Լրահոս
Օրվա լրահոսը

«4 գործ կա դատարանում, բայց իրենք դուռ են փակում, շտապում են արագ ամեն ինչ ավարտել». Արթուր Սահակյան

Մարտ 25,2024 14:12

«Գոյ» թատրոնի աշխատակազմը պնդում է, որ շարունակվում են ճնշումները իրենց թատրոնի աշխատակիցների նկատմամբ, ինչի առնչությամբ «Գոյը» դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Մարտի 24-ին «Գոյ» թատրոնի մուտքը փակ է եղել աշխատակիցների առաջ:

Aravot.am-ի հետ զրույցում «Գոյի» գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արթուր Սահակյանը հայտնեց, որ դիմել են ՄԻՊ-ին եւ ակնկալում են աջակցությունը:

«Իրենց ուզածն այն է, որ անհամություն լինի, բայց դա չի լինելու: Պետռեգիստրից մեզ դուրս բերելու, ջնջելու համար պետք է կատարվի ընդունում-հանձնում, սակայն մեր փաստաթղթերը գտնվում են մեզ մոտ:

Երրորդ ամիսն է՝ թատրոնը աշխատավարձ չի ստանում: Մեզ նամակներ են գրում, որ եկեք՝ ձեր տվյալները տվեք, որ ձեր փողը տանք: Բայց եթե դու մեր իրավահաջորդն ես, եւ ընդունման-հանձնման ակտը կա, քեզ մոտ պետք է լինեն մեր փաստաթղթերը… Հիմա մեզ փորձում են ստորագրել տալ ու փաստի առաջ կանգնեցնել, որ տեսեք՝ ստորագրել եք, Սունդուկյան թատրոնից աշխատավարձ եք ստանում, մեր աշխատողն եք»:

Արթուր Սահակյան

Արթուր Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան գրավոր դիմել են ոստիկանություն, որպեսզի գործին ընթացք տրվի: «Ամբողջ խնդիրն այն է, որ եթե գործը գտնվում է դատարանում, կասեցվում է ցանկացած գործողություն: 4 գործ կա դատարանում, բայց իրենք դուռ են փակում, շտապում են արագ ամեն ինչ ավարտել: Չեն կարողանալու, մենք գնալու ենք մինչեւ Եվրոդատարան»:

Սարգիս Արզումանյան

«Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են ապրիլին ներկայացումներ խաղալ, դրա համար էին եկել թատրոն փորձերի, սակայն դուռը կողպված են գտել: «Հետեւի կողմից մեր դուռը ծակել էին, ու կողպեք էին գցել: Սունդուկյանի ծառայողական մուտքից ցանկացանք մտնել, սակայն պահակակետի անվտանգության աշխատողն ասաց, որ չենք կարող, քանի որ անհրաժեշտ են մեր անձնական տվյալները, որպեսզի անցաթղթեր պատրաստեն ու այսուհետ կարողանան ապահովել մեր ելքն ու մուտքը: Հիմա այդ անձնական տվյալների ու փաստաթղթերի մասով դատարանում գործ կա»,-ասաց Արզումանյանը:

Նա եւս նշեց, որ դիմել են ՄԻՊ գրասենյակին, որտեղ երկու գործ ունեն: Սարգիս Արզումանյանի խոսքով, քանի որ միջադեպը կիրակի օրն է եղել, իրենք զանգել են ՄԻՊ գրասենյակի թեժ գծին, որտեղից արձագանքել են ժամեր անց եւ ասել, որ կիրակի օրով հնարավոր չէ պարզաբանումներ ստանալ: Հավելեց, որ առավոտյան նորից են զանգել ՄԻՊ, որտեղից խոստացել են կապվել իրենց հետ:

Ինչ վերաբերվում է կիրակի օրը ժամանած ոստիկաններին, նրանք լսել են երկու կողմին եւ «Գոյին» ասել, որ պետք է ոստիկանություն դիմում ներկայացնել, ինչը եւ արել են ու սպասում են՝ գործին ընթացք տրվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031