ԱԱԾ տնօրեն Արման Աբազյանը նույնպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փակ ռեժիմով է պատասխանում պատգամավորների հարցերին։
Կառավարության ծրագրի 2023 թվականի՝ իր ոլորտին վերաբերող աշխատանքի կատարողականը Աբազյանը ներկայացրեց բաց ռեժիմով, որից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նիստի մնացած հատվածը փակ ձեւաչափով կշարունակվի։ Քոչարյանը պատգամավորներին կրկին հորդորեց հեռախոսները դնել արկղի մեջ, որպեսզի քննարկումից որեւէ հատված չփաստագրվի։ «Բոլոր հեռախոսները դրեք բացահայտված արկղի մեջ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Արմեն Աբազյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «2023 թվականի գլոբալ անկայունության հետեւանքով Հայաստանի անվտանգային միջավայրի պարբերաբար ձեւավորման պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակել է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները։ Արդի մարտահրավերներին պատշաճ դիմակայելու նպատակով, տեխնիկական զարգացումներին համընթաց, ազգային անվտանգության մարմիններում շարունակվել են աշխատանքները տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացի կատարելագործման ուղղությամբ։ 2023 թվականի ընթացքում շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահմանապահ ուղեկալներ եւ պարեկատներ։ Սարքավորումներով հագեցվել եւ կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման, տեխնիկական հագեցման եւ կահավորման այլ աշխատանքներ»։
ԱԱԾ տնօրենը նաեւ հավելեց, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական սահմանի Գյումրի, Բավրա, Զվարթնոց եւ Գոգավան կետերում իրականացվել են տեխնիկական վերազինման մի շարք աշխատանքներ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ