ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ բարձրաձայնելով ճանապարհատրանսպորտային պատահարների հարցը։
«Ճանապարհային այս պատահարների ահագնացող թվերը ոնց որ թե սկսել են դառնալ ազգային անվտանգության հարց։ Նման ելք կարա լինի, եթե գալիս ես ճակատ-ճակատի, չզիջելու արդյունքում, թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործելու արդյունքում։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այս խնդիրը լուծենք։ Բալային համակարգը աշխատում է, բայց մեկ է, խնդիրը չի լուծում։ Մեր ճանապարհները ինչպիսի՞ն պետք է լինեն, որ այս խնդիրները լուծվեն։ Զիջել չգիտենք, քշել չգիտենք, բայց վկայականները ստանում ենք հեշտությամբ։ Երեւի բարդացնենք այդ վկայականները, շատ էժան է եւ շատ հեշտ է ստանալ, գուցե դրա մասին արժե՞ մտածել»,- հարցրեց Քոչարյանը։
Վահե Ղազարյանն ասաց, որ 2024 թվականին մինչ օրս ՃՏՊ-ների ոլորտում դրական միտում է գրանցվել․ «2023 թվականի այս ժամանակահատվածի հետ համեմատած 2024 թվականին ունենք նվազում եւ ՃՏՊ-ների հետ կապված, եւ մահվան ելքերի եւ վիրավորների թվի։ 54 դեպքով ունենք ՃՏՊ-ների նվազում, 6-ով նվազել են մահվան դեպքերը եւ 110-ով՝ վիրավորների թիվը։ Եվ այս թիվը նաեւ բավական լավ է վերջին 10 տարիների հետ համեմատ։ Ի դեպ՝ ասեմ, որ մենք այս տարի հայտարարել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ պայքարի տարի»։
Վահե Ղազարյանը հավելեց․ «Ես համամիտ եմ ձեզ հետ, որ մեր այսօրվա վարորդները չունեն քշելու տակտ։ Այս վերջին դեպքը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ՝ Երեւան-Սեւան մայրուղու վրա, նման դեպք ես չէի տեսել։ Հանդիպակաց գոտուց թռել էր մյուս գոտի։ Ահավոր էր, իհարկե, կապված էր արագության հետ»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ նոր ծրագիր ունեն, որը կառավարությունը հավանության է արժանացրել, նախատեսվում է, որ այս տարի բոլոր մայրուղիներում կտեղադրեն ժամանակակից տեսախցիկներ, կգործարկվի նոր համակարգ։ Ըստ նրա՝ ուսումնասիրել են եվրոպական երկրների փորձը, որը կներդրվի Հայաստանում։ Բացի դա, ըստ ՆԳ նախարարի, Երեւան քաղաքում կթարմացվեն տեսախցիկները, նաեւ քաղաքի մուտքերն ու ելքերը կվերահսկվեն։ «Նաեւ ճանապարհների որակից է կախված, որ սկսել են այս դեպքերը, այսինքն՝ փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս։ Շատ ենք վերլուծել»,- ասաց Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ