Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չպահպանված եկեղեցիներ. Հորս գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին

Մարտ 25,2024 12:00

Չպահպանված եկեղեցիներ. Հորս գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին

Հորսը Վայոց ձորի հին բնակավայրերից է։ Գյուղը՝ որպես Հորք առաջին անգամ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի պատմությունում, որը 10-րդ դարում Տաթեւի վանքին տվել է 12 միավոր հարկ: Հավանաբար այդ ժամանակներից էլ գյուղում եղել է եկեղեցի։ Ղեւոնդ Ալիշանը գրել է, որ գյուղի ավերակները վկայում են հնում նրա մեծ բնակավայր լինելու մասին։ Հետաքրքիր է, որ 1895 թ. գյուղի «բնակիչները գետինը փորելու միջոցին գտել են 3000 հատ հին արծաթեայ դրամներ»:

Սբ Աստվածածին կործանված եկեղեցու ավերակները գտնվում են գյուղի կենտրոնում, երկու ճանապարհների հատման անկյունում: Պահպանվել է եկեղեցու միայն խորանի հս անկյունը եւ բազմաթիվ եկեղեցական սրբատաշ քարեր, որոնք սփռված են տարածքում: Այստեղ 1285 թ. ոմն Տիրիկ (կամ Տիր) ընդօրինակել է ձեռագիր «Ժողովածու», որը պարունակում էր նաեւ Վարդանի «Մեկնութիւն Դանիել մարգարէի» երկը, բարեպաշտ պարոն Լիպարիտի իշխանության եւ Տեր Սարգսի առաջնորդության ժամանակ: Ձեռագրի ստացողը Մաթեւոս վրդ. Տաթեւացին էր, իսկ Տիրը հիշվում է նաեւ տեղի խաչքարերում, որոնցից մեկը կանգնեցրել է իր հոգու փրկության համար:

19-րդ դարի վերջում եկեղեցին համառոտ նկարագրել է Քաջբերունին. «Հնութիւնների կարգումն է մի աւերակ կրաշաղախ փոքրիկ եկեղեցի, որի սեղանը կամարակապ է եւ սրբատաշ քարից, իսկ միւս պատերը հասարակ քարից: Եկեղեցու մէջ լիք է մարդկային աղոտութիւններով»: Նույն դարի վերջում եկեղեցին նշել է Ղեւոնդ Ալիշանը. «Յորս է եկեղեցի մի փոքր՝ սրբատաշ վիմօք ունելով զխորանն, իսկ զայլ մասունս՝ հասարակ կրաշաղախ քարամբք»: Հետագայում, Երվանդ Լալայանը գրել է. «Գիւղում կայ մի փոքրիկ, սրբատաշ եկեղեցու աւերակ, տապանաքարեր, խաչարձաններ»:

Հնությունների պահպանության կոմիտեում եկեղեցու հաշվառման քարտը լրացվել է 1934 թ.. «Եկեղեցին շինված է սրբատաշ քարով, շուրջը տարածվում է տապանաքարեր եւ խաչքարեր, որոնք արձանագրված են: Ավերակ է: Մնացել է արեւելյան պատի մի մասը»: Իսկ 1949 թ. եկեղեցուն անդրադարձել է Հովսեփ Եղիազարյանը. «Գյուղաեզրին պահպանվել է մի փոքր եկեղեցու աբսիդի մասը: Եկեղեցին եղել է ուղիղ քառանկյունի հատակագծով, թաղակապ ծածկով, շարված կիսատաշ որձաքարերով»:

Եկեղեցու շուրջը ավերակ գերեզմանոցն է, որտեղ խաչքարերն ու տապանաքարերը տեղահան են եւ կոտրված: Կան արձանագիր խաչքարեր:

Հորսում հետաքրքիր շինություն է «Մելիքական» տունը, որն ըստ ավանդության, 14-րդ դարում կառուցել է Չեսար իշխանը (Սելիմի քարավանատան կառուցողը):

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
23.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031