ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի 43-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
2024 թվականի հունվարի 2-ին 40-ամյա կինը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը Վանաձորի իրենց տանը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում վանաձորցի նախկին ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տան մահճակալի վրայից վերցնելով կացինը, դրանով մեկ անգամ հարվածել է կնոջ կրծքավանդակին, այնուհետև գլխով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։
Արդյունքում 40-ամյա կնոջը պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավով զուգորդված, մարմնական տարբեր վնասվածքներ, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, իսկ նրա դուստրը օգնության է կանչել հարևաններին։
Կարդացեք նաև
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտարարվել է նախաքննության ավարտ, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե