Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հիվանդանում քաղցկեղով․ ի՞նչ ուղղություններով են աշխատում գիտնականները

Մարտ 25,2024 09:30

Օրերս Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կինը՝ Քեյդ Միդլթոնը տեսաուղերձով հայտնել էր, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել․ այն, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են բախվում այդ խնդրին, այլևս նորություն չէ։

Ինչպես գրում է Nature հեղինակավոր ամսագիրը, այսօր այս վիճակագրությունն ամբողջ աշխարհում է արդիական՝ քաղցկեղի 10-ից ավելի տեսակներով հիվանդացությունը մինչև 50 տարեկան անձանց շրջանում աճում է ամենուր։ Եվ թեև տարբեր երկրներում տարբեր տեսակներն են ավելի տարածված, հիմնական տվյալները հաշվի առնելով՝ փորձագետները ենթադրում են, որ քաղցկեղի վաղ դեպքերի թիվը 2019-2030 թթ․ ընթացքում կաճի մոտ 30 տոկոսով։

ԱՄՆ-ում կոլոռեկտալ քաղցկեղը, որը սովորաբար պատահում էր 60-ից բարձր տղամարդկանց շրջանում, դարձել է մինչև 50 տարեկան տղամարդկանց մահացության հիմնական պատճառներից մեկն այդ երկրում։ Երիտասարդ կանայք նույնպես բախվում են այդ խնդրին։

Հետազոտողները ջանքեր չեն խնայում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված հիվանդության երիտասարդացումն ու ցուցանիշների աճը, որը լիովին չի մեկնաբանվում ավելի հավանական գործոններով, ինչպիսիք են ճարպակալման խնդիրն ու քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգները։ Որոշ գիտնականներ պատասխաններ են փնտրում աղիների միկրոբիոմում կամ բուն ուռուցքների գենոմներում, կամ էլ փորձում են հայացք նետել դեպի անցյալը՝ այնտեղ որոնելով հարցերի պատասխանները։ Սակայն փորձագետների կարծիքով խնդիրը պետք է դիտարկել՝ միայն տարատեսակ գործոնները համադրելով։

Որոշ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, քաղցկեղից մահացության ցուցանիշները նվազում են սքրինինգային ծրագրերի ակտիվացման, ծխելու դեմ պայքարի ու բուժման նոր մեթոդների ներդրման շնորհիվ։ Սակայն, ինչպես նշվեց, ամբողջ աշխարհում քաղցկեղից հիվանդացությունն աճում է, այդ թվում՝ մինչև 50 տարեկան անձանց շրջանում։

Մինչև 50 տարեկան մարդկանց շրջանում հայտնաբերված քաղցկեղի շատ տեսակներն առնչվում են մարսողական համակարգին․ ավելի կտրուկ է աճում կոլոռելկտալ քաղցկեղով հիվանդացությունը, ավելանում է նաև կրծքագեղձի ու շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը երիտասարդների շրջանում։

Աղեստամոքսային համակարգին առնչվող քաղցկեղի աճի հավանական գործոններ են նշվում վերամշակված մթերքներով հարուստ սննդակարգն ու ճարպակալման աճի տեմպերը, սակայն վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ գործոնները բավարար չեն ամբողջական պատկերը ներկայացնելու համար։

ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտն ու Cancer Research UK կազմակերպությունը հովանավորել են քաղցկեղի պատճառ հանդիսացող այլ գործոնների վերաբերյալ հետազոտությունները։ Մոտեցումներից մեկը գենետիկ այն ցուցանիշների որոնումն է, որոնք վաղ քաղցկեղի զարգացման գործոն կարող են լինել։

Հարվարդի բժշկական դպրոցի պաթոլոգաանատոմ Սյուդզի Օգինոյի թիմը հայտնաբերել է վաղ քաղցկեղի դեպքում ագրեսիվ ուռուցքների որոշ հնարավոր բնութագրեր, որոնք դեռևս նշանակալի պատասխաններ չեն տալիս քաղցկեղի վաղ և ուշ զարգացումները տարբերակելու համար։

Հետազոտողները նաև ուսումնասիրում են մարդու օրգանիզմում ապրող միկրոօրգանիզմները։ Միկրոբիոմի համակարգի փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ սննդակարգի կամ հակաբիոտիկների օգտագործման հետևանքով, կապվում են բորբոքման ու մի շարք հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգի հետ։ Սակայն կա՞ արդյոք կապ միկրոբիոմի ու վաղ քաղցկեղի միջև, դեռևս հարցական է։

Քաղցկեղի վաղ զարգացման դեպքերի ուսումնասիրության ևս մեկ մոտեցում է երկրների միջև տարբերությունների ուսումնասիրությունը։ Օրինակ՝ Ճապոնիան ու Հարավային Կորեան գտնվում են կողք կողքի ու տնտեսական բաղադրիչներով բավականին նման են միմյանց։ Սակայն Հարավային Կորեայում կոլոռեկտալ քաղցկեղով վաղ հիվանդացությունն ավելի արագ է աճում, քան Ճապոնիայում։

Ի վերջո, հետազոտողները հուշումներ են փնտրում նաև անցյալում՝ հասկանալու վաղ քաղցկեղի զարգացման օրինաչափությունները։ Օրինակ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղը կարող է զարգանալ քաղցկեղածին նյութի, օրինակ՝ ծխախոտի ծխի կամ ասբեստի ազդեցությունից մի քանի տարի անց։ Այդպիսի հետազոտությունների համար կարող է 40-60 տարի և հազարավոր պացիենտների տվյալներ պահանջվել։

Հնդկաստանի Մումբայ քաղաքից վիրաբույժ Ջորջ Բարետոն, որն այժմ աշխատում է Ավստրալիայում, ևս նկատել է քաղցկեղի երիտասարդացման ցավալի միտումը, որը չի շրջանցել նաև իր ծանոթներին։ Վիրաբույժի երիտասարդ ընկերների ու բարեկամներից մի քանիսի մոտ հայտնաբերվել էին քաղցկեղի անհավանական տեսակներ և այդ առիթով վիրաբույժը նշել է․ «Ես գործեցի սխալ, որը մարդիկ երբեք չպետք է գործեն․ ես նրանց խոստացա, որ կպարզեմ՝ բանն ինչումն է»։

Բարետոն մինչ օրս չի ստացել խոստացած պատասխանները։ Ցանկանալով ուսումնասիրել պրենատալ սթրեսների՝ ալկոհոլի, ծխախոտի ծխի կամ թերսնուցման ազդեցությունը վաղ քաղցկեղի զարգացման ռիսկի վրա՝ նա կապ է հաստատել բժիշկների հետ ողջ աշխարհով մեկ, սակայն ոչ մի բիոբանկում իրեն անհրաժեշտ տվյալներն ու նմուշները չեն եղել։ «Մենք երբևէ չենք սպասել, որ այդպիսի բան տեղի կունենա։ Սակայն եթե 20 տարի անց մենք չունենանք տվյալներ, դա կլինի մեր ձախողումը, մեր անփութությունը»,- ասել է Բարետոն։

Քաղվկեղի երիտասարդացման միտումը հաշվի առնելով՝ առողջապահական կազմակերպությունները ուշադրություն են հրավիրում վաղ սքրինինգային ծրագրերի ներդրման անհրաժեշտության վրա։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031