«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ-Տեր-Աբրահամյանի համոզմամբ՝ Տավուշի գյուղերը շատ կարեւոր են, բայց սա խնդրի մի մասն է, իսկ իրական խնդիրը, ըստ նրա, միայն հայ-ադրբեջանական խնդիրը չէ, շատ ավելի մեծ խնդիր է:
«Ստեղծված իրավիճակին մեր գնահատականը հենց սկզբից եղել է այն, որ իրականում պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է, ոչ թե մենք հիմա ենք զարթնել եւ երկու- երեք գյուղերի խնդիր ենք դրել: Քաղաքական այն ռազմավարությունը, որ այսօր ՀՀ պաշտոնական ռազմավարությունն է, որ իբր գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման, իբր եւս մեկ զիջում ու հեսա պայմանագիրը կստորագրվի, սխալը այդ ռազմավարության հիմքում է: Եթե դու հասկանում ես, որ անկախ քո կամքից՝ պատերազմը շարունակվում է, լրիվ այլ քաղաքականություն ես վարում:
3 տարին լրիվ բավարար էր, որ մեր պաշտպանության ոլորտն այնպես բարելավվեր, որ մենք խնդիր չունենայինք, որ պետության ղեկավարը գնար գյուղացիներին ասեր՝ գիտե՞ք ինչ, պատերազմ է լինելու ու պետությունը ձեզ չի կարողանալու պաշտպանել: Եթե ի սկզբանե գիտակցեիր՝ որն է իրականում իրավիճակը ու ինչ քայլեր է պետք անել, երեք տարին լրիվ բավարար էր: Եթե շարունակենք այս պատրանքային քաղաքականությունը, անընդհատ նույն զիջումներն ենք ունենալու, երեկ Արցախն էր, այսօր Տավուշը, հետո Սյունիքի միջանցքն է գալու, հետո՝ անկլավները»,- այսօր «Մամուլի ազգային ակումբում» ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Անդրադառնալով պետական բարձր մակարդակով հնչող հայտարարություններին, թե այսօր Հայաստանի հանրապետության ինքնիշխանության հարցն է դրված, պարոն Տեր-Աբրահամյանը նկատեց. «Այո՛, իրոք, դրված է, բայց ինքնիշխանությունը ենթադրում է պայքար: Հիշենք, որ մարդիկ էին, որ ասում էին՝ Արցախը Հայաստան է ու վե՛րջ, հիմա ի՞նչ են ասում՝ դե չենք կարող. նույնը ինքնիշխանության հարցն է, եթե ի սկզբանե պայքարի գաղափարը չես դնում, անխուսափելիորեն հասնում ես սրան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ