Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն զգում էր հայրենի ժողովրդի եւ նրա մշակութային ժառանգության կենսական շահերի պաշտպան

Մարտ 25,2024 13:00

Այս տարի լրանում է ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գրող, հրապարակախոս, նկարիչ, գերմանահայ նշանավոր գործիչ  ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆԻ (Պիլէզիկեան) ծննդյան 90-ամյա եւ մահվան 30-ամյա տարելիցները։

Բազում են Արա Բերքյանի հայանպաստ նախաձեռնություններն ու իրականացրած աշխատանքները Գերմանիայում, մասնավորապես, գերմանահայ համայնքի ձեւավորման, գերմանա-հայկական հարաբերությունները նորոգելու գործում։  Բերքյանը եղել է Մյունխենի, Ախընի հայ ուսանողական եւ Հեսսենի մշակութային միությունների հիմնադիրներից,  վարչության անդրանիկ նախագահ, Մայնցի հայկական համայնքի նախագահ, «Հայ-գերմանական հանդես»-ի խմբագիր, հարյուրավոր հոդվածներ է հրապարակել այնտեղ: Նրա շնորհիվ լույս է ընծայվել Մայնցի հայկական համայնքի օրգան երկլեզվյա «Բանբերը» ամսաթերթը։ Բերքյանի համառ ջանքերի գնով 1972 թ. վերաբացվել է Գերմանա-հայկական Ընկերությունը, որը 1914 թ. հիմնադրել էր  մեր ժողովրդի լավագույն բարեկամ Յոհաննես Լեփսիուսը, որը, սակայն, լուծարվել էր Երկրորդ  աշխարհամարտից հետո, եղել է Ընկերության գանձապահ, փոխնախագահ։

1988 թ. սահմռկեցուցիչ երկրաշարժից հետո, Արա Բերքյանը համախմբում է ինչպես Գերմանիայում բնակվող հայ երիտասարդներին, այնպես էլ գերմանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ներդրում ունենալու աղետի գոտին վերականգնելու գործում։ Որպես  Հեսսենի եւ Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի գերմանական մասնաճյուղի փոխնախագահ, ջանքեր չէր խնայում երկրաշարժից տուժած Ամբերդի եւ Մակարավանքի վերանորոգման համար։

Կյանքի վերջին տարիներին նա նաեւ անկախացած Հայաստանի շինարության նախարարության խորհրդական էր Գերմանիայում, աշխատում էր, որպեսզի գերմանացի ձեռնարկատերերը ներդրումներ անեին Հայաստանում։

Զրույցս Արա Բերքյանի այրի, լրագրող, հրապարակագիր Լիզա Բերքյան-Աբրահամյանի հետ է, ով ապրելով Հայաստանից հեռու, նույնպես չի մեկուսացել, թե՛ ամուսնու օրոք, թե՛ նրա մահից հետո, օտար ափերում շարունակում է իր հայանպաստ գործունեությունը: Հայաստանի, հայկական մշակույթի, ամուսնու ազգանվեր գործունեության և նրա գրքերի մասին բանախոսություններով, ելույթներով հանդես է եկել  Մայնցի, Բադեն Վյուրտենբերգի, Հանաուի հայ համայնքներում, Հեսսենի հայ մշակութային միությունում (Ֆրանկֆուրտ), Քյոլնի Ս. Կապուտիկյան գերմանահայ կանանց միությունում, Վիսբադենի  քաղաքապետարանում, Վիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցում, Վիսբադենի, Քելքհայմի ավետարանական հինգ եկեղեցիների   համայնքներում),  Հայաստանի Հանրապետության դեսպանատանը (Բեռլին), Վիսբադենի Հայրենի տանը, Վիսբադենի Գրականության տանը։ Թեեւ Լիզա եւ Արա Բերքյանների ընտանեկան երջանկությունը կարճ տեւեց, բայց Լիզա Բերքյան-Աբրահամյանն արդեն երեսուն տարի պեղում է ամուսնու հոգեւոր ժառանգությունը, նրա անձնական արխիվը եւ լույս սփռում օտար ափերում Հայաստանով ու հայությամբ շնչող, ազգամեծար էության տեր, հայագետ մտավորականի  կյանքի ու գործունեության վրա։

Լիզա Բերքյան-Աբրահամյանը հեղինակել է «ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ» (2014), «ՎԵՐՀՈՒՇԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ» (2018) գրքերը, գերմաներենից հայերեն է թարգմանել եւ հրատարակել ԷՆՆԵՈ ՄԵՅԵՐԻ ԵՎ ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ՝ «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ. 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքը (2016)։

– Այս տարի լրանում է ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆԻ ծննդյան 90-ամյա եւ մահվան 30-ամյա տարելիցները։ Ինձ հայտնի է, որ գերմանահայ նշանավոր գործչի ծննդյան 80-ին հրատարակեցիր «ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ»  գիրքը։ Ինչո՞վ ես նշանավորում այս տարի մեծանուն հայագետի ծննդյան 90-ամյակը:

-Այո, 2014 թ. լույս տեսավ իմ «ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ. կենսագրություն, հոդվածներ, նամակներ, մատենագիտություն» ժողովածուն, որը պատմում էր ամուսնուս  կյանքի ու գործունեության մասին, թե հեռավոր ափերում ինչ հուսաբեկություններ եւ հույսերի արթնացումներ է ունեցել, ինչպիսի մշտնջենական պայքարում է ապրել հայրենապաշտ մարդն ու գիտնականը, հայագետն ու գործիչը իր ներդրումը բերելու հարազատ ժողովրդի ճակատագրին։ Շուրջ հիսուն անձանց հետ նամակագրությունից ծաղկաքաղ (158 նամակ) արդեն զետեղել էի այդ գրքում։ Վերջերս աշխատում եմ ամուսնուս հոգեւոր կապերի նոր գրքի վրա, որը գրեթե պատրաստ է, սպասում եմ, որ տնտեսական  ճգնաժամի մեր օրերում որեւէ բարերար հանձն առնի գրքի տպագրության գործը։ Այդ աշխատանքի ընթացքում նախատեսված պլանը շարունակ փոփոխվեց։ Ներկա գրքում առանձնացրել եմ երեք անձանց հետ բարեկամությունը՝ դոկտոր, պրոֆեսորներ Անտոն Հիլքման, Ֆրիդրիխ Հայեր եւ Վարազդատ Հարությունյան։ Սկզբում  որոշել էի անդրադառնալ միայն ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆ-ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ հոգեւոր կապին, որն առնչվում էր հայկական ճարտարապետությանը, բայց ինչպես վերը նշեցի, աշխատանքի ընթացքում պլանը փոփոխվեց։ Ի դեպ, այս տարի լրանում է նաեւ Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ճարտարապետության պատմության եւ բազում արժեքավոր գրքերի հեղինակ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  ծննդյան 115-ամյակը, օրհնանք եւ խոնարհում։ Անվանի գիտնականը ապրեց եւ արարեց մինչեւ 99 տարեկան։

– «Արա Յ. Բերքյան» գրքից ինձ հայտնի է, որ նա մեծ կապեր է ունեցել։ Պատմեք այդ մասին։

–  Ընդգրկուն է եղել Արա Բերքյանի անձնական եւ գիտական կապերի աշխարհագրությունը՝ Հայաստան, Իրան, Բեյրութ, Եվրոպական եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, ԱՄՆ:  Իր բարեկամների ու մտերիմների թվում են եղել  Ամենայն Հայոց Վազգեն Ա, Կիլիկիո Խորեն Ա եւ Գարեգին Բ Սարգիսեան  (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս) կաթողիկոսները, հանրաճանաչ  հայ եւ օտար քաղաքական, մշակութային, հոգեւոր գործիչներ, հայագետներ, որոնց հետ Բերքյանի բարեկամական կապերը կամ նամակագրությունն առնչվում են ամենայն հայկականին: Արա Բերքյանի գրքերից, հոդվածներից բացի, նրա արխիվում պահպանվող հազարավոր էջեր նյութերն ու նամակները, որոնցում կարմիր թելի նման արծարծվում են Հայաստանին, օտար ափերում հայապահպանությանը, Հայոց ցեղասպանությանը, հայկական մշակույթին ու արվեստին առնչվող հարցեր. շարունակում են նոր տեսանկյունից ներկայացնել Արա Բերքյան ազգանվեր գործչին ու գիտնականին։ Այդ նյութերը, որոնք նաեւ ժամանակաշրջանի պատկերն են արտացոլում, որոշակի պատկերացում են տալիս նաեւ նրա միջավայրի, հասարակական կյանքի մի շարք հայ եւ օտար նշանավոր դեմքերի մասին, առանձնապես այն  անհատների, որոնք կիսում էին հայ ժողովրդի ցավը։

Վերջին ժամանակներս թվայնացրել եմ նաեւ նրա անձնական արխիվի առանձին թղթապանակներ՝ շուրջ հինգ հազար էջից  ավելի, որոնց հղումները պահպանվում են համակարգչում եւ կրիչների վրա։

Թեեւ Բերքյանը ապրեց 59 տարի, մահից երեք ամիս հետո է լրացել 60-ամյակը, բայց նա ժրաջան մեղվի նման է արարել, այսինքն՝ այնքան հարուստ է նրա հոգեւոր ժառանգությունը կամ «մեղվանոց-փեթակ-արխիվը», որից դեռ կարելի է շատ մեղրաքամ անել…

–  Հարգարժան Լիզա, ընթերցողին անշուշտ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ լեզվով են անձնական արխիային նամակներն ու նյութերը:

– Նրա անձնական արխիվի նյութերը, նամակները  բազմալեզու են՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, որոնց նա տիրապետում էր։

Բաժանորդագրվում էր «Նյույորք-Թայմս», «Լոնդոնի-Թայմս», ֆրանսիական, գերմանական, հայկական թերթեր, ամսագրեր։ Գիրքը, թերթը,  ամսագիրը Բերքյանը չէր կարդում սոսկ ընթերցող, եւ եթե այդ նյութերը այսուայնկերպ առնչվեին Հայաստանին ու հայկական մշակույթին, հայ ժողովրդի իրավունքներին, ուրեմն անմիջապես արձագանքում էր։ Իրեն զգում էր հայրենի ժողովրդի եւ նրա մշակութային ժառանգության կենսական շահերի պաշտպան։ Ոչ միայն բազմալեզու են նյութերը, այլեւ նամակների մեծ մասը ձեռագիր են, նույնիսկ՝ սեւագիր, գրված, ջնջված։ Նա չի զատորոշել, թե իր նամակը ում է հասցեագրվում՝ կաթողիկոսի, հայ եւ օտար գիտնականների, թե՝ Եղեգնաձորից տասնվեցամյա մի պարմանի։ Հուզումով էի ծանոթանում այդ նամակներին դեռեւս «ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ» գրքի նամակները ընտրելիս, դրանք նրա ըմբռնումներն են, կարծիքները,  հայության, հայկական մշակույթի, գերմանա-հայկական հարաբերությունների մասին։ Հայությանն առնչվող որեւէ հարց նրա տեսադաշտից չի վրիպել։ Նոր գրքի համար գերմաներենից  թարգմանել եմ մեկ տասնյակից ավելի նամակներ։ Բացի վերը նշվածներից, վերջին տասը տարվա ընթացքում, այսինքն՝ «Արա Յ. Բերքյան» գրքի տպագրությունից հետո, Բերքյանի եւ նրա գրքերի մասին յոթ տասնակից ավելի հրապարակումներ եղան մամուլում, որոնցով արդիականացրել եմ Արա Բերքյանի կենսամատենագիտությունը (նախկին ցանկի 657-ի փոխարեն, նորն ընդգրկում է 729-ը), որը նույնպես զետեղել եմ նոր հրատարակվող գրքում։

– Ինձ հայտնի է, որ քո մեծ մտահոգությունը Արա Բերքյանի հայկական բերդ-ամրոցներին նվիրված անտիպ գիրքն է։ Մի քանի խոսքով կներկայացնե՞ս այն։

–  «Միջնադարյան Հայաստանի ամրաշինական արվեստը» դոկտորական թեզը  Բերքյանը պաշտպանել էր 1976 թ. Դարմշտադտի տեխնիկական համալսարանում՝ ներկայացնելով 31 բերդերի եւ  ամրացված յոթ վանքերի մասին:  Նրան հայտնի էր, որ դոկտորական մենագրությունը վաճառվում է  «սեւ շուկայում», ահա թե ինչու որոշել էր այն վերանայել, համալրել նոր բերդերով եւ վերահրատարակել ավելի ընդարձակ տարբերակը, հրատարակել նաեւ անգլերեն: Երկար տարիների տքնաջան աշխատանք կատարելով՝ գիտական այդ մենագրության  38 բերդերի եւ վանքերի փոխարեն նորում ընդգրկել է 64 բերդեր եւ վանքեր: Նոր բաժին է նվիրել Կիլիկիայի ամրաշինությանը: Այդ ամենը միայն բերդերի նկարագրություն չէ, նա քննում է որպես շինարար ճարտարապետ եւ ինժեներ, լուսաբանում է բերդերի տեղընտրության սկզբունքները, անդրադառնում դրանց հորինվածքին, ամրաշինական տեխնիկային ու ամրոցների հետ առնչվող այլ հարցերի: Երեսուն տարի ես ջանքեր եմ թափում այդ հսկայածավալ գերմաներեն գիրքը տպագրելու համար, որը մինչեւ օրս անտիպ է։ Այդ մասին ավելի մանրամասն կպատմեմ հաջորդ անգամ։ Մասնագիտությամբ ճարտարապետ չեմ, դյուրին չէ։ Պարզապես մտածում եմ, Բերքյանի կյանքը ավելի հարմարավետ կլիներ, եթե նա զբաղվեր միայն իր մասնագիտությամբ, եւ մանավանդ կհասցներ հրատարակել հայկական բերդերի մասին իր արժեքավոր գիրքը։ Բայց նա չէր կարող ուրիշ կերպ ապրել, աշխարհ էր եկել մեր ժողովրդին ծառայելու առաքելությամբ, որի համար օժտված էր տաղանդով՝ ճարտարապետ, ինժեներ, գրող, հրապարակախոս, նկարիչ եւ այլն։ Ես անձնական փորձից գիտեմ, որ օտար ափերում հայությամբ զբաղվելը թե՛ բարոյական, թե՛ նյութական զոհողություններ են պահանջում։  Իսկ Բերքյանը համեստ էր, սիրով էր անում այդ ամենը, երբեք չէր շեշտում իր անձը, ծնծղաներ չէր հնչեցնում իր արած հսկայածավալ աշխատանքի համար։ Փառքի մարմաջով չէր լցված, փառքի հետեւից չվազեց, եւ մեդալների ու շքանշանների արժանանալու համար չի արել, իր կենդանության օրոք հայոց կողմից մեդալների չի արժանացել։ Նրա ստացած միակ հուշամեդալը եղել է հետմահու։

– «Արա Յ. Բերքյան» գրքից ինձ հայտնի է նաեւ, որ Արցախյան ազատամարտի տարիներին նա բազմաթիվ հրապարակումներով, ելույթներով հանդես է եկել գերմանական մամուլում, հեռուստատեսությամբ՝ ճշմարտացի մեկնաբանելով իրադարձությունները։ Հասցրե՞ց այցելել Արցախ։

– Այո, 1993 թ. Մայնցի համայնքի օգնությունը միասին հասցրեցինք Արցախ։ Նա այն տարիներին Մայնցի հայկական համայնքի նախագահն էր։ Առաջին անգամ էր լինում Արցախում, որի պատմության, ճարտարապետական հուշարձանների մասին հրաշալի գիտեր,  ինչպես դու նշեցիր՝ Արցախի մասին բազմաթիվ հրապարակումներով, ելույթներով հանդես է եկել գերմանական մամուլում, նաեւ իր անտիպ՝ «Հայաստանի բերդեր եւ ամրացված վանքեր» գրքում ընդգրկել է նաեւ Գանձասար եւ Ամարաս վանքերը:

Հենց Արցախում որոշեց. «…Թերեւս երկու, երեք տարի հետո վերջնականապես կգամ Արցախ, եթե արցախցիներն ինձ ընդունեն՝ կդառնամ շուշեցի, կնախանձեմ Շուշիում ապրողներին։ Այս խաչքարերի գոյությունն եմ ցանկանում արցախցիներին, որոնք իրենց արդարացի պայքարն են մղում, իսկ արդարությունը միշտ էլ հաղթում է, կգա այդ օրը…»։ Ավա՜ղ։  Ազնիվ ու միամիտ Արա Բերքյանը չգիտեր որ  ճշմարտությունն ու արդարությունը գնովի եւ վաճառովի են։ Ճանաչելով նրա անձը, կարող եմ երեւակայել, թե ինչպիսի մորմոք ու նվաստացում կապրեր  վերջին տարիների հազարավոր զոհերի, մեր վիրավոր հողի, կորցրած տարածքների, հայաթափված Արցախի, աշխարհի անտարբերության համար։  Աշխարհի համար Հայաստանի լինելը՝ չլինելու նման է… նավթաոսկի  չունենք…

– Ի՞նչ նախասիրություններ ուներ Բերքյանը։

– Նա ուներ այլեւայլ նախասիրություններ, օժտված էր արվեստագետի, նկարչի նուրբ դիտողականությամբ։ Այդ շնորհը ժառանգել էր նկարչուհի մորից։ Մեծ սեր ուներ ֆլամանդացի գեղանկարիչ Պ.Պ. Ռուբենսի հանդեպ։ Արվեստի կոպիներ ունի նրանից։ Այսօր էլ Վիսբադենի մեր բնակարանի պատերը զարդարում են նրա կտավները (աբստրակտ, լանդշաֆտ, նատյուրմորտ), ակվարելները եւ գծանկարները։ Բերքյանի  մեծ երազն էր, թոշակի անցնելուց հետո, ամբողջությամբ տրվել նկարչությանը։ Ավա՜ղ, այդ փափագն էլ չիրականացավ։ Հիանալի սուսերամարտիկ էր, դահուկորդ, հրաձիգ՝ Ռայնլանդֆալս նահանգի հրաձգության ակումբի անդամ էր, բազմիցս մասնակցել էր հրաձգության  համագերմանական մրցումներին՝ գրավելով 2-րդ, 3-րդ հորիզոնականներ, իսկ Բեյրութում ուսանած տարիներին փոքր տրամաչափի ատրճանակի համալսարանական մրցումների ոսկե մեդալակիր էր։

– Լիզա, դու անվերջ աշխատում ես, կասես ի՞նչ ծրագրեր ունես:

– Ծրագրերը շատ են։ Շարունակ նոր գաղափարներ են ծնվում մեջս։ Տարեսկզբին վերստին ձեռնամուխ էի եղել մեր տոհմին ու տոհմածառին։ Իմ «Վերհուշի մասունքներ» գրքում համառոտ պատմում եմ այդ մասին, որտեղ զետեղել էի դեռ անցած դարի վերջում իմ կազմած տոհմածառերը։

Որոշել եմ նոր անուններով համալրել ե՛ւ ճյուղերը, ե՛ւ գլխավոր Տոհմածառը, գրել մեր տոհմի նշանավոր եւ կոլորիտով անձանց մասինեւ

Այդ ամենն անավարտ եմ թողել, հասկանալի պատճառով, վերստին զբաղված եմ ամուսնուս նոր գրքով։

Զրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031