Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Մարտի 25-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը եւ Մհեր Մելքոնյանը:
Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը միջազգային բազմակողմ հարթակներում եւ տարաբնույթ աջակցությունը հայանպաստ բոլոր նախաձեռնություններին:
Նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային եւ ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:
Կարդացեք նաև
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արգասաբեր ու արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը:
Հանդիպմանը հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, անվտանգային մարտահրավերները:
Հայ եւ ֆրանսիացի պատգամավորները քննարկել են թե՛ երկկողմ, եւ թե՛ բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
ԱԺ