«49 անձ ձերբակալվել է զենք կրելու կասկածանքով, սակայն վեց ժամ հետո 49 հոգուց ոչ մեկի մոտ նույնիսկ փոքրիկ դանակ կամ եղունգ կտրիչ չի հայտնաբերվել»,-ուղիղ եթերով երեկ տեղի ունեցած ձերբակալություններին անդրադառնալով՝ պարզաբանեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը:
Ըստ նրա. «Այսինքն՝ իրենց կասկածները անհիմն են եղել, նման լուրջ մեղադրանքներ ներկայացնելուց հետո պարզվել է, որ մեզ մոտ ոչ մի անօրինական բան չկա : Դրանից հետո մեզ փորձեցին ռուսական ու իշխանական մամուլով պիտակավորել՝ ասելով, որ Նոր Նորք ոստիկանական բաժանմունք ենք ներխուժել, բայց մենք առհասարակ կապ չունենք այդ մարդկանց հետ»:
Միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ ասաց, որ իրենք չէին կարող կապ ունենալ ոստիկանական բաժանմունք ներխուժողների հետ, որովհետեւ նմանատիպ գործողությունները դեմ են իրենց արժեհամակարգին: Նրա խոսքով. «Երեւանում, Հայաստանում ընդհանրապես, եթե սահմանի կամ թշնամու մասին չէ խոսքը, որեւէ զինված գործողություն լրիվ դեմ է մեր արժեհամակարգին»:
Վերջում նա հավելեց, որ ցանկացած հայ, որը դիմադրողականության գաղափարի կրողն է ու ով հասկանում է, որ ինքնիշխանությունը եւ անկախությունը միայն պայքարով է հնարավոր, «Մարտական եղբայրության» անդամ է, 400 հոգի էլ ձերբակալեն, մեր հասարակության մեջ այդ գաղափարի կրողները վերածվելու են մարտական եղբայրության: Ըստ նրա՝ իրավապահները նման մեթոդներով իրենց դեմ չեն կարող գործել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ