Երեկ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք նռնակով երեք անձանց ներխուժումից հետո այսօր իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են սկսել Ազգային ժողովրդավարական Բեւեռի մի շարք անդամների տներում. այդ թվում՝ Տիգրան Մանուկյանի (լուսանկարում): Իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են զենք-զինամթերք:
«Խուզարկություն իրականացրին, գնացին: Կարծես թե ամեն ինչ գնաց բնականոն հունով, թեեւ ինձ համար մի քիչ մութ բաներ կային՝ չէին թողնում, որ մենք նկարահանեինք իրենց, մենք երկար չհակառակվեցինք: Իմ ներկայությամբ են տունը խուզարկել, փնտրում էին զենք-զինամթերք. չգտան»,- Aravot.am-ին պատմեց Բեւեռի անդամ Տիգրան Մանուկյանը:
Երեկ Նորքի ոստիկանության շենք նռնակով ներխուժումը համացանցում ի թիվս այլ գնահատականների, գնահատվեց նաեւ որպես «կանխատեսելի կապիկություն», պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ինքը ի՞նչ գնահատական կտա երեկ տեղի ունեցածին, ի պատասխան ասաց. «Ես զերծ կմնամ կողմնակի ավել-պակաս մեկնաբանություններին ուշադրություն դարձնելուց: Դեռեւս չեմ կարող ասել. մանրամասները չգիտեմ: Մենք բոլորս տեսնում ենք՝ երկրում ինչ է կատարվում, տեսնում ենք, որ միակ ակտիվությունը Բեւեռի համակիրներն են ցուցաբերում, այսքանը կասեմ: Համենայնդեպս, կողմնակի բարբաջանքներ դեռեւս «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ են եղել, ես դրանց ուշադրություն չէի դարձնի: Քայլը արվել է, կա արժանապատվություն, ինքնասիրություն, որը մարդկանց դրդում է քայլերի»:
Իսկ ինչ էին ուզում երեկ ոստիկանության շենք ներխուժածները, հասա՞ն իրենց ուզածին, մեր զրուցակցի խոսքով, չպետք է ուզածին հասնելու մասին ուղիղ իմաստով խոսել. «Այստեղ ոչ էլ հասնել-չհասնելն է խնդիրը: Կա ոտնահարված ազգային արժանապատվություն, կլինի նաեւ դիմադրություն: Այլ հարց է, որ այդ դիմադրությունը կլինի ճիշտ, սխալ, ժամանակին, ոչ ժամանակին: Դա այլ հարց է, բայց ես դիտարկում եմ այս տեսանկյունից, որ եթե մարդիկ գնում են այդ քայլին, գնում են ինքնասիրությունից դրդված: Ես այդ մարդկանց ճանաչում եմ, նորմալ մարդիկ են, նվիրված հայորդիներ: Գոյություն ունի ապստամբության միջազգայինն իրավունք, արժանապատվություն եւ այլն»:
Կարդացեք նաև
Պարոն Մանուկյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակում, երբ «թշնամին Երեւանում է», ոչ թե ՀՀ սահմաններից այն կողմ, դրա համար դիմադրությունը պետք է սկսել Երեւանից. «Տեսանք՝ ինչպես երեկ Տավուշի մարզից հետ ուղարկեցին մարդկանց, ոնց որ հասկացրին՝ պետք է հանձնեն Տավուշը: Խնդիրը սահմանում է ասողները, կներեք, տխմարներն են ու դավաճաններն են: Խնդիրը Երեւանում է ու Երեւանում էլ մնալու է, վառ օրինակ երեկ Տավուշից վերադարձած մեր ընկերների, այլ հայրենասերների, որոնք վախկոտի նման վախենում են բարձրաձայնել: Սահման գնացողները թիկունքից դավաճանվում ու սպանվում են՝ ինչպես 44-օրյա պատերազմի տղաները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ