ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
«Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում՝ ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, եւ պարզ չէր, թե ինչ զարգացումներ ու հեռանկար կարող էր լինել։ Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ այդ խնդիրը լիկվիդացվեց։ Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա։ Շնորհավորում եմ մեզ՝ երեկվա արագ բացահայտումների համար։ Ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, եւ ՀՀ-ում որեւէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել։ Թաքնված զենք չի կարող լինել, որովհետեւ հին ասացվածք կա՝ պատից կախված հրացանը մի օր կրակում է։ Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ, եւ մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում։ Հարբած լինի, հարբած չլինի, որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ինքն ինչ-որ պահի իր պատկերացմամբ մասնակցություն է ունեցել ինչ-որ գործողություների։
Մենք պետք է հարգանքով վերաբերվենք Եռաբլուրին եւ բոլոր նրանց, ովքեր այդ խնդիրի լուծման համար կյանք են դրել եւ իրենց ամեն ինչն են տվել։ Եվ այսօր դա դարձնել դրոշակ եւ մտնել ու պահանջներ դնել պետության առաջ, դա չի հանդուրժի որեւէ երկիր։ Եվ ես համոզված եմ, որ ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է մի հատ սթափվեն։ Կան խնդիրներ, որոնց լուծման համար նախատեսված են սահմանադրական կարգին բնորոշ բոլոր գործողությունները՝ իր գործիքակազմով։
Պարոն Աբազյան, շնորհակալություն ձեր երեկվա աշխատանքի համար, Ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմին։ Եվ կարծում եմ՝ հետագա բոլոր աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսեւորումները օր առաջ բնում խեղդելուն», ասաց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ