«Միր» քարտերի խնդիրը և հակառուսականության հերթական կեղծ արշավը Հայաստանի դեմ
Region Monitor. Վերջին շրջանում արտասահմանյան ԶԼՄ-ները սկսեցին տարածել տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ կենտրոնական բանկը որոշել է արգելել տեղական բանկերին սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտը՝ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքի պատճառով։
Այնինչ, ՀՀ ԿԲ-ն մարտի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Ավելի ուշ ՀՀ առևտրային բանկերի մեծ մասը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ 2024թ.-ի մարտի 30-ից ի վեր հրաժարվում են համագործակցել ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։ Հայաստանյան բանկերից «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ն է շարունակելու սպասարկել «Միր» քարտերը։
ՀՀ բանկերի նման որոշումից հետո միաժամանակ մի քանի կենտրոններից բազմաշերտ քարոզչական հարձակումներ են իրականացվել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Երևանին իբրև «հակառուսական հերթական քայլերի» մեջ։
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) կոչ է արել երկրներին խուսափել «Միր» քարտերով գործարքների իրականացումից: Իսկ արդեն 2024թ.-ի փետրվարի 23-ին Ազգային վճարային քարտերի համակարգը, որը հանդիսանում է «Միր» վճարային համակարգի օպերատորը, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան «Միր» քարտերն ամբողջությամբ կամ սահմանափակ ձևով ընդունվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։
Մինչդեռ, դեռևս 2022թ.-ի սեպտեմբերից ի վեր Ղազախստանի բանկերի մեծ մասը սկսել է դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը: 2022թ.-ի հոկտեմբերի վերջին Ղրղզստանի գրեթե բոլոր խոշոր բանկերը դադարեցրել են երկրում «Միր» քարտերի սպասարկումը։ Պատժամիջոցների սպառնալիքի պատճառով համակարգի ծառայությունից հրաժարվել են նաև ՀՀ հարևան երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։
Հավելենք, որ ԵԱՏՄ-ից դուրս համակարգը գործում է նաև Վենեսուելայում, Վիետնամում, Կուբայում, այսինքն՝ այն երկրներում, որոնք տարբեր մակարդակի խնդրահարույց հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։
Ստացվում է, նախ ռուսական «Միր» վճարային քարտերի արգելքը ՀՀ բանկերում հենց այդ բանկերի որոշումն է, ոչ թե ՀՀ ԿԲ-ինը, բացի այդ այս պահի դրությամբ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով «Միր» վճարային քարտերը սպասարկելուց հրաժարվում են աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում հարևան Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում։