Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը չի թաքցնում, որ ինչ զիջումների էլ մենք գնանք, իրենք արդեն որոշում ունեն, որ պատերազմը լինելու է, սպասում են նպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումներին»

Մարտ 25,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

– Պարոն Այվազյան, ինչպես հայտնի է, ինշխանությունը պատրաստակամություն է հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իբր այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն, նաեւ սպառնաց, որ չհանձնելու դեպքում պատերազմ կլինի։ Եթե այդ գյուղերը հանձնվեն, պատերազմը կկանխվի՞, կա՞ երաշխիք, որ Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի։

– Ադրբեջանի նախագահը, երբ վերջերս խարույկ վառեց ժամանակավոր գրավված Ստեփանակերտում, նորից հնչեցրեց լուտանքներ Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին եւ անգամ ՀՀ գոյությունը կասկածի տակ դրեց՝ ասելով, որ մենք չպետք է մոռանանք, որ եթե նրանք ցանկանան, ապա Երեւան էլ կարող են մտնել։ Այնպես որ, զիջումներով ոչ մի պատերազմ չես կարողանալու կանխել, անգամ հետաձգել։ Մենք այսպիսով ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքները մոտեցնում ենք մեր երկրի այս կենսական նշանակության օբյեկտներին ու ենթակառուցվածքներին։ Եթե խոսում ենք այդ հատվածի մասին, այնտեղ Հայաստան-Վրաստան մայրուղին է, գազամուղը, եթե խոսում ենք Տիգրանաշենի մասին, պարզ է, որ դա հարավային ուղղությամբ գնացող ճանապարհն է, որը մեզ կապում է մեր հարավի՝ Վայոց ձորի ու Սյունիքի, Իրանի հետ։ Պետք է հասկանալ, որ այդ հարցերում ցանկացած զիջում կբերի նրան, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը կդառնա ադրբեջանա-թուրքական ալյանսի անկլավ ընդամենը, որը կտրված կլինի արտաքին աշխարհից։

Այսօր խոսում են Տավուշի մարզի սահմանային գյուղերի մասին, բայց հենց չնչին զիջում լինի, ապա նրանք անմիջապես նույն խոսույթով կներկայացնեն նոր պահանջներ։ Հետո ասելու են՝ եթե «անկլավային» գյուղերը չտանք, Ադրբեջանը կպատերազմի, եթե Մեղրիով միջանցք չտրամադրենք, ապա Ադրբեջանը կպատերազմի, եթե մեր զինանշանից Արարատի նկարը չհանենք, Ադրբեջանը կպատերազմի, եթե մեր Սահմանադրությունը չփոխենք, հղումը Անկախության հռչակագրին չհանենք, Ադրբեջանը կպատերազմի։ Հետո նաեւ կարող են ասել, որ պետք է ապամոնտաժվի Ցեղասպանության հուշարձանը, որովհետեւ դա Ադրբեջանին ու Թուրքիային կարող է մղել ոչ բարեկամական գործողությունների, կասենք՝ Սողոմոն Թեհլերյանի, Գարեգին Նժդեհի արձանները պետք է ապամոնտաժենք, մոռանանք Զորավար Անդրանիկի սխրագործությունների մասին, եւ այլն։

Այսպիսի զիջումները ճանապարհ են, որոնք տանում են դեպի մեր ազգային ինքնագիտակցության էության փոփոխությանը։ Բայց դա բնավ մեզ չի փրկի մոտալուտ պատերազմի վտանգից։ Ադրբեջանն իր կողմից բացահայտ ասում է, որ զիջումների պարագայում ոչ մի երաշխիք չկա, որ չի հարձակվի։ Իշխանություններն ասում են, որ Ադրբեջանն այդ 31 գյուղերի կենսական նշանակության տարածքներից չի պատրաստվում իր զորքերը հետ քաշել։ Խոսքը Ադրբեջանի կողմից գրավված մոտավորապես 200 քկմ տարածքի մասին է, բացի դրանից, նաեւ ունենք 137-200 քկմ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Սյունիքի ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք ասել՝ եթե ճշգրտում ենք սահմանը, ինչո՞ւ պետք է հատվածական ճշգրտենք։ Եթե ճշգրտում ենք ոչ անկլավային գյուղերի տարածքները, ապա ի՞նչ քարտեզների հիման վրա ենք ճշգրտում։

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ համաձայնեցված քարտեզներ չկան եւ որպես իրավական հիմք՝ հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին։

– Եթե մենք ինչ-որ քարտեզով պետք է այդ գյուղերից դուրս գանք այդ սահմանային գյուղերի կենսական նշանակության տարածքներից, ապա նույն քարտեզներով զուգահեռաբար պետք է դուրս գա նաեւ Ադրբեջանը մեր տարածքներից։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, Ալմա-Աթայի հռչակագրին, չպետք է մոլորության մեջ ընկնենք։ Չպետք է մեր երկրի տարածքը չափել հանրագիտարանից վերցված թվերով, որոնցում տարբեր թվեր են գրված, մի հանրագիտարանում էլ կարող է Ադրբեջանը մեզ դեմ տա Բաթումի պայմանագրով նախատեսված 10 հազար քկմ-ն, դրանո՞վ պետք է առաջնորդվենք։ Ուրեմն, մենք պետք է հասկանանք, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդամենը ֆիքսում է Խորհրդային միության գոյության դադարեցումը եւ ԱՊՀ-ի ստեղծման փաստը։ Այն ժամանակ դեռ գոյություն չունեին հստակ ու լեգտիմ սահմաններ, դրանք վարչական սահմաններ են, ոչ թե պետական։

Նաեւ պետք է շեշտենք, որ երբ Ալմա-Աթայի հռչակագիրն էր ընդունվում, Ադրբեջանի Հանրապետությունը դեռ չէր անցկացրել անկախության հանրաքվե, իսկ Արցախն արդեն անցել էր այդ ամբողջ օրինական փուլերով։ Այնպես որ, Ալմա-Աթայի հռչակագրի դրույթները՝ տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ, հավասարաչափ տարածվում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների վրա։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ դրույթները նույնկերպ տարածվում են նաեւ Արցախի վրա։ Այնպես որ, մենք պետք է դրա մասին հիշենք, եւ այնպես չէ, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սրբազան փաստաթուղթ է, որով կարելի է առաջնորդվել ու մեր ազգին դեմ տալ խորհրդային Հայաստանի վարչական սահմանները։ Պետք է հիշենք, որ խորհրդային Հայաստանի վարչական սահմանները նույնպես ապօրինի են գծվել, այդ սահմանները ՀՀ վրա քեմալա-բոլշեւիկյան հարձակման ու տարածքների՝ իրար մեջ բաժանման հետեւանք են։  Եթե մենք խորհրդային Հայաստանի սահմաններն ընդունում ենք որպես հիմք մեր պետական սահմանների, ապա առաջին պետությունն ենք աշխարհում, որը լեգիտիմացնում է Կարսի ու Մոսկվայի ապօրինի պայմանագրերը, որոնք կնքված էին միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների միջեւ, այսինքն՝ քեմալական Թուրքիայի ու բոլշեւիկյան Ռուսաստանի։ Դրանով մենք վեջնականապես հրաժարվում ենք եւ Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ պահանջներից, եւ պետական մակարդակով փորձում ենք անտեսել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Դա մենք ենք անում, եւ դրանից բխեցնում խաղաղության ինչ-որ պայմանագրի կնքումը, ինչը նույնպես մեծ սխալ է։ Եթե մենք պատերազմ չենք հայտարարել, կնքելով այդպիսի փաստաթուղթ, որտեղ նշված կլինի՝ «խաղաղության պայմանագիր», ապա դա ռեպարցիայի եւ Ադրբեջանի կողմից մեր երկրի հանդեպ զանազան պահանջատիրական դիրքերից հանդես գալու հնարավորություն է տալիս։ Չէ՞ որ Ադրբեջանն ամբողջ Հայաստանը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Վերջերս Բաքվի մանկավարժական համալսարանում, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» ուսումնասիրությունների բաժին էր բացվել, որտեղ պատին փակցված է հենց ՀՀ քարտեզը՝ աղավաղված տեղանուններով։ Մենք պետք է հասկանանք, որ սա մեծ վտանգ է, Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ հարցում հետ գնալ։ Եվ ինչքան էլ փորձես կառուցողական դիրքորոշում ցուցաբերել ադրբեջանական ֆաշիստական ռեժիմի ագրեսիվ քաղաքականության հանդեպ, այդքան կգրգռես նրանց ախորժակը։ Եվ ոչ մի դեպքում չենք հետաձգում մոտալուտ պատերազմը։ Պատերազմը, միեւնույն է, լինելու է։

Մենք պետք է մտածենք դիմակայելու, վերապրելու մասին, չխորշենք ցանկացած մեթոդներից, որպեսզի փորձենք առավելագույնս վնաս պատճառել թշնամուն, չխորշենք հարվածել թշնամու նավթա-գազային ենթակառուցվածքներին։ Այս անգամ անպայման պետք է խոցել, որովհետեւ դա լինելու-չլինելու մասին պատերազմ կլինի։ Իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ ինչ զիջումների էլ մենք գնանք, իրենք իրենց համար արդեն որոշում են ընդունել, որ պատերազմը լինելու է, որովհետեւ իրենք դեռ չեն տիրացել իրենց բաղձալի «թուրանական միջանցքին»։ Եվ միմիայն մեկ բանի են սպասի՝ իրենց համար ավելի նպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումներին։ Դա է նրանց հետ պահում լայնածավալ հարձակումներից։

Իսկ խոշոր հաշվով դրանք բոլորը մեր հողերն են, Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ բոլոր չորս կողմերից իր պատմական տարածքներին է սահմանակից։ Բայց եթե կոնկրետ Տավուշի 4 գյուղերի հարցում փոխադարձաբար պահանջներ չներկայացնենք, ապա նոր զիջումներ են առաջ քաշելու։ Ալիեւն ասում է՝ չմոռանաք, որ Երեւանը գտնվում է մեր զորքերից ընդամենը 40 կմ հեռավորության վրա։ Դա այնքան թափանցիկ ակնարկ է, որ հնարավոր չէ չհասկանալ։ Զիջումներին կհետեւեն ադրբեջանական պահանջներն անկլավների վերաբերյալ, իսկույն եւ անմիջապես, դրան կհետեւեն «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջները։ Վարդենիսից ու Մեղրիից պետական մարմինները տեղափոխում են հարեւան բնակավայրեր՝ պատճառաբանելով օպտիմալացման գործընթացով, բայց, տեսնելով, թե ինչ արագությամբ են ընթանում իրադարձությունները՝ կապված Տավուշի մարզի հետ, ապա այդ տեղափոխությունը իրավացիորեն առողջ մտահոգություն հայտնելու համար որոշակի հիմքեր է տալիս։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031