Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարել Փրկչական սիրով, այսինքն` հարգանքով՝ առանց մեր սրտերը վնասելու, առանց հայհոյանքների ու անձնական վիրավորանքների

Մարտ 25,2024 10:53

«Սիրի՛ր թշնամուդ»։ Ընթերցելով այս Տերունական պատգամը՝ բնական հարցեր են առաջանում․ ինչպե՞ս կարելի է սիրել թշնամուն։ Եթե սիրենք թշնամուն, ապա ինչպե՞ս պետք է պայքարենք նրա դեմ։ Կարելի՞ է արդյոք անզիջում պայքարի մեջ մտնել թշնամու հետ՝ նրան սիրելով։

Փորձենք առանց ինքներս մեզ խաբելու, հակիրճ ու պարզ բառերով պատասխանել այս բարդ հարցերին։

Նախ` հիշենք, որ Նոր Կտակարանյան բոլոր քսանյոթ գրքերի բնագրերը հին հունարեն լեզվով են։ Հայոց Սուրբ թարգմանիչները ամենաճշգրիտ ձևով կարողացել են ամբողջական Նոր Կտակարանը թարգմանել ու մեզ փոխանցել հրեշտակների լեզվով, այսինքն` ոսկեղենիկ գրաբարով։ Այնտեղից մեկ բառ անգամ պակասեցնելու, փոխելու կամ ավելացնելու ո՛չ իրավունք ունենք և ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կա։

Հայերենում բազմաթիվ բառեր ունենք հունարենից փոխառված, մասնավորապես կրոնական տերմինաբանության մեջ, սակայն՝ սիրո զգացումը իր բազմաթիվ տեսակներով ու դրսևորումներով, ի տարբերություն հունարենի, հայերենով արտահայտում ենք մեկ և միևնույն բառով․ սեր ենք անվանում։ Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ․

սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.

1․ «Էրոս» (հին հունարեն՝ έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.

2․ «Ֆիլիա» (հին հունարեն՝ φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.

3․ «Ստորգե» (հին հունարեն՝ στοργή) — գորովալից ընտանեկան սեր.

4․ «Ագապե» (հին հունարեն՝ ἀγάπη) — զոհական սեր

Թշնամու հանդեպ ունեցած սիրո մասին ո՛չ այստեղ, ո՛չ էլ հետագայում խոսք ու բառ չկա, գուցե այն ժամանակ դրա անհնարելիության և Սուրբգրային պատգամի դեռևս չլինելու պատճառով։ Հետագայում, երբ Քրիստոս համատարած սիրո քարոզչության տրամաբանությամբ խոսեց նաև թշնամուն սիրելու մասին, հունական բառացանկի մեջ չավելացավ նոր բառ այդ նոր զգացումը արտահայտելու համար։ Կարծում եմ` մենք հայերս ունենք բարոյական իրավունք լրացնելու այդ բացը՝ անվանելով այդպիսի սերը Փրկչական սեր։

Փրկչական սերը, որը պատգամվում է ունենալ թշնամու հանդեպ, ավելի շատ նման է հարգանքի զգացումին, քան մեզ ծանոթ սիրո զգացումներին, ուստի մեղք գործած չեմ լինի, եթե նշեմ, որ «Սիրի՛ր թշնամուդ» պատգամը կարելի է ընկալել որպես «Հարգի՛ր թշնամուդ» պատգամ, ինչը շատ ավելի դյուրամարս է և ընդունելի, քանի որ պատերազմական օրենքներն էլ այդ են թելադրում, ինչպես գերիների հետ հարգալից վերաբերմունքը, զենքերի օգտագործման ու ռազմական գործողությունների սահմանափակումները, հարկ եղած դեպքում հումանիզմի ցուցաբերումը և այլն։

Գենադի Մնացականյան

Ուրեմն մենք ի՞նչ ենք պատասխանում վերը նշած բնական հարցերին։ Պատասխանը նույնպես բնական է ու բացատրելի․ Եթե որևէ օբյեկտի կամ սուբյեկտի անվերապահորեն ընդունում ենք որպես թշնամի՝ բառի բուն իմաստով, կամ թշնամու գիտակցված օգնական ու հանցակից, ապա նրա հետ պարտավոր ենք աննահանջ պայքար մղել։ Պայքարել Փրկչական սիրով, այսինքն` հարգանքով՝ առանց մեր սրտերը վնասելու, առանց հայհոյանքների ու անձնական վիրավորանքների։ Ատելությունն ու բարկությունը սրտի թշնամիներն են, սերն ու հարգանքը՝ սրտի բժիշկները։

Ինչպես տեսանք, քրիստոնեական «սիրի՛ր թշնամուդ» պատգամը շատ ավելի հեշտ բացատրություն ունի, քան այն թե ինչպե՞ս կարելի էր 2021 թվականի ընտրություններում վստահության քվե տալ հաղթանակած ժողովրդին պարտության մատնած իշխանությանը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031