Լրահոս
Օրվա լրահոսը

«Լարային քառյակը պետականաշինության կառուցվածք է, որտեղ յուրաքանչյուր անդամ հավատարիմ մնալով իր անհատականությանը, համատեղ աշխատում է ընդհանուր գաղափարի եւ վերջնական արդյունքի համար». Միշել Պետրոսյան

Մարտ 25,2024 12:30

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Ավետիս» լարային քառյակի անդրանիկ համերգը։ Քառյակի կազմում են մեր լավագույն երաժիշտներից միջազգային մրցույթների դափնեկիր, բազում հեղինակավոր նվագախմբերի անվանի մենակատարների ու դիրիժորների հետ հանդես եկած Անուշ Նիկողոսյանը (առաջին ջութակ), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ՝ կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարմեն Թոսունյանը (երկրորդ ջութակ), ալտահարների կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը եւ թավջութակահար Միքայել Նավասարդյանը։ Հնչեցին Բեթհովենի, Բորոդինի եւ ֆրանսաբնակ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից։

Հարցազրույցի հրավիրեցինք ֆրանսաբնակ մեր հայրենակցին։ Սա մեր երկրորդ հանդիպումն է տաղանդավոր կոմպոզիտորի հետ։ Առաջին զրույցը նրա հետ վարել ենք 2014-ին, երբ կոմպոզիտորը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ մեր հանդիսատեսին ներկայացնում էր իր «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը, ինչն, իր խոսքերով՝ բնորոշում է սեփական վերաբերմունքը Հին Արեւելքի մշակույթների նկատմամբ։ Հիշեցնենք նաեւ, որ արվեստագետը հետաքրքրված է բանասիրությամբ ու հին լեզուներով եւ սովորել է ուգարիտերեն, հին եբրայերեն, արամերեն, հին հունարեն, աքքադերեն եւ գրաբար հայերեն։ Նորաստեղծ քառյակի կատարմամբ հնչեց Պետրոսյանի «Եվնոքի գաղտնիքների գիրքը» ստեղծագործությունը։ Այս մասին՝ մի փոքր ուշ։

Կոմպոզիտորի հետ զրույցը սկսեցինք՝ խոսելով կամերային երաժշտության, մասնավորապես՝ լարային քառյակների դերի ու նշանակության մասին։ Մեր զրուցակիցը նախ նշեց, թե դժվար է գերագնահատել լարային քառյակի դերը եվրոպական երաժշտության պատմության մեջ, հիշեցնելով, որ այդ ժանրը 1750-ականներին ստեղծել ու զարգացրել է Հայդնը, նույնիսկ Մոցարտը երիտասարդ տարիքում  6 քառյակ է նվիրել Հայդնին. «Մինչ այդ Մոցարտի ձեռագրերում ուղղումներ չկան, այսինքն՝ նա այդ քառյակները գրել է կարծես թելադրություն։ Բայց երբ սկսել է աշխատել դրանց վրա, տեսնում ենք ջնջումներ, ուղղումներ, այսինքն՝ նա մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այդ գործին։ Այնուհետեւ Բեթհովենն այս ժանրը հասցնում է գագաթնակետին, որից հետո արդեն բոլոր կոմպոզիտորները փորձում են հաղթահարել այդ գագաթը։ Որոշներին դա հաջողվել է, օրինակ՝ Բարտոկին։ Զարմանալին այն է, որ լարային քառյակը շատ կայուն կառուցվածք ունի, մինչ այսօր շատ կոմպոզիտորներ իրենց համարում են դեռեւս չկայացած՝ մինչեւ լարային քառյակ չգրեն։ Նշեմ, որ հայկական դպրոցը դրան մեծ նշանակություն է տվել. Էդվարդ Միրզոյանը, Տիգրան Մանսուրյանը հրաշալի լարային քառյակներ ունեն։ Ասել եմ, չեմ հոգնի կրկնելուց՝ պնդում եմ, որ լարային քառյակը պետականաշինության կառուցվածք է, թե ինչպես յուրաքանչյուր անդամ հավատարիմ մնալով իր անհատականությանը, համատեղ աշխատում է ընդհանուր գաղափարի եւ վերջնական արդյունքի համար»։ Հետո կոմպոզիտորը սահուն անցում կատարեց՝ ներկայացնելով «Ավետիս» լարային քառյակի մեկնաբանմամբ «Եվնոքի գաղտնիքների գիրքը» ստեղծագործությունը. «Այս գործը գրել եմ Լոս Անջելեսում գործող Dilijan Chamber Music Series ծրագրի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Մովսես Պողոսյանի պատվերով, որն առաջին անգամ կատարվեց նրանց կողմից 2019թ., Լոս Անջելեսում։ Ստեղծագործությունը հրատարակվել է իմ բեռլինյան հրատարակչի՝ Edition Gravis հրատարակչության կողմից եւ մի քանի անգամ հնչել տարբեր երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում եւ այլն։ Ի դեպ, Հայաստանում այն նվագել են նաեւ Ensenble Assonance-ի երաժիշտները։ Երաժշտությունը հիմնված է մի գրքի վրա, որը կարդում է միայն եթովպական եկեղեցին։ Դա հենց ստեղծագործությանս վերնագիրն է՝ «Եվնոքի գաղտնիքների գիրքը»։ Այն նկարագրում է Եվնոք պատրիարքի ճանապարհորդությունը դեպի երկինք, ով հրեշտակների միջնորդությամբ անցնում է 7 երկինքներով»։ Ռեպլիկին, թե ոգեշնչման աղբյուրն այդ գիրքն է, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Իմ երաժշտությունը ոգեշնչված է թե այս գրքով, թե Եթովպիայի մշակույթով եւ փորձում եմ մոդեռնիզմի շեմը անցնել ոչ թե նորից ու նորից ընդարձակելով հնչողության հնարավորությունները, այլ հայացք ուղղելով շատ վաղ անցյալ։ Երեւի  հենց դրանում է կայանում իմ հայկականությունը, որ այս հին քաղաքակրթությունների շունչը դեռ արդիական է, ինչպես եւ լարային քառյակը։ Պետք է խոստովանեմ, որ դա ազդել է իմ երեւակայության վրա, որպեսզի գույներ, յուրահատուկ լեզու գտնեմ, որ կարողանամ Եվնոքի այս երկնային ճանապարհորդությունը փոխանցել երաժշտության միջոցով։ Ասեմ, որ եթովպական եւ հայկական մշակույթներում ընդհանուր շատ նմանություններ կան։ Ի վերջո, Եթովպիան աշխարհում երկրորդ երկիրն է, որ հայերիցս հետո ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»։

Միշել Պետրոսյանին խնդրեցինք «Ավետիս»-ի անդրանիկ համերգի, հանդիսատեսի եւ ընդհանրապես կայացած երեկոյի մասին տպավորություններով կիսվել մեզ հետ։ «Ես համարում եմ, որ հասարակության բարձր քաղաքակրթական ցուցանիշ է օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ լարային քառյակի առկայությունը։ Կոչ եմ անում թե պետական, թե մասնավոր կառույցներին՝ աջակցել այս նոր նախաձեռնությանը։ Ներկա գտնվելով քառյակի առաջին համերգին, արձանագրեցի երաժիշտների բարձր կատարողական մակարդակ։ Բարձրաձայնեմ, որ ամենաբարձր չափանիշներին համապատասխանող քառյակ է «Ավետիս»-ը։ Ես, իհարկե, սպասում էի դրան։ Երաժիշտներին ճանաչում եմ, գիտեմ նրանց հնարավորությունները։ Այո, նրանք բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, բայց քառյակով հնարավոր էր ոչինչ չստացվեր։ Ուրախ եմ ու ողջունում եմ այս քառյակի ծնունդը»,- ասաց արվեստագետը։ Հավելեց նաեւ, թե ուրախ էր՝ տեսնելով լեփ- լեցուն ու գնահատող դահլիճ. «Ներկա էին շատ պատկառելի մարդիկ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տուրսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հայաստանյան երաժշտարվեստի դեմքեր…»։

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031