Թումանյան փողոցում կատարված ծառահատումները կրկին հանրային դժգոհություն են հարուցել, մարդիկ այդ թեմայով գրառումներ են արել սոցցանցերում:
Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Տարոն Գեւորգյանը հետեւյալը նշեց. «Կենսունակության ավարտին մոտ ծառերը փոխարինվում են Երեւանի կլիմային հարմարեցված, նոր, առողջ, գիտնականների հավանությանը արժանացած ծառատեսակներով: Այդ գործընթացն է այժմ ընթանում մի քանի փողոցներում»:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ծառերը հատվում, հանվում մայրաքաղաքի որոշ հատվածներում, մասնավորապես Թումանյան փողոցում եւ ինչո՞ւ չեն դիմել Բուսաբանության ինստիտուտին, ինչպես պնդում է Երեւանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը, այլ հետեւել են առանձին գիտնականների խորհրդատվությանը:
Կարդացեք նաև
«Ես լուրջ չեմ վերաբերվում Քրիստինա Վարդանյանի ասածներին, որովհետեւ որ ամիսը մեկ մի միտք է արտահայտում, հաջորդը ամիս արտահայտած միտքը հակասում է նախորդ ամսին արտահայտած մտքին»,-ասաց Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Ի դեպ, նույն Քրիստինա Վարդանյանը Հայկ Մարությանի՝ քաղաքապետ եղած տարիներին ապացուցում էր, որ թեղիները օրը առաջ պետք է մասսայաբար հատվեն Երեւան քաղաքում: Ինչ վերաբերվում է Բուսաբանության ինստիտուտին, նշեմ, որ Քրիստինա Վարդանյանը նախկինում երկու տարի աշխատել է մեր կազմակերպությունում, զրո գործ, զրո աշխատանք, զրո արդյունք: Դրան գումարած՝ ամոթ է, որ աշխատած լինելով կազմակերպությունում եւ լինելով փոխտնօրեն՝ նա չգիտի, որ մեր կազմակերպությունն է կայացնում որոշումներ, մեր ՀՈԱԿ-ը մասնագիտական կառույց է ՝ իր գիտնականներով, իր մասնագետներով:
Մեր դենդրոլոգները կայացրել են որոշում, բայց նաեւ նշեմ հետեւյալը այդ կնոջ՝ իրար հակասող կեղծիքներին դիմակայելու համար. քանի որ մեծ եւ հիմնական ռեֆորմներ ենք իրականացնում Երեւան քաղաքում կանաչապատման ոլորտում, մեր կազմակերպությանը կից ստեղծել ենք գիտատեխնիկական խորհուրդ եւ հրավիրել հանրապետության բոլոր բարձր գիտական աստիճան ունեցող անձանց, դոկտոր պրոֆեսորների, ակադեմիայի թղթակից անդամների:
Ահա այդ գիտական խորհրդում ներկա է նաեւ Բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավարը, որը այդ գիտատեխնիկական խորհրդի ղեկավարն է: Նաեւ բուսաբանության ինստիտուտից տարբեր պրոֆեսորներ են ներկայացված են այդ գիտատեխնիկական խորհրդում: Մեր դենդրոլոգների եզրակացությունները եւս մեկ անգամ հաստատել կամ հերքելու համար ենք ստեղծել այդ գիտատեխնիկական խորհուրդը: Նույն Բուսաբանության ինստիտուտի գիտնականները այդ խորհրդում կայացնում են որոշումներ, թե որ փողոցներն են ենթակա առաջնահերթ փոխարինման եւ ինչ ծառերով»:
Թումանյան փողոցի վերաբերյալ էլ Արմեն Բեգոյանը նշեց. «Թումանյան փողոցում իրականացվում են աշխատանքներ, Սարյանից մինչեւ Մաշտոց արդեն այդ աշխատանքներն ավարտված են: Թումանյան փողոցի համար մեր գիտնականները նշել են Cercis տեսակի ծառատեսակը, որը Հուդայածառն է, ինչի արդյունքում այդ որոշումը կայացվել է ամռանը՝ գիտատեխնիկական խորհրդի կողմից, ինչից հետո իմ կողմից նախաձեռնվել է գնումների գործընթացը տվյալ ծառերը ձեռք բերելու՝ Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող թեղի տեսակի ծառատեսակները հանելու եւ դրանցով փոխարինելու համար»:
Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Ի դեպ, Թումանյան փողոցում ականատես եղանք ժողովրդի խանդավառությանը, թե ինչպես էին ուրախանում այս ծառերի փոխարինման աշխատանքների համար, նույնիսկ սուրճ ու խմորեղեն էին հյուրասիրում մեր աշխատակիցներին: Ասեմ ավելին՝ այդտեղ մենք որոշում կայացրինք փորձարկման համար մեկ-երկու տարով թեղի տեսակի երեք ծառերը պահել, բայց բնակիչների խնդրանքով եւ պահանջով նաեւ դրանք հեռացվեցին:
Այժմ Թումանյան փողոցում մնացել է երկու ծառ, մեկը կամայական ինչ-որ մեկի կողմից տնկված երիտասարդ ծառ էր՝ շագանակենի, եւ մեկ թեղի է պահպանվել, որի համար ժողովուրդը նորից հավաքվել եւ փորձում է դիմել Երեւանի քաղաքապետին, թե ինչու են բոլորի ծառերը փոխարինվել, իսկ իրենցը՝ ոչ: Այնպես որ մեր ծրագիրն ուղղված է Երեւանի կանաչ ֆոնդը փրկելուն, երիտասարդացնելուն, եւ որպեսզի կանաչ տարածքները չզբաղեցնենք ծառանման բուտաֆորիաներով, դրանք հանվում են ու փոխարինվում մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառատեսակներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Մյուս լուսանկարները՝ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից