիրը, որ Հայաստանում ասում են՝ կզարգացնենք տնտեսությունը, զարկ կտանք մշակույթին, չէ՛, շատ կոնկրետ՝ ինչ ես անելու անվտանգության ոլորտում, կրթության ոլորտում, տասը քայլ՝ ինչ ես անելու»,- այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ-Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով, այդ ամենի իրագործման առումով, իհարկե, ձեւն է կարեւոր, որովհետեւ, ըստ նրա, կարող ես ունենալ հոյակապ ծրագիր ու գաղափար, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող ես խնդիրը լուծել:

«Նման խնդիրներն այսպիսի իրավիճակներում լուծվում են ժողովրդական մեծ շարժումներով, համենայնդեպս, կուսակցական ձեւաչափով ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է նման խնդիր դնել ու լուծել: Մեր հասարակության գերխնդիրը պետք է լինի նման շարժում գեներացնելը: Բայց վերջին ամիսներին շարժում բառն էլ էլի Հայաստանում արժեզրկվում է: Չի կարելի տասը, հիսուն, թեկուզ հարյուր մարդ հավաքվի, ասի՝ շարժում ենք: Պետք է գտնել հասարակության համախմբման ձեւը ճիշտ գաղափարի շուրջ, բայց եւ հասարակությունը պետք է տեսնի ռեալ ուժ ես, գործ անող ես, վախեցող չես»,-ասուլիսին շարունակեց Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով, եթե խոսում են, որ Հայաստանի կառավարությունն ի զորու չէ անել այն, ինչ պետք է անի, ապա հասկանում են, որ դրանից բխում է, որ կառավարությունը պետք է փոխվի, բայց այդ փոփոխության խնդիրը պետք է լուծել գործնական քայլերով, քայլ առ քայլ:

Հրանտ-Տեր-Աբրահամյանը միֆ համարեց, թե ինքը ինչ-որ կապ է ունեցել 2018 թվականի իշխանափոխության հետ՝ ասելով, որ անձամբ ինքը 2018 թվականին չի աջակցել հեղափոխությանը, ոտք չի դրել այդտեղ, ինչու, որովհետեւ 2016–ից իր համար ձեւակերպել է, որ խնդիրը արտաքին է, ներքին սուր խնդիրներ այդ պահին դնել պետք չէ:

Նրա խոսքով, ինքը ճանաչել ու հասկացել է հեղափոխական միջավայրը. «Զգում էի, որ այդ միջավայրից այդ իրավիճակում, երբ արտաքին վտանգ կա, չի ծնվի այն իշխանությունը, որը ռեալ լուծումներ կտա: Ու այդ հարցում ճիշտ դուրս եկա»:

Հրանտ-Տեր-Աբրահամյանն ասաց, որ, այնուամենայնիվ, 2018-20 թթ եղել են շփումներ այս իշխանությունների հետ, ինչը ինքը համագործակցություն չի անվանի, եղել են առաջարկներ, տարբեր, գրավոր ձեւակերպված եւ այդ շփումները տեւել են մինչեւ 2020 թվականի պատերազմի ավարտը:

Պատերազմի ավարտը, ըստ նրա, սահման է եղել իր համար ու ինքը դրանից հետո գործնական շփում չի ունեցել ու չունի, գիտակցաբար է խզել, որովհետեւ համոզված է, որ սահմաններ կան, որոնք չի կարելի անցնել. «Ասել եմ, որ պատերազմը քաղաքական իմաստով աններելի է ու արդարացում չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային. 2010 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031